FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը երեկ հանդիպել է մարտիմեկյան զոհերի, նաեւ նախկին ու ներկա քաղբանտարկյալների հարազատների հետ:
Երեկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենի համար, ըստ ամենայնի, շատ հագեցած ու լարված օր է եղել: Նա իր նախաձեռնությամբ հանդիպել է ե՛ւ մարտիմեկյան զոհերի, ե՛ւ նախկին ու ներկա քաղբանտարկյալների հարազատների հետ: Մինչ մարտիմեկյան զոհերի հարազատները հանդիպում էին տիկին Բելասենի հետ, զոհերի հարազատներին աջակցող ակտիվիստները, որոնք 10 զոհերի մեծադիր լուսանկարները բռնած՝ երթով հասել էին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» գրասենյակ (հանդիպումներն այստեղ են տեղի ունեցել), շենքի դիմաց ակցիա էին կազմակերպել՝ որպես մարտիմեկյան սպանությունների բացահայտված չլինելու դեմ բողոքի նշան: Իսկ զոհերի հարազատները, ինչպես տեղեկանում ենք «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքից, պատմել են մարտյան դեպքերի մանրամասները՝ փաստելով, որ իրենց որդիները բախման հետեւանքով չեն զոհվել, այլ խաղաղ ցույցի էին դուրս եկել ու կրակոցներից են զոհվել իրենց մայրաքաղաքի կենտրոնում՝ խաղաղ պայմաններում։ Զոհվածներից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, նշեց, որ թեպետ արյունալի դեպքերից անցել է երկու տարի, սակայն սպանությունները դեռ բացահայտված չեն. «Դատախազությունը, իրավապահ մարմինները ոչնչով չեն զբաղվում, ընդհակառակը՝ անընդհատ ուզում են փակել «Մարտի 1»-ի էջը։ Իմ որդին ո՛չ զենք է ունեցել, ո՛չ լոմ, ո՛չ բենզին։ Մի՞թե խաղաղ ցուցարարին սպանում են»։
Զոհերից մեկի՝ Սամվել Հարությունյանի հայրն էլ պատմեց, որ իր որդին հայտնաբերվել է մարտիմեկյան դեպքերից 3 օր անց՝ հիվանդանոցում, անճանաչելի վիճակում, իսկ 41 օր անց նա մահացել է. «Քրիստոնեական կրոնի համաձայն, այսօր մեռելոց է, եւ մենք պիտի գերեզման գնայինք, բայց եկել ենք այստեղ՝ հավատով, որ դուք այս հարցին ճիշտ լուծում կտաք»: Իսկ զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ տիկին Ռուզանը, արցունքոտ աչքերով դիմել է Սուեր Բելասենին. «Ախր, իմ երեխան 18 տարեկան էր, ոստիկանական զորքերի զինծառայող։ 40 օր անգիտակից պառկած էր, 19-ամյակը հենց հիվանդանոցում լրացավ։ Եթե իմ որդին զոհվեր սահմանի վրա կամ ռազմի դաշտում, կմտածեի, որ հայրենիքի համար տվեցի։ Ես նրան հայրենիքի պաշտպան էի ուղարկել։ Ո՞վ սպանեց իմ զինվորին: Որդուս սպանել են քաղաքի կենտրոնում՝ Լեոյի փողոցի վրա, որտեղ ցուցարարներ չեն եղել: Ինչպե՞ս պատահեց, որ իմ որդին զոհվեց: Ո՞վ է կրակել 18-ամյա զինվորի վրա»:
FIDH-ի նախագահը այդ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ինքը զոհերի հարազատների վիշտը թեեւ մեղմել չի կարող, բայց կարող է օգնել նրանց՝ արդարադատությամբ եւ ճշմարտությամբ: «Հավատացեք, որ մենք չենք եկել այստեղ ինչ-որ մարդկանց ձեռք սեղմելու համար: Մենք եկել ենք բարձրաձայնելու այս կարեւոր հարցերի մասին եւ պահանջելու, որ արդարադատություն իրականացվի։ Ես պաշտոնապես խոստանում եմ, որ ինձ հասանելի բոլոր բարձր ատյաններում կբարձրացնեմ ձեզ հուզող հարցերը: Ողջ աշխարհը մեզանից կիմանա, թե ինչ է տեղի ունեցել ձեր զավակների հետ: Կցանկանայի պաշտոնապես ասել, որ 2008-ի մարտից ի վեր այդ թեման երբեք մեր ուշադրությունից դուրս չի մնացել եւ դուրս չի մնա»,- շեշտեց FIDH-ի նախագահը:
«Հուսով եմ, որ հասկանում եք նաեւ, որ եթե եկել ենք այստեղ, ապա դա նրա համար չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքը սեղմենք, այլ՝ որ օգնենք իրավապաշտպաններին ու այն մարդկանց, ովքեր դարձել են անարդարության զոհ: Մենք երբեք չենք կարող որեւէ մեկի ազատության մասին մտածել՝ նստելով նեղ շրջապատում։ Եթե բարձրաստիճան ներկայացուցիչներին հրավիրում ենք ֆորում, ապա նրա համար, որ հնարավորություն ունենանք ուղղակիորեն նրանց դիմելու: Այս ամենն արվում է ձեր ամուսինների, կոլեգաների ու տղաների ազատության համար, ու իզուր չէ, որ մեզ հետ եկել են նաեւ միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազն ու այլ շատ իրավապաշտպաններ»,- երեկ նախկին ու ներկա քաղբանտարկյալների հարազատների հետ հանդիպման ժամանակ էլ հայտարարել է FIDH-ի նախագահը: Տիկին Բելասենն ու նաեւ կազմակերպության ներկայացուցիչ Անտուան Բեռնարը փորձել են փարատել քաղբանտարկյալների հարազատների կասկածները, թե FIDH-ը Հայաստան է եկել գործող ռեժիմին լեգիտիմացնելու համար:
Ի դեպ, ի տարբերություն «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ հանդիպման՝ FIDH-ի եւ քաղբանտարկյալների հարազատների հանդիպումն անցել է լարված մթնոլորտում: Քաղբանտարկյալների հարազատները Սուեր Բելասենից պահանջել են համաժողովից հետո ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ հայտարարություն անել հե՛նց մեր երկրում եւ ոչ թե հեռանալուց հետո: «Մինչեւ Երեւան գալը՝ մենք հայտարարել ենք, որ պետք է անհապաղ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, եւ մեր հայտարարությունը ուժի մեջ է»,- իր հերթին հավաստիացրել է տիկին Բելասենը՝ հավելելով, որ մարտիմեկյան դեպքերի եւ դրանց հետեւանքների գնահատականը FIDH-ը տվել է դեպքերից անմիջապես հետո եւ չի խուսափել «քաղբանտարկյալ» բառից: Ի դեպ, քաղբանտարկյալների հարազատները FIDH-ի ներկայացուցիչներին հրավիրեցին այսօր նախատեսված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին, նաեւ FIDH-ի ներկայացուցիչներին առաջարկեցին շրջել մարզային ավտոկայաններում եւ տեսնել, թե իշխանություններն ինչպես են փակում Երեւան բերող ավտոճանապարհները: