Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցածրորակ կրթության համար բուհերը կպատժվեն

Ապրիլ 03,2010 00:00

Հայտարարում է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը

Առաջիկա տարիներին կրթական ցածր որակի համար պետական բուհերը կզրկվեն հավատարմագրման իրավունքից եւ առնվազն երկու տարով ընդունելություն իրականացնելու հնարավորություն չեն ունենա: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)՝ կրթական բարեփոխումների փաթեթում այս կետը առաջարկների առանցքում է: Երեկվա ասուլիսում կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը չբացառեց, որ, ի տարբերություն պետական բուհերի, ոչ պետական բուհերը նույնիսկ հավատարմագրման իրավունքից զրկվելու դեպքում էլ կշարունակեն իրենց գործունեությունը. «Այստեղ էլ մենք ունենք լուծում, որը կոչվում է ժամանակավոր ճանաչում, եթե ուսումնական հաստատությունը հավատարմագրված է եղել եւ հիմա հավատարմագրման շեմը չի անցել, ապա մեր առաջարկով հնարավորություն ունի 10 օրվա ընթացքում դիմում գրել եւ ցույց տալ այն ռեսուրսները, որոնցով իրականացնելու է այդ գործընթացը, 6 ամիս հետո կիրականացվեն ստուգումներ եւ եթե նրա խոստացածը իրականությանը չի համապատասխանի, ապա կմնա չհավատարմագրված, հաջորդ հավատարմագրումն էլ կլինի երկու տարի հետո»: Պարոն Թոփչյանը նաեւ ասաց, որ որակի ապահովման իրենց նախատեսած նոր մոտեցումները կյանքի կոչելու համար բուհերը եւս պետք է քայլեր ձեռնարկեն. «Բուհերը պետք է հասկանան, որ իրենք են պատասխանատու կրթության որակի ապահովման համար, հետեւաբար պետք է ստեղծեն որակի ապահովման, այսպես ասած, «ներքին» կենտրոն եւ որակի ապահովմանն ուղղված քայլեր իրականացնեն»: ՈԱԱԿ-ն էլ խոստանում է՝ լրջորեն վերահսկելու են բուհերին, իսկ առայժմ ներկայացնում են միայն գործընթացի համակարգման իրենց մոտեցումներն ու մեխանիզմները: Պարոն Թոփչյանի խոսքով, գործընթացը կիրականացվի 4 փուլով: Նախապատրաստական փուլում նախատեսել են ստեղծել հավատարմագրված կրթական ծրագրերի պետական գրանցամատյան՝ ներառելով բուհերի առաջարկած հավատարմագրված ծրագրերը եւ դրանց տալ ժամանակավոր ճանաչում ունեցող ծրագրերի կարգավիճակ, այնուհետեւ 2000-2005թթ. անժամկետ հավատարմագրում ստացած ոչ պետական բուհերի կրթական ծրագրերի համար սահմանել հավատարմագրման ժամկետներ: 1-ին փուլում նախատեսել են պետական կրթական չափորոշիչների հստակեցում՝ հիմք ընդունելով աշխարհում ընդունված չափորոշիչները: 2-րդ փուլը ենթադրում է հաջորդ տարվանից եւ մինչեւ 2013 թվականը իրականացնել ծրագրերի ատեստավորումը, 3-րդ փուլում՝ 2012-2014-ին կուսումնասիրեն կրթական միջավայրը եւ լավ որակ արձանագրելու դեպքում միայն անցկացնել ծրագրային հավատարմագրում, իսկ վերջնական փուլում՝ 2013-2015թթ. սկսել ծրագրային հավատարմագրումը, որը ենթադրում է մասնագիտության կրթական ծրագրի ակադեմիական կարգավիճակ հաստատել եւ որոշել, թե արդյոք այն ունա՞կ է պատրաստել մասնագիտական համապատասխան կարողություններով օժտված շրջանավարտ:
«Այսինքն, ուսումնական հաստատությունը, որը պետք է հավատարմագրվի, պետք է բավարարի ընդունված թույլատրելի նվազագույն շեմից բարձր պահանջները, դրանից հետո յուրաքանչյուր ուսումնական հաստատության խնդիրն է՝ լինել շատ ավելի լավը, այսինքն՝ ռեյտինգավորվել, բայց ռեյտինգը հաջորդ փուլն է եւ սա չպետք է շփոթել որակի հետ, կարող են լինել ռեյտինգով բարձր, բայց որակով ցածր»,- ասաց կենտրոնի տնօրենը: Նրա խոսքով, մասնագիտությունների հավատարմագրման գործընթացը կազմակերպվելու է միանգամից մի քանի բուհերի համար՝ նույն մասնագիտությունների ուղղությամբ, ինչն էլ կապահովի չափորոշիչների եւ չափանիշների առումով հավասար պայմաններ: Պարոն Թոփչյանը հավաստիացրեց, որ իրենց նախագիծը նաեւ կօգնի, որ բուհ դիմելուց առաջ դիմորդը հասկանա, թե ուր է գնում եւ ինչ է ընտրում. «Մեր նախատեսած գրանցամատյանում տեղ են գտնելու բոլոր հավատարմագրված մասնագիտությունների մասին տեղեկատվություն եւ հաշվետվություն»: ՈԱԱԿ-ի տնօրենի խոսքով, հավատարմագրման մոտեցումները եւ մեխանիզմները փորձարկելու նպատակով ընտրել են Գավառի պետական, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական եւ Վանաձորի մանկավարժական համալսարանները, նաեւ երեք ոչ պետական՝ «Հյուսիսային», «Գլաձոր» եւ «Հայբուսակ» համալսարանները: Պարոն Թոփչյանը նաեւ հավաստեց, որ իրենց առաջարկած նախագծի նպատակն է հայկական կրթության եւ բուհերի վարկանիշը բարձրացնել եւ առաջիկա տարիներին հայկական դիպլոմները արտասահմանում ճանաչելի դարձնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել