Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆիլմ՝ Սվազլյանների մասին

Ապրիլ 03,2010 00:00

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Սվազլյան գերդաստանի հավատամքը» ֆիլմի ցուցադրությունը: Այն նվիրված է XX-րդ դարի ընթացքում Սվազլյան գերդաստանի իրարհաջորդ երեք սերունդների ազգանպաստ եւ հայրենանպաստ  գործունեությանը՝ ընդգրկելով հայ ժողովրդի համար բախտորոշ մի ժամանակաշրջան:
Ֆիլմում հիշատակվում է նախ՝ արեւմտահայ հայտնի ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, իրավաբան, դիվանագետ, հրապարակախոս, գրող Միհրան Սվազլյանի (Սվազլը) գործունեությունը (1863, Զմյուռնիա – 1935, Բոստոն), որպես Մեծ Բրիտանիայում, ապա՝ ԱՄՆ-ում հայ առաջին լոբբիստական կազմակերպությունների հիմնադիր-նախագահ: Այնուհետեւ անդրադարձ է կատարվում եգիպտահայ անվանի գրող, թատերագիր, հրապարակախոս, ծաղրանկարիչ, ազգային-հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի (1904 թ., Կեսարիա – 1948 թ., Երեւան) Սփյուռքում ծավալած եռանդուն գործունեությանը, որպես Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) Ալեքսանդրիայի մասնաճյուղի եւ «Սեւան» միության հիմնադիր-նախագահ, Եգիպտահայ ազգային խորհրդի անդամ, ինչպես նաեւ՝ «Ներգաղթը» թատերգության հեղինակ, որը մեծապես նպաստել է զանգվածային հայրենադարձության կազմակերպմանը՝ գաղափարապես եւ նյութապես սատարելով վերաշինվող հայրենիքին:
Եվ, ի վերջո, ներկայացվում է գերդաստանի երրորդ սերնդի ներկայացուցիչ, բանագետ, բանահավաք, բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի ժողովրդագիտական վաստակը: Ֆիլմում օգտագործված են արխիվային բացառիկ արժեք ներկայացնող վավերագրական տեսանյութեր, ընդ որում՝ Հայոց ցեղասպանության ականատեսների կենդանի վկայություններ, ինչպես նաեւ՝ Հայրենիքի եւ Սփյուռքի մերօրյա հայտնի գիտնականների, մշակույթի ճանաչված գործիչների եւ քաղաքագետների ելույթներ, որոնք բնութագրում են Սվազլյան գերդաստանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել