Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջին հրաժեշտը ծնողին՝ չկայացավ

Ապրիլ 03,2010 00:00

Դատապարտյալների կյանքն ընդհանրապես լեփ-լեցուն է բազմաթիվ անակնկալներով՝ կապված ընտանեկան, սոցիալ-հոգեբանական, անազատության խնդիրների հետ:
Բայց եւ այնպես՝ նրանք լրջախոհությամբ են տանում ամեն ինչ, չկորցնելով վաղվա օրվա նկատմամբ իրենց հույսն ու հավատը:
Վերջերս մահացավ մեր բախտակից ընկերներից մեկի՝ Աշոտ Մաճկալյանի հայրը: Դատապարտյալը երկու դիմում էր ուղարկել արդարադատության նախարարության «Սեւան» ՔԿՀ պետին, որպեսզի հնարավորություն տան իրեն հորը վերջին հրաժեշտը տալու: Սակայն մերժեցին, պատճառաբանելով, որ անձնագիր չունի եւ հավելեցին, որ խնդրանքով կարող է դիմել արդարադատության նախարարություն: Այսինքն, երբ դատապարտյալին արձակուրդ են ուղարկում, նրա մոտ պետք է լինի անհրաժեշտ ամեն բան, հատկապես՝ անձնագիրը: Բայց չէ՞ որ տվյալ դեպքում Աշոտը ոչ թե «արձակուրդ» էր գնում, այլ մի քանի ժամով՝ սգո արարողության, այն էլ հսկողության տակ: Նման դեպքում ինչի՞ համար է անձնագիրը: Այստեղ մեկ պատասխան կա. տիրում է բյուրոկրատիզմը, հակառակ դեպքում՝ Աշոտը անպայման հրաժեշտ կտար ծնողին:
Դեռ ԽՍՀՄ տարիներին, դատապարտյալին չէին արգելում նման դեպքերի համար մի քանի օր տալ, իսկ մեր օրերում մեռած հորը հրաժեշտ տալու համար պետք է անձնագիր ունենալ: Ի դեպ, Աշոտ Մաճկալյանը 8 ամիս առաջ դիմում էր գրել անձնագիր ունենալու համար, նկարվել էր, սակայն ամեն օր խոստանալով, որ այն կլինի, «չհասցրին» 8 ամիսների ընթացքում:
Ուզում եմ տեղեկացնել, որ անձը կալանավորվելուց հետո հանձնում է իր անձնագիրը, իսկ երբ գալիս է հիմնարկ, նրան ասում են՝ անձնագիր չունես: Սա դատապարտյալի հոգեկան աշխարհի վրա ներգործելու մի միջոց է:
Մի ուշագրավ փաստ եւս. Աշոտ Մաճկալյանը պետք է 1 տարի առաջ լիներ իր ընտանիքի կողքին, սակայն նրան հասանելիք վաղակետ պայմանական ազատությունը խոչընդոտեցին, այն դեպքում, երբ 5 ամիս է մնացել նրա պատժաչափը լրանալուն: Միգուցե լինելով իր ընտանիքի կողքին՝ չպատահեր այդ աղետը……
Մենք կուզեինք, որպեսզի արդարադատության նախարարը պատասխանի, թե դա ինչ հրաման է, երբ է ընդունվել այդ հրամանը, երբ է «վետո»  դրված դատապարտյալի վրա հուղարկավորությանը չմասնակցելու նպատակով: Նման դեպքերում շահարկում են նաեւ «ներքին կարգով» բառակապակցությունը, որի դեպքում աբսուրդ է դառնում «գործող» Սահմանադրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել