Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն եւ միայն առանց նախապայմանների

Ապրիլ 06,2010 00:00

Ապրիլի 12-ին Վաշինգտոնում կկայանա՞ Սերժ Սարգսյան-Էրդողան հանդիպում, կխոսվի՞ Լեռնային Ղարաբաղի մասին, որքանո՞վ է այդ այցը կարեւոր, ի՞նչ կտա վաշինգտոնյան այցը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին. սրանք այսօր այն հարցերն են, որոնք հավասար քննարկվում են գազի գնի, նպաստների, գների, կենսաթոշակի բարձրացման եւ ընդդիմության այսօրվա հանրահավաքի հետ միասին:
Դեռ անցած շաբաթվա վերջին հայտնի էր, որ Վաշինգտոն կմեկնի եւ ՀՀ նախագահը, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իր հետ տանելով նաեւ ետ կանչված իրենց դեսպանին: Սակայն թե ինչ հարցերի մասին են խոսելու, գլոբալ միջուկային թեմաներից բացի, այս մասին վերլուծաբանները եւ փորձագետներն առայժմ միայն ենթադրությունների մակարդակով են կարծիքներ հայտնում:
Եթե իշխանության ներկայացուցիչները այս օրերին շարունակ եւ համառորեն պնդում են, որ ամերիկյան այցի ընթացքում կխոսվի միայն եւ միայն հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի եւ միջուկային անվտանգության հարցերի մասին եւ ոչ մի դեպքում չի խոսվի Լեռնային Ղարաբաղի մասին, ապա ընդդիմության ներկայացուցիչները ոչ պակաս համառությամբ վերլուծություններ են կատարում այն մասին, որ, անշուշտ, կխոսվի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ եւ կխոսվի ամենեւին էլ ոչ հայանպաստ դիրքերից:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում հարկ համարեց մեկ անգամ եւս անդրադառնալ այս խնդիրներին եւ հայտարարել, որ ապրիլի 12-ին ՀՀ նախագահի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին խոսելիս որոշ գործիչներ, չգիտես ինչու, սիրում են հղումներ անել թուրքական լրատվամիջոցներին եւ անտեսել այն, ինչ ասվում է հայկական պաշտոնական աղբյուրների եւ քաղաքական գործիչների կողմից:
Ըստ պարոն Շարմազանովի, թուրքական աղբյուրները հիմնականում ասում են բաներ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն. «Նորից եմ կրկնում, որ ամերիկյան այցը նախ կարեւոր է նրանով, որ վկայում է հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր որակի մասին, վկայում է, որ Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում բավականին բարձրացել է, որ գլոբալ-միջուկային հարցերն այսօր աշխարհում խիստ կարեւոր եւ ուշագրավ են, եւ դրանց քննարկմանը Հայաստանին հրավիրելը եւս մեկ անգամ վկայում է, որ մեր երկրի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը դրականորեն է ընկալվում գերտերությունների կողմից: Եվ այդ ամենը կատարվում է ՀՀ նախագահի կողմից իրականացվող հետեւողական եւ հավասարակշռված քաղաքականության արդյունքում: Մենք կողմ ենք տեւական խաղաղության եւ միայն ու միայն առանց նախապայմանների հարաբերությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել