Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒՆ

Ապրիլ 03,2010 00:00

Առաջիկայում Վիկտոր Համբարձումյանի արձանը եւս կարժանանա
Ավետիք Իսահակյանի արձանի ճակատագրին:

\"\"

Ընդամենը մեկ ամիս առաջ «Ուսանողական այգում» մեծ հանդիսավորությամբ բացված աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի արձանն առաջիկայում կհայտնվի հերթական «քյաբաբանոցների» օղակի մեջ: Հազվագյուտ ծառատեսակներով ու թփերով հարուստ այգու այս հատվածն արդեն իսկ երկու կողմից պարսպապատվել է՝ վերածվելով հսկայական շինհրապարակի: Ու թեեւ տեղում փակցված ցուցանակները տեղեկացնում են, որ կատարվում են գոյություն ունեցող սրճարանների վերակառուցման աշխատանքներ, Վ. Համբարձումյանի արձանի առջեւի եւ հետեւի կողմերում փորված հսկայական փոսերի խորությունն ու ծավալը վկայում են այն մասին, որ կառուցվելու են հիմնական շինություններ:
Այգում կատարվող շինարարությունը դադարեցնելու պահանջով Հայաստանի 11 բուհերի ուսանողական խորհուրդներ, 9 հասարակական կազմակերպություններ, 50-ից ավելի գիտնականներ ու մտավորականներ նախօրեին նամակով դիմել են ՀՀ նախագահին եւ վարչապետին:
Քաղաքապետարանի գործունեությունից վրդովված մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ՝ «Սպառողների ասոցիացիա» հ/կ-ի նախաձեռնությամբ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում երեկ քննարկման էին հրավիրել փաստով մտահոգ մտավորականների, լրագրողների եւ ոլորտը վերահսկող պետական մարմինների ներկայացուցիչների: Սակայն, չնայած հրավիրյալների լայն կազմին, պետական կառույցների ներկայացուցիչների համար նախատեսված բոլոր տեղերն էլ մնացին թափուր: Երեւանը կանաչապատել խոստացած քաղաքային իշխանությունների միակ ներկայացուցիչը Երեւանի ավագանու անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն էր, որն իր համառոտ խոսքում թեեւ դատապարտեց այգու կառուցապատումը, սակայն «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ այդ հարցը չի բարձրացնում ավագանու նիստերի ժամանակ, պատասխանեց. «Բանը դեռ դրան չի հասել»: Ստացվում է, որ պետք է սրճարանները կառուցվեն-ավարտվեն, նոր բանը հասնի նրան, որ Երեւանի ավագանու անդամները հարկ համարեն խնդրի մասին բարձրաձայնել: Այնուամենայնիվ, նշենք, որ Մարտին Վարդազարյանը Երեւանի ավագանու մտավորական անդամներից միակն է, որ հրապարակայնորեն խոսեց նշված սրճարանների կառուցման դեմ:
Վիկտոր Համբարձումյանի արձանի հեղինակ, քանդակագործ Տարիել Հակոբյանը ցավով նկատեց. «Վիկտոր Համբարձումյանի արձանը տեղադրելու համար այսքան տարի պահանջվեց, իսկ ահա կողքի այդ այլանդակությունները կառուցեցին երեք օրում»:
Իսկ ահա ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ Դավիթ Սեդրակյանի կարծիքով, հնարավոր է, որ ՀՀ նախագահն անձամբ տեղյակ չէ կատարվող ապօրինությունից: Նա հիշեցրեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ Համբարձումյանի արձանի բացման օրը, այն տեղում, որտեղ կանգնած էր երկրի նախագահը, այսօր ապօրինաբար խորը փոս են փորել. «Թող նախագահն իմանա, որ իր կանգնած տեղում փոս են փորում, այսինքն՝ այս երկրում մարդիկ կան, որ ավելի հզոր են, քան ինքը»:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ներկաներին տեղեկացրեց, որ ինքը զրուցել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, եւ վերջինս վստահեցրել է, որ արձանի բացման օրը ակադեմիկոսներն իրենք են խնդրել քաղաքապետին, որպեսզի արձանին հարակից առկա նախկին շինությունները բերվեն բարեկարգ տեսքի, ինչն էլ իրենք անում են: Կ. Դանիելյանի այս հայտարարությանն ի պատասխան, ներկա ակադեմիկոսները վրդովված նշեցին, որ, բացի ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից ու ԵՊՀ ռեկտորից, արձանի բացման օրն իրենցից ոչ ոք չէր արժանացել ՀՀ նախագահի եւ քաղաքապետի կողքին կանգնելու պատվին, իսկ տարածքը կառուցապատելու մասին իբր իրենց կողմից հնչած խնդրանքն էլ որակեցին անհեթեթություն:
Քննարկման ավարտին մասնակիցները, միաձայն դատապարտելով Ուսանողական այգու կառուցապատումը, եւս մեկ անգամ գրավոր դիմեցին ՀՀ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին՝ պահանջելով անհապաղ կասեցնել կառուցապատումը եւ պատժել օրինախախտներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել