ՀՀ Վճռաբեկ դատարանին հակադարձում է Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի՝ Հայաստանում «Դատավարությունների դիտարկում» զեկույցի առնչությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի առարկություններում քննադատություն կա նաեւ ՀՀ Փաստաբանների պալատի հասցեին: ԱԳՆ-ին փոխանցված այս փաստաթղթում մասնավորապես նշված է. «Բանն այն է, որ դատական նիստերի դահլիճն ինքնագլուխ լքած փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատավորների բազմաթիվ դիմումների հիման վրա ոչ մի փաստաբան կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել: Ավելին, փաստաբաններ Ա. Զաքարյանի, Ա. Գրիգորյանի եւ Դ. Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու հարցով 12.11.2008թ. եզրակացությամբ ՀՀ Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը դիրքորոշում է հայտնել, որ ծանրակշիռ պատճառների առկայության դեպքում պաշտպանը կարող է առանց նախագահողի թույլտվության լքել դատական նիստերի դահլիճը: Ընդ որում, եզրակացությունից բխում է, որ դատական նիստերի դահլիճը լքելու պատճառները «ծանրակշիռ» գնահատելու որոշումը թողնված է պաշտպանի հայեցողությանը: ՀՀ Փաստաբանների պալատի այս մոտեցումը ոչ միայն չի համապատասխանում արդարադատության իրականացման միջազգային եւ եվրոպական չափորոշիչներին, այլեւ կարող է կաթվածահար անել քրեական գործերով արդարադատություն իրականացնող դատարանների գործունեությունը»:
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ծանոթ չէր այս փաստաթղթին, եւ մեզնից տեղեկանալով վերոհիշյալ քննադատության մասին՝ նրա առաջին արձագանքը հետեւյալն էր. «Կարող եմ ասել, որ Վճռաբեկ դատարանը լավ չի տիրապետում նյութին ու ճիշտ չի ներկայացնում իրականությունը: Եվ ինչ-որ չափով փորձում է արդարացնել դատավորների այն սխալները, որոնք թույլ են տրվել այդ նույն փաստաբանների նկատմամբ, որոնց անունները հրապարակեցիք՝ Ա. Զաքարյանի, Ա. Գրիգորյանի եւ Դ. Գրիգորյանի: Այստեղ ավելի ճիշտ կլիներ խոսել դատավոր Եվա Դարբինյանի կոպիտ սխալների, օրենքի նկատմամբ արհամարհանքի մասին, ինչը փաստաբաններին դրդել է կատարել այդ քայլերը, որոնք մենք չենք խրախուսում, բայց մենք նման իրավիճակներում փաստաբանին երբեք պատասխանատվության չենք ենթարկի: Սխալ ենք, ճիշտ ենք՝ չենք ենթարկի: Թող առաջին հերթին այն անձինք, ովքեր գնահատական են տալիս Փաստաբանների պալատի գործունեությանը՝ սկզբից մտածեն իրենց գործողությունների մասին: Եթե դրա կարիքը լինի՝ ես մեկիկ-մեկիկ ցույց կտամ իրենց կոպիտ սխալները, լկտիությունները, անառակությունը, անբարոյականությունը»: