Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահա՛ թե ով է Զավեն Վարդանյանը

Ապրիլ 03,2010 00:00

Կոմպոզիտորների պատասխանը՝ «Առավոտի» «Ով է Զավեն Վարդանյանը» հոդվածին

Վերջին ամիսներին Երեւանի Ալ. Ապենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ մամուլում ծավալված մի շարք հրապարակումների մեջ, որոնցում մասնավորապես արծարծվում էին օպերային ներկայացումների բեմադրական, գեղարվեստական, ստեղծագործական, կազմակերպական բնույթի մի շարք հուզող խնդիրներ, իր մասնագիտական խոր վերլուծությամբ եւ ծրագրային նպատակադրությամբ աչքի ընկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ ժամանակակից երաժշտության անխոնջ նվիրյալ եւ պրոպագանդիստ, դիրիժոր Զավեն Վարդանյանի հոդվածները («Առավոտ», 24-25 փետրվարի 2010թ., «Ազգ», 27 փետրվարի 2010թ.)։
Հոդվածներում բարձրացված հարցերը, մտահոգիչ երեւույթները, դրանք առաջացրած պատճառներն ու դրանցից ձերբազատվելու ուղիները հոդվածագիրը ներկայացրել է անսքող անկեղծությամբ, ճշմարիտ սրտացավությամբ, առանց ավելորդ սեթեւեթանքների, պարզ ու շիտակ։ Ըստ էության, գործ ունենք լուրջ եւ ծանրակշիռ քննական վերլուծականի հետ, որը վաղուց սպասված մի կարեւոր ուսումնասիրություն հանդիսացավ։
Թվում է, թե վերջապես ներկայացել էր լավագույն առիթը, որպեսզի շահագրգիռ կողմերը փորձեն միասնաբար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Սակայն, ի պատասխան Զ. Վարդանյանի վերոհիշյալ հոդվածների, «Առավոտ» թերթի սույն տարվա մարտի 10-ի համարում լույս տեսավ թերթի լրագրող Ս. Դանիելյանի հարցազրույցը օպերային թատրոնի տնօրեն պարոն Կամո Հովհաննիսյանի հետ՝  «Ո՞վ է Զավեն Վարդանյանը» խորագրով։
Մենք կտրականապես դեմ ենք եւ դատապարտելի ենք համարում վերոհիշյալ հարցազրույցի մեջ տեղ գտած՝ հարգարժան մաեստրոյի հասցեին նետված անթույլատրելի արտահայտությունները, սուտ ու կեղծ պիտակավորումները, նրա տասնամյակների վաստակի անտեսման եւ արժեզրկման ձախորդ փորձերը։ Եվ այս ամենը միայն այն պատճառով, որ նա «հանդգնել» էր քաղաքացու եւ արվեստագետի խղճի թելադրանքով իր մասնագիտական կարծիքն ու պատկերացումը, քննադատական մտքերը փոխանցել հանրությանը։ Գտնում ենք, որ նման բովանդակության հարցազրույց տալը անվայել է ու անհարիր նման մշակութային հաստատության բարձր պաշտոնյայի համար եւ պատիվ չի բերում ո՛չ թատրոնին ու նրա կոլեկտիվին եւ ո՛չ էլ առհասարակ մեր երկրի երաժշտական մշակույթին։
Մենք Զավեն Վարդանյանին չէ՛, որ պաշտպանում ենք։ Նա դրա կարիքը չունի։
Մենք մշակութային այդ արժեքավոր ակադեմիական հաստատության բարեկիրթ, գիտուն, լայնախոհ, զուսպ ու բարոյական ղեկավարի տիպարն ենք ուզում պահպանված տեսնել։
Նրա՝ մաեստրո Զավեն Վարդանյանի ամենամեծ պաշտպանը տասնամյակների իր լայնածավալ գործունեությունն է, ներդրումը մեր երաժշտական մշակույթի մեջ։ Հայ եւ օտարազգի բազմաթիվ կոմպոզիտորների տաղանդավոր մեկնաբան եւ առաջին կատարող, մի շարք ուշագրավ երաժշտական փառատոների նախաձեռնող եւ իրականացնող Զ. Վարդանյանն արդեն վաղուց իր արժանի տեղն է գրավել մեր օրերի հայ երաժշտարվեստի մեջ։
Ահա՛ թե ով է Զավեն Վարդանյանը։

Մ. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ,
Է. ՀԱՅՐԱՊԵՏՅԱն, Ա. ԶՈՀՐԱԲՅԱՆ,
Ե. ԵՐԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել