Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԱՐԺԵ «ՊԱԽԱՐՈՆՆԻ ՄԱՐՇ» ՆՎԱԳԵԼԸ»

Ապրիլ 03,2010 00:00

\"\"Նմանակելու արվեստի վերանալու մասին կարծիքին այսպես է պատասխանում երիտասարդ հումորիստ Սեւակ Սարգսյանը

Ժամանակակից էստրադայում նմանակումը աստիճանաբար կարծես դուրս է մղվում՝ իր տեղը զիջելով սոցիալական երգիծանքին: Նմանակման ժանրում կարող ենք նշել ընդամենը մի քանի անուն՝ Աշոտ Ղազարյան, Սամվել Բաղդասարյան, Արմեն Ավետյան, Սեւակ Սարգսյան:
«Առավոտը» զրույցի հրավիրեց հումորիստ, նմանակող Սեւակ Սարգսյանին, որը ուսանում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում, ՀՀ ժողարտիստ Հակոբ Ազիզյանի արվեստանոցում: Նաեւ հումորային միջոցառումներ է կազմակերպում՝ հիմնականում Լոռու մարզում:
Հարցին՝ հանդիսանալով դերասանական ֆակուլտետի ուսանող եւ տեսնելով, որ նմանակումը մեզանում կարծես վերանում է, ի՞նչն է պատճառը, որ դուք ընտրել եք 1970-ականներին մեզանում դերասան Աշոտ Ղազարյանի հիմնած ոլորտը, Ս. Սարգսյանը նախ հումորով ասաց, թե «պախարոննի մարշ» դեռ չարժե նվագել, ինչպես համաշխարհային տնտեսական ճգնաժամն է ժամանակավոր, այնպես էլ հումորի այդ անկումը, հետո լրջորեն հավելեց հետեւյալը. «Ընտրել եմ հումորիստ-նմանակողի «դերը», որովհետեւ անհրաժեշտ է պահել այս ժանրը. այն հումորի արժեքավոր ձեւերից է: Նպատակս, բնականաբար, հանդիսատեսին ծիծաղ պարգեւելն է, ինչը, փառք Աստծո, կարծես հաջողվում է: Նշեմ նաեւ, որ Վանաձորի Հովհ. Աբելյանի թատրոնում զբաղված եմ Գագիկ Անտոնյանի «Ձեր տղային տվեք մեր աղջկան» կատակերգության մեջ: Նմանակում եմ Հայաստանի նախագահներին, քաղաքական գործիչներին, նույնիսկ՝ ավագ կոլեգաներիս»:
Արդեն չորս տարի է, ինչ Սամվել Բաղդասարյանի նախաձեռնությամբ վերականգնվում են հումորի փառատոները: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ այդ միջոցառումները կնպաստե՞ն նոր ժանրերի ձեւավորմանը: «Անխոս, Սամվել Բաղդասարյանը մեծ աշխատանք է կատարում: Դրա ապացույցը «Մեկից մեկ» շքերթն» է, որի ընթացքում ներկայանում են թեեւ առայժմ անհայտ, բայց խոստումնալի նմանակողներ: Այդ նախագծի շնորհիվ է, որ պատանիները ծանոթանում են մեր երգիծաբաններին, այդ թվում՝ Արամայիս Սահակյանին, Ռաֆայել Քոթանջյանին, Գեւորգ Դոդոզյանին, Վահագն Սիմոնյանին եւ այլոց»:
«32 ատամ» ակումբը հեռուստաեթերում հաստատում է երգիծական շոու- թատրոնի գաղափարը: Որպես երիտասարդ արվեստագետ, ի՞նչ եք կարծում, այն կարո՞ղ է փոխարինել հումորիստներին՝ հիմնելով կատակերգության նոր տեսակ: «Իսկական հումորն այնտեղ է, որտեղ ոչ թե 32, այլ 33 ատամ է,- նախ կատակեց մեր զրուցակիցը եւ հավելեց,- «32»-ը իր տեսակի մեջ է յուրօրինակ եւ եթե ասենք, որ այն կփոխարինի դասական հումորին, նման բան չի լինի, թեեւ ակումբն ունի իր լսարանը: Ինչ վերաբերում է նոր տեսակ ձեւավորելուն, իրենց մոտ ավելի շատ կենցաղային հումոր է, ինչը միշտ էլ եղել է»: Հարցապնդմանը՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ են քիչ երիտասարդ հումորիստները, Սեւակ Սարգսյանը պատասխանեց. «Համբերեք, ամեն ինչ լավ կլինի: Ունենք Աշոտ Ղազարյանի հիմնած ծիծաղի եւ հումորի դպրոցը, անցկացվում են տարբեր միջոցառումներ…… Մի բան պետք է խոստովանեմ. հայ հանդիսատեսին դժվար է ծիծաղեցնելը»: Վերջում էլ երիտասարդը կատակեց. «Այսօրվա երիտասարդությունը ավելի շատ ինքն իր վրա է ծիծաղում եւ ծիծաղեցնելու ժամանակ չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել