Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՉՆՉԻՆ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԻ ԼՈՒԾԵԼՈՒ

Ապրիլ 06,2010 00:00

\"\"Ներկա գնաճի պայմանները նկատի ունենալով՝ ասում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը:

– Ի հակադրություն ՀՅԴ գնահատականների, թե կառավարության հակաճգնաժամային ծրագիրը ձախողվել է՝ կառավարության վերջին նիստում վարչապետը հայտարարեց. «2009 թ. մեր իրականացրած հակաճգնաժամային միջոցառումներն արդեն իսկ ցույց են տալիս իրենց դրական ազդեցությունը տնտեսության վրա։ Առաջին 2 ամիսների համախառն ներքին արդյունքի պաշտոնական ցուցանիշը 2.5 անգամ գերազանցում է ծրագրայինը»: Ներկայացված այս եւ մյուս տվյալները որքանո՞վ են համոզիչ:
– Նախ պետք է ճշտենք, թե որն է կառավարության հակաճգնաժամային ծրագիրը: Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթն էր ԱԺ-ում՝ 2010 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս: Այսինքն՝ կառավարությունը, որպես այդպիսին, առանձին հակաճգնաժամային ծրագիր երբեւիցե չի ունեցել:
Կառավարությունը նաեւ հաստատել է հակաճգնաժամային միջոցառումների ցանկ, որոնք բխում են վարչապետի ելույթից: Սակայն եթե ուսումնասիրեք այն՝ կտեսնեք, որ միջոցառումների մեծ մասն ընդհանրապես չի իրականացվել, եւ ավելին՝ ընդհանրապես կապ չունեն հակաճգնաժամային քաղաքականության հետ: Ասենք՝ նշել են նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը: Բայց սրանք նախապես ծրագրված քայլեր էին, եւ ճգնաժամն ինչ-որ տեղ նույնիսկ խանգարում է դրանց իրականացմանը: Նույն կերպ ծրագրում նշել են Համահայկական բանկի կամ «Զվարթնոց» օդանավակայանում եւ Գյումրիում ազատ տնտեսական գոտիների ստեղծումը: Իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնություններին աջակցելը» որքանո՞վ է հակաճգնաժամային միջոցառում: Նշել են՝ «Էժան հիփոթեքային համակարգի ձեւավորում», բայց գնացեք ու հարցրեք՝ ոչ մի տեղ հիփոթեքային վարկերը դրամով չեն տալիս, իսկ տոկոսադրույքներն էլ վերջին շրջանում բարձրացել են: Իսկ ծրագրում նշված ո՞ր դեմոգրաֆիական ծրագիրն են իրականացրել ու հաջողությամբ է պսակվել:
Այս հարցերը նաեւ ուղղել ենք ֆինանսների նախարարին՝ ԱԺ-ում քննարկելիս, թե այդ ո՞ր միջոցառումներն են, որ իրականացնում եք ճգնաժամի պատճառով եւ չէիք իրականացնի, եթե չլիներ ճգնաժամը: Պատասխանն էր, թե բոլոր ծրագրերն իսկապես նախօրոք նախատեսված են եղել, պարզապես կառավարությունը հիմա դրանք իրականացնում է ավելի ինտենսիվորեն: Հետեւաբար՝ միանշանակ կարելի է եզրակացնել, որ կառավարության կողմից որպես այդպիսին՝ նոր հակաճգնաժամային միջոցառում նախատեսված չի եղել:
Ինչ վերաբերում է իրականացված հակաճգնաժամային քաղաքականությանը, ապա դրա էությունը հետեւյալն է՝ կառավարությունն արտաքին աղբյուրներից ներգրավել է մեծածավալ վարկեր, որոնցով ծածկել է թե բյուջետային, թե տարադրամի դեֆիցիտը: Եվ եթե միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների վարկերով բյուջետային դեֆիցիտի ծածկումը կարելի է համարել հակաճգնաժամային քաղաքականություն՝ ապա, համեցեք:
– Վարչապետը նաեւ համոզմունք հայտնեց, թե 110 հազար ընտանիքի սոցիալական նպաստի 15%-ով ավելացումն էապես կչեզոքացնի գների բարձրացման բացասական հետեւանքները. «Եթե սրան ավելացնենք նաեւ թոշակների 11% աճը, որը տեղի կունենա նոյեմբերից, ապա մենք կկարողանանք փոխհատուցել սպասվող գնաճի բացասական ազդեցությունը»: Համաձա՞յն եք այս պնդումներին:
– Սա այն դեպքն է, երբ մեր քաղաքացիները կարիք չունեն լսել թե վարչապետի, թե ընդդիմադիր գործչի հաստատումները, քանի որ քաղաքացին ինքն այս ամենը զգում է սեփական մաշկի վրա: Քաղաքացու համար, որը ստանում է 10 հազար դրամից մի փոքր ավելի նպաստ՝ դրա 15%-ով ավելացումը որքանո՞վ է ազդելու նրա կենսամակարդակի վրա. սրա պատասխանը լավագույնս գիտեն հենց այդ քաղաքացիները: Եվ եթե կառավարությունն այսօր այդ քայլերը պարզապես օգտագործում է քարոզչական նպատակներով՝ փորձելով հասարակությանը համոզել, թե ինքն ավելի լավ է ապրում, ապա սա այն դեպքը չէ, երբ կարելի է խաբել հասարակությանը: Եվ բնական է, որ կառավարության քայլերը որեւէ կերպ չեն ունենա համապատասխան արդյունք: Այլ հարց է, որ կառավարությունը պետք է ի վերջո որեւէ կերպ արձագանքեր այս գնաճին եւ գտել է արձագանքման այս եղանակը: Հիմա խնդիրն այն է, թե որքանո՞վ դա արդյունավետ կլինի: Գազի գնի ավելացումը պարզապես մեկ ապրանքատեսակի թանկացում չէ: Մենք ապրում ենք պերմանենտ թանկացումների երկրում, որտեղ ամեն ինչ, ամեն օր եւ տարիներ շարունակ թանկանում է եւ թանկանալու է: Սա մեր տնտեսական քաղաքականության ու տնտեսության կառուցվածքի թերություններից ու առանձնահատկություններից է: Եվ որքան էլ 2-3 հազար դրամով ավելացնենք ամենաանապահով խավերի նպաստները կամ թոշակները, միեւնույն է՝ դա չի լուծելու խնդիրը, քանի որ քաղաքացու խնդիրը ոչ միայն գազի դիմաց վճարելն է, այլ նաեւ այլ ապրանքներ գնելը: Եվ այդ առումով նա արդեն այսօր ունի խնդիր: Իսկ ասելը, թե նոյեմբերից թոշակների բարձրացումը կթեթեւացնի վիճակը՝ կարծում եմ, պարզապես չի դիմանում որեւէ քննադատության:
– Բայց Տիգրան Սարգսյանը հիմնավորեց, թե ինչու նոյեմբերի 1-ից, «որովհետեւ գաղտնիք չէ, որ գազի ծախսման սեզոնն, ըստ մեր վիճակագրական տվյալների, սկսվում է նոյեմբերից»:
– Իսկ քաղաքացին գազ չի՞ սպառում այս ամիսների ընթացքում: Կամ՝ քաղաքացին այս ամիսների ընթացքում չի՞ կրելու գազի գնի թանկացման հետեւանքով այլ ապրանքների թանկացման բեռը: Միանշանակ կրելու է: Եվ այսօր ինքը խանութ մտնելով՝ հասկանում է, որ արդեն վճարելու է ավելի շատ: Այսինքն՝ գնում է աղքատացման գործընթաց: Եվ այս գնաճի պայմաններում այդ չնչին բարձրացումը որեւէ խնդիր չի լուծելու:
– Տնտեսական աճի ապահովման եւ գնաճի զսպման համար վարչապետը չափազանց կարեւորել էր հետեւյալ գործոնը՝ տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների սպասումները. «Մենք տնտեսական աճի վերաբերյալ մի կողմից պետք է ստեղծենք դրական, լավատեսական սպասումներ, որովհետեւ դա խթանում է ներդրումները»: Գուցե նոր եւ հին հանրապետականների՝ ի դեմս Ներսես Երիցյանի եւ Գագիկ Մինասյանի հայտարարությունները՝ ճգնաժամի փուլն արդեն հաղթահարված լինելու մասին, հենց նման դրական սպասումներ առաջացնելու նպատա՞կ ունեին:
– Միանշանակ համաձայն եմ վարչապետի մոտեցմանը. տնտեսության եւ ընդհանրապես՝ հասարակության մեջ միշտ պետք է լինեն դրական սպասումներ, բոլորը պետք է սեփական երկրի նկատմամբ լցված լինեն հավատով: Քաղաքացին իր երկրի նկատմամբ միշտ պետք է սպասումներ ունենա, որ կլավանա իր կենսամակարդակը, կբարձրանա երկրի պաշտպանունակությունը եւ այլն: Սակայն որպեսզի այդ դրական սպասումները լինեն՝ պետք է հետեւեն որոշակի գործողություններ: Եվ նրանք, ովքեր փորձում են դրական սպասումներ առաջացնել նման հայտարարություններով, թե մենք արդեն հաղթահարել ենք ճգնաժամը՝ պարզապես անլրջացնում են այս ճգնաժամային իրավիճակը: Իրականում եթե ուզում են դրական սպասումներ առաջացնել, ապա խնդիրներին որոշակի լուծումներ պիտի տան՝ քաղաքացիներին թույլ տան աշխատել տնտեսական մրցակցության պայմաններում, արտոնյալ պայմաններ ստեղծեն Հայաստանում ներդրումներ անելու եւ տեղական արտադրությունը խթանելու համար, պաշտպանեն հայ գործարարին ու աշխատավորին: Նման որոշակի քայլերից քաղաքացիները կզգան, թե այդ օրվանից ինքը կարող է անել այն, ինչ չէր կարող, քանի որ գոյություն ունեն մենաշնորհներ, կարող է արտադրել՝ ունենալով կառավարության աջակցությունը, աշխատել՝ վստահ լինելով, թե կստանա արժանապատիվ աշխատավարձ: Եթե իրոք նման քայլեր լինեն՝ քաղաքացիները կունենան դրական սպասումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել