Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծառերը բուժեցին

Ապրիլ 03,2010 00:00

Լենինգրադյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկում  առողջ ծառեր էին կեղեւազրկել

\"\"

\"\"

Նախաձեռնողը հարեւանությամբ գործող խանութի տերն է՝ Խաչատուր Հայրապետյանը: Չնայած դրան, «Առավոտի» հետ զրույցում երեկ նա ասաց, որ ծառերը ինքը չի կեղեւազրկել. «Կեղեւը ես չեմ պոկել, չեմ հիշում՝ ով ա արել, անողն արել ա, ես ոնց կարամ անեմ, մանուկ ժամանակ էս ծառերը ես եմ տնկել»: Ավելի ուշ անկեղծացավ, թե շաբաթներ առաջ դիմել էր Աջափնյակի վարչական համայնքի թաղապետարանի կանաչապատման բաժին, այնտեղից էլ խոստացել էին, որ գան ու ծառերի հեռացման հարցում օգնեն. «Այ քեզ հանելուկ, ախր ես դիմում էի գրել, որ դուք գաք ու սարքեք, ծառի արմատները վերացնեք, որ չաշխատի ու չգա խանութիս տարածք, բա ինչ անեմ՝ ընտանիք եմ պահում, թաղապետարանն էլ ինձ թույլ ա տվել»: Արձագանքելով «Առավոտի» նախորդ համարում «Դանդաղ մահ՝ ծառերին» հրապարակմանը, երեկ իրավիճակին ծանոթանալու համար մեր թերթի լրագրողի հետ միասին նշյալ հասցե էր այցելել քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Ի դեպ, նա պարոն Հայրապետյանից պահանջեց խանութի շրջակայքը բետոնապատելու իրավունքի փաստաթղթերը եւ ավելի ուշ ապօրինի բետոնապատման համար հրահանգեց մինչեւ այս ամսվա 10-ը քանդել եւ փոխարենը կանաչապատել: Ծառահատման նպատակով առողջ ծառերը կեղեւազրկելու համար քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը հրահանգեց համապատասխան արձանագրություն կազմել եւ ուղարկել բնապահպանության պետական տեսչության Երեւանի բաժին, ապա՝ ոստիկանություն:
Հարեւան շենքերի բնակիչներն էլ «Առավոտին» պատմեցին, որ իրենց համայնքում ծառահատման դեպքերը շատ են, բայց վերահսկող չկա: «Վերջերս էլ մեր դիմացի սադում, այ՝ հենց էս  խանութի դիմաց մոտ 15 առողջ ծառ կտրին, մայթով, ամեն ինչով սրբին-տարան, հիմա էդ տեղում ահռելի շենքեր են կառուցվել, ուր էին էս տեսուչները էդ ժամանակ, բայց ո՞ւմ դժգոհես՝ դատարա՞ն, հենց էդ դատարանն է մեր հերն անիծում»:
Թաղապետարանի կանաչապատման տնօրեն Ժորա Ոսկանյանն էլ ասաց, որ այնտեղ ծառեր չեն եղել. «Երկու հատ փտած ծառ ա եղել ընդամենը»: Բնակիչներից մեկն էլ հակադարձեց. «Տարեկան 50 ծառ եք տնկում, դրա համար էլ փող եք ստանում, բայց դիտմամբ չեք ջրում, որ չորանան ու գաք շենքեր գցեք»: Պարոն Ոսկանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ այս տարի համայնքում 320 ծառ եւ 680 թուփ են տնկվել, իսկ կենտրոնական փողոցներում կանաչապատման աշխատանքները առաջիկայում եւս կշարունակվեն. «Կանաչ Երեւան ենք ունենալու»: Քաղաքապետարանի աշխատակիցները ծառերի կենսունակությունը վերականգնելու նպատակով համապատասխան աշխատանքներ իրականացրին եւ խոստացան, որ գալու են ու հետեւելու ծառերի վերականգնման գործընթացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել