Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիլարի Քլինթոնին չի հաջողվել համոզել Օտտավային

Ապրիլ 03,2010 00:00

\"\"ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին չի հաջողվել Կանադա կատարած իր այցի ընթացքում պայմանավորվել Աֆղանստանում կանադական համակազմի ներկայությունը երկարաձգելու շուրջ: Վկայակոչելով «Կոմերսանտին»՝ APA-ն փոխանցում է, որ կանադական կողմը մերժել է 2011թ.-ից հետո եւս իր դաշնակցային պարտավորությունները կատարելու Վաշինգտոնի կոչերը: Այդուհանդերձ, Սպիտակ տանը հույս ունեն հարցին անդրադառնալ հաջորդ տարեսկզբին՝ Կանադայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Քլինթոնի՝ Օտտավա կատարած երկօրյա այցի գլխավոր թեման հենց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բազմազգ ուժերի համակազմում Կանադայի մասնակցությունն էր: Այդ հարցը օդում կախված էր մնացել այն բանից հետո, երբ Կանադայի խորհրդարանը երկրի զորքերը 2011-ին Աֆղանստանից դուրս բերելու մասին որոշում ընդունեց: Կանադայի ԱԳՆ ղեկավար Լորենս Քենոնի եւ վարչապետ Սթիվեն Հարպերի հետ հանդիպումների ընթացքում Հիլարի Քլինթոնը փորձել էր փոխել իրավիճակը՝ հասկացնել տալով, թե Օբամայի վարչակազմի համար որքան կարեւոր է, որ Կանադան պահպանի իր ռազմական ներկայությունն Աֆղանստանում նաեւ 2011-ից հետո: Բայց այդ կոչերը ապարդյուն են եղել: Կանադայի վարչապետը պնդել է երկրի ԱԳՆ-ի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Օտտավան 2011-ից հետո Աֆղանստանում չի մնա: Իհարկե, վերլուծաբանները չեն բացառում, որ Կանադան Աֆղանստանից իր զորքերը դուրս բերելուց հետո էլ որոշակիորեն ներկա կլինի Աֆղանստանում, բայց կսահմանափակվի ոչ ռազմական գործողություններին մասնակցությամբ: Նա կարող է զբաղվել տեղի զինվորականների ուսուցման եւ նյութատեխնիկական մատակարարման հարցերով:
Հիշեցնենք, որ Կանադան Աֆղանստանում ներկայացված է եղել 2002թ.-ից ի վեր, եւ հիմա այդ երկրում գտնվում է 2,5 հազար կանադացի զինծառայող, որոնց մեծ մասը տեղակայված է ՆԱՏՕ-ի պատասխանատվության տակ գտնվող ամենավտանգավոր գոտում՝ Կանդագար գավառում: Աֆղանստանում վերջին շուրջ 8 տարիների ընթացքում սպանվել է 140 կանադացի զինծառայող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել