Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԵՎ»-Ի ՇՈՂ ԿՈՒՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 03,2010 00:00

Լոռու մարզային գրադարանից կօգտվեն նաեւ կույրերը

\"\"

2009 թվականի դեկտեմբերի 1-ին՝ «Խնդիրները դեռ շատ են» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզային գրադարանում առաջիկայում կյանքի կկոչվի կույրերի համար նախատեսված «Արեւ» ծրագիրը: Այսօր արդեն որոշակի արդյունքներ կան:
«Ես շատ ուրախ եմ, որ մեզ համար նման հնարավորություն է ստեղծված, ավելի շատ շոյված եմ, որ թեկուզ երկարատեւ մոռացությունից հետո, մեր խնդիրների մասին վերջապես հիշել են, մենք էլ բոլորի նման կարող ենք տեղյակ լինել աշխարհի անցուդարձին, սա իսկական արեւի շող է իմ ճակատագիրը կիսողների համար»,- ասում է 56-ամյա Դոնարա Մանուկյանը: Նրա եւ մնացած 5 կույր շահառուների համար հասարակությունից չմեկուսանալու, ոչ միայն թերթեր ու գրքեր կարդալու, այլեւ ժամանակակից տեխնիկական նորամուծություններին՝ համակարգչի հնարավորություններին ծանոթանալու նոր խթան ու հնարավորություն է Լոռու մարզային գրադարանում ներդրված համակարգչային «Արեւ» ծրագիրը:
Դեռեւս 2009թ.-ին ՀՀ մշակույթի նախարարությունը Լոռու մարզային գրադարանին է տրամադրել 400 հազար դրամ՝ համակարգիչ, սկաներ գնելու եւ ծրագիրը ներդնելու համար: Ծրագիրը ներդրվել է, սակայն մասնագետի պակասի պատճառով միայն այս տարվա սկզբին է սկսել գործել: Շահառուները դեռեւս սովորում են օգտվել ծրագրից: Նրանց իր փորձն է փոխանցում միայն վերջերս դասընթացն ավարտած մասնագետը. «Սովորելը շատ դժվար էր, համբերություն ու տրամադրվածություն էր պետք արդյունքի հասնելու համար, պետք է ինքդ էլ վարվես այնպես, ասես դու էլ կույր ես, պիտի չշտապես»,- պատմում է Լոռու մարզային գրադարանի գրադարանավարուհի Ալվարդ Ղուլյանը: Նա դժվար է թաքցնում հիացմունքն ու զարմանքը, թե իր աշակերտներն ինչ խանդավառությամբ ու հետաքրքրությամբ են մասնակցում դասերին, լինում են դեպքեր, երբ դասը գրադարանի աշխատանքի հետ է սկսվում, բայց աշակերտները ավելի շուտ են գալիս եւ խնդրում, որ սահմանված ժամանակից երկար մնան: Թեկուզեւ նրանց հետ աշխատանքն իր յուրահատկություններն ունի, սակայն դժվարություններ չկան՝ շնորհիվ աշակերտների լավ հիշողության եւ գրագետ լինելու:
«Արեւ» ծրագրի ներդրումը մեծ խանդավառության առիթ է դարձել: Կույրերի կարծիքով, այս նախաձեռնությունը դեռ ուշացած է, քանի որ արդեն քանի տարի է՝ բրայլյան գրքեր չկան, նույնիսկ թուղթը չի վաճառվում, որ մարդիկ գոնե տանը գրեն: «Ես ճակատագրի բերումով եմ կուրացել, ժամանակին բաց չէի թողնում ոչ մի լրագիր, բոլորը կարդում էի, ու արդեն քանի տարի է՝ նեղվում եմ, կարծես աշխարհից մեկուսացած լինեմ»,- ասում է 54-ամյա Մարգարիտա Գրիգորյանը:
Լոռու մարզային գրադարանը հիշյալ ծրագրի շահառուներ ներգրավելու նպատակով հայտարարությամբ հանդես է եկել լրատվամիջոցներով, ծրագրի մասին տեղեկացրել մարզային կույրերի միավորմանը, սակայն առայժմ քիչ թվով շահառուներ ունի: Գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանն անձամբ շփվում է ծրագրի շահառուների հետ, կիսում է նրանց ուրախությունը եւ արդեն հասցրել է ծանոթանալ նաեւ գրադարանի ծառայություններից չօգտվելու խնդիրներին ու պատճառներին. «Ոչ միայն ծրագրի ներդրման մասին անտեղյակությունն է պատճառը, դա կլրացվի՝ մեկը մյուսին կբերի, այլեւ կույրերի` ուղեկցողներ չունենալը: Մեծ տարիքի մարդիկ էլ դժվար են հարմարվում տեխնիկայի նորամուծություններին, հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում մեր այս ընթերցողների թիվը կավելանա»:
Լոռու մարզում ավելի քան 350 կույր կա, որից 125-ը հաշվառված է Վանաձորի կույրերի միավորումում: Բարեբախտաբար, մարզում կույր երեխաներ չկան: Մարզի կույրերից ոչ մեկն այժմ չի աշխատում, իսկ գրադարան հաճախելու համար կրկնակի գումար է անհրաժեշտ՝ առանց ուղեկցողի նրանք չեն կարող գրադարան հասնել: Երկու տարի առաջ Վանաձորի թիվ 5 դպրոցում 25 կույրեր սովորել են «Արեւ» համակարգից օգտվել, ֆինանսական խնդիրների պատճառով նրանք էլ չեն կարողանում օգտվել գրադարանի ծառայություններից: Կույրերը թաքուն հույս են փայփայում, թե մի օր իրենք հենց տանը կարող են օգտվել ծրագրից:
Որ կույրերն էլ հնարավորություն ունեն կարդալու՝ զարմացրել է ոչ միայն սովորական այցելուներին, այլեւ գրադարանի եւ ինտերնետի ծառայություններից օգտվող խուլ ու համրերին: «Շատ զարմացա, երբ տեսա, թե ինչ հնարավորություն է տալիս սահմանափակ տեսողությամբ մարդկանց այսօրվա տեխնիկան, ինձ՝ չլսողիս համար ինտերնետն ու գիրքը ոչ միայն զբաղմունք են, այլեւ հետաքրքիր ժամանց ու ընկերների հետ շփվելու լայն հնարավորություն, հույս ունեմ՝ մի օր այս ծրագիրն էլ նրանց համար կյանքի աղբյուր ու արեւի շող կդառնա»,- ասաց խուլուհամր Գագիկ Սարգսյանը:

Հ. Գ. «Արեւ» ծրագրից արդեն իսկ օգտվում են Շիրակի, Սյունիքի մարզային եւ Երեւանի Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանների շահառուները, հաջորդ տարի ծրագիրը կգործի նաեւ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզային գրադարաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել