Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեծամորի ընտրությունն ու վախեցած ուսուցիչները

Ապրիլ 03,2010 00:00

21-րդ դարի Հայաստանում՝ վաղվա սերնդի համար պատասխանատու ուսուցիչը վախենում է կարծիք հայտնել

Մարտի 28-ին Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում համայնքապետի ընտրություն էր (1999 թվականից գյուղապետ՝ հանրապետական Ֆելիքս Մինասյանը մահացել է): Առաջադրված չորս թեկնածուներից համայնքի ղեկավար է ընտրվել գյուղապետի տեղակալ, հանրապետական Էդվարդ Միրզոյանը: Երեք ձայնի առավելությամբ վերջինս հաղթել է գործազուրկ մանկավարժ, անկուսակցական Հակոբ Ավագյանին:
Հետընտրական անդրադարձը գյուղական ընտրությանը ոչ այնքան դրա անցկացման ընթացքի մասին բարձրաձայնելն է, որքան համայնքի՝ հատկապես մտավորականների շրջանում իշխող տրամադրությունները ներկայացնելը:
Մեծամորի դպրոցի ուսուցչանոցում հավաքվածները թեժ քննարկում էին հերթական անարդար ընտրության հարցը: Ընտրություն, որի մասնակիցն ու ականատեսն են եղել: Ուսուցչուհիներից մեկը նույնիսկ ասաց, որ Ավագյանի ստացած ձայներից յոթ քվեաթերթիկ անվավեր են ճանաչել, որպեսզի հաղթանակը գրանցվի Էդվարդ Միրզոյանի օգտին: Թե հատկապես ինչպիսի՞ նշումների համար են անվավեր ճանաչել, ուսուցչուհին չգիտեր:
Ավելի աղմկոտ էր մեկ այլ բողոքավոր, ով նույնպես դպրոցում է աշխատում: Վերջինիս բողոքի նյութը անարդար ընտրություններն էին ընդհանրապես: «Էս երկրում ո՞ր ընտրությունն ա արդար անցել, որ մեր գյուղինն անցնի»,- ասաց ուսուցիչը, ումից էլ փորձեցինք հասկանալ Մեծամորի, իրենց ձեւակերպմամբ՝ խախտումներով ընթացած ընտրության ելքի հետ իրենց անհամաձայնության հաջորդ քայլը: Պարզվեց՝ ոչինչ էլ չեն պատրաստվում անել, որովհետեւ վախենում են, վախենում են ինչ-որ բան կորցնելուց: Առավելագույնը, որ թույլ են տալիս իրենց՝ պատերի տակ դժգոհելն է ու, իրենցից բացի, բոլորին մեղադրելը:
Վախեցած ու մի կողմ քաշված կեցվածքը հարի՞ր է արդյոք մանկավարժին, ով երեխային արդար ապրելու եւ ճշմարտության համար պայքարելու դասեր է տալիս՝ համեմելով դրանք մեր պատմական անցյալի օրինակներով: Մանկավարժին ոչ հարիր պահվածքի մասին «Առավոտի» դիտարկումը վրդովեցրեց ուսուցիչներին. «Մենք ի՞նչ կարող ենք անել, մեզ ո՞վ ա բանի տեղ դնում, եթե հարցերը վերեւներում են լուծվում»,- ասացին: Վերեւներում ասելով՝ ուսուցիչները նկատի ունեին մարզպետարանը: Ավելի ստույգ՝ մարզպետին, ում կամքին հակառակ գնալը նույնն է՝ թե քամուն հակառակ թքել: Ինչի՞ց եք վախենում, որ արդյունքները չեք բողոքարկում՝ հարցիս էլ մեկը պատասխանեց՝ ոչնչից: Բայց պարզից էլ պարզ է, որ վախը մարզպետի աչքին փուշ դառնալն ու աշխատանքը կորցնելն է:
Այս զրույցից 45 րոպե անց, անարդարությունների դեմ ամենաաղմկոտ ու ամենաթունդ բողոքող ուսուցիչը ինձ դարձյալ հրավիրեց ուսուցչանոց՝ գործընկերների ներկայությամբ համոզելու, որ սխալ եմ ընկալել իր ասածը, որ իրենք բոլորովին էլ դժգոհ չեն ընտրության արդյունքից, որ ընտրությունն անցել է արդար եւ թափանցիկ, որ համայնքի նորընտիր ղեկավարը իրենց սրտով է: Ուսուցչին հիշեցրի րոպեներ առաջ նրա բողոքի պոռթկման մասին. «Ես բողոքե՞լ եմ, թող ուսուցիչները վկայեն՝ ես բողոքե՞լ եմ: Ո՞նց կարամ բողոքեմ, երբ արդար ու թափանցիկ ընտրություն է եղել, Միրզոյանն էլ ընտրվել է 100 տոկոսով»,- ասաց ուսուցիչը:

Հ. Գ. Մոտ 1500 բնակիչ ունեցող, մայրաքաղաքից հազիվ 30 կմ հեռու Մեծամոր գյուղում ճանապարհներ չկան: Դրանց վրայով ասես պատերազմ է անցել: Այս հարցը ոչ ոքի չի հետաքրքրում կամ արդեն չի հետաքրքրում: Մարդիկ չափից ավելի շատ են կքած առօրյա հոգսերի ու առանձնապես բարձր չվարձատրվող աշխատանքը կորցնելու մշտական վախի բեռան տակ: Հենց սա է պատճառը, որ ուսուցիչների անունները չենք գրում: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելուն կոչված իշխանությունների կամոք վատ ապրող քաղաքացին զրկված է նաեւ կարծիք հայտնելու իրավունքից: Եվ եթե սա է վիճակը մայրաքաղաքին այդքան մոտ գյուղում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ վիճակում են հեռավոր գյուղերն ու գյուղերի բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել