Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, գարնան առաջին օրերից սկսած, կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ, որոնք կշարունակվեն մինչ կանանց միամսյակի ավարտը: Այդ մասին ասաց բուհի արհեստակցական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանը: Նա պատմեց, որ միջոցառումների գեղարվեստական մասն ապահովում են գեղարվեստի եւ մշակույթի ֆակուլտետների ուսանողները: Վերջերս էլ արհմիության եւ գրադարանի ներուժի շնորհիվ կազմակերպվել էր միջոցառում, որտեղ բանասիրական ֆակուլտետը մեծ մասնակցություն է ունեցել: Միջոցառումը կրում էր «Շնորհավոր տոնդ, հայուհի» խորագիրը: Կազմվել էին հրավիրատոմսեր՝ բուհի աշխատակցուհիների նկարներով: Մասնակցում էին եւ ուսանողները, եւ դասախոսները: Բանասիրական ֆակուլտետի ուսանողները ասմունքեցին՝ գարնանը, մորը նվիրված բանաստեղծություններ, իսկ մշակույթի ֆակուլտետի ուսանողները ապահովեցին միջոցառման երաժշտական մասը: «Շուտով դարձյալ կլինի միջոցառում, որին կհաջորդի ցուցահանդես՝ գարնանը եւ կանանց նվիրված: Ամանորին միշտ մանկատներ ենք այցելում, եւ մանուկներին նվերներ մատուցում, իսկ գարնանային տոներին կայցելենք ծերանոցներ՝ շնորհավորելու մեր մայրիկներին եւ տատիկներին: Մեզ հետ երգ եւ պար ենք տանում ծերանոցներ: Բուհում տեղի կունենա քննարկում՝ նվիրված գարնանային տոների պատմությանը»,- ասում է Հ. Սարգսյանը:
Արդեն մի քանի տարի է՝ արհեստակցական կազմակերպության եւ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կնքվում են ԵՊՄՀ չմկրտված ուսանողները: Ավանդույթը կշարունակվի նաեւ այս տարի: