Բրազիլահայ միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, ով օրերս Բրազիլիայի Ուվա քաղաքում 205 շախմատիստների մասնակցությամբ անցկացված բաց առաջնությունում 7,5 միավորով բաժանել էր 3-5-րդ տեղերը, հաղթանակով է սկսել մրցելույթը Իսպանիայի Լա Ռոդա քաղաքում մեկնարկած օփենում:
Իսկ ահա գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Սան-Սեբաստիան քաղաքում ընթացող մեկ այլ բաց մրցաշարում չորս հնարավորից վաստակել է 3,0 միավոր: Նա մեկ միավոր է զիջում առաջատարին՝ կուբացի միջազգային վարպետ Արամիս Պեդրազա Ալվարեսին:
Երեկ «e3e5» կայքէջից տեղեկացանք, որ Մխիթարյանը արդեն խաղացված չորս տուրերում ունի հարյուր տոկոսանոց արդյունք, իսկ Կարեն Մովսիսյանը վեց հնարավորից կորցրել է ընդամենը մեկ միավոր՝ բաժանելով 2-7-րդ հորիզոնականները: