Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Պոլուխովը մեկնաբանել է գերմանական «Spiegel»-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում կարեւորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է:
«Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, այդ թվում՝ հայերին եւ ադրբեջանցիներին ինքնորոշման իրավունք շնորհելուց՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Պոլուխովը:
Անդրադառնալով այն հարցին, թե նմանօրինակ հայտարարություններից հետո արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանը խզում է ավելի վաղ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ պաշտոնական Բաքուն սպասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին, որպեսզի նրանցից տեղեկանա Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մասին: «Միայն դրանից հետո կարելի է արտահայտել մեր տեսակետը այդ հարցի առնչությամբ»,- եզրափակել է Էլհան Պոլուխովը: