Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմ չի սկսվի

Ապրիլ 03,2010 00:00

Վստահ են դաշնակցականները, որոնք նաեւ անհավանական են համարում 1998-ի իշխանափոխության տարբերակի կրկնությունը:

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց. «Պատերազմ չի սկսվի, իսկ եթե սկսվի՝ մենք հաղթելու ենք: Եթե առաջին անգամ մի շարք տարածքներ ազատագրեցինք, երկրորդ անգամ Ադրբեջանն իր ինքնիշխանությունը կկորցնի, իսկ Հայաստանը ելք կունենա դեպի ծով»: Ըստ նրա, քանի դեռ հաշտության վերջնական պայմանագիր կողմերի միջեւ չի կնքվել՝ պատերազմի վերսկսման հավանականություն միշտ էլ կա, սակայն այսօր պետք չէ խուճապի մատնվել. «Ես չեմ ընդունում այն հայտարարությունները, որոնք անում են ոչ իրազեկ մարդիկ, օրինակ՝ պատմաբանները, քաղաքագետները, որոնք բացարձակապես տեղյակ չեն, թե ինչպիսի՛ն է վիճակը, պատերազմի վերսկսման վտանգը որքանո՛վ է իրական: Այդ մարդիկ վատ ծառայություն են մատուցում հասարակությանը, մարդկանց մոտ երբեմն առաջացնում են խուճապի տրամադրություններ, նաեւ՝ ապագայի հանդեպ անվստահության զգացումներ: Ես դատապարտում եմ այդ տեսակ հայտարարությունները»: Հրայր Կարապետյանը համաձայնեց, որ քաղաքական առումով, իսկապես, բավականին բուռն զարգացումներ կան. «Դրանք միշտ են եղել: Բայց ես չեմ տեսնում խուճապի կամ նման տրամադրություններ սերմանելու խորը հիմքեր»: Նա նաեւ հերքեց լուրերը, թե Հայաստանից դժվարացել է ելքի վիզաների տրամադրումը:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ «Փաստարկ» ակումբում կարծիք հայտնեց, թե Ադրբեջանը պատերազմ կսկսի երկու դեպքում՝ եթե վստահ լինի, որ ինքը կհաղթի, եւ մեկ էլ, եթե տեսնի, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում անտեսվում են իր շահերը. «Բայց այս երկուստեք սպասողական վիճակում, այսինքն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին է խոսքը, Ադրբեջանը կարող է անհանգստանալ եւ ցանկանալ ինչ-որ փոքր ռազմական քայլերով իրավիճակ ստեղծել: Բայց կարծում եմ՝ դրա հավանականությունը քիչ է: Պատերազմի հավանականությունը, կարծում եմ, կմեծանա, ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ անվտանգության կառույցների վերլուծաբաններն էին ասել, եթե Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առաջ ընթանան առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու՝ Ադրբեջանն այդ ժամանակ պատերազմի կամ պատերազմական գործողությունների կդիմի՝ որպես ընդհանուր իրավիճակը փոխելու վերջին փորձ: Այլապես, կարծում եմ, հավանականությունը մեծ չէ, ներկայիս իրավիճակով այդքան էլ մեծ չէ»:
Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վերջերս «Կապիտալ» թերթին տված հարցազրույցում ասել էր. «Երբ հանգամանքները, գործընթացի իներցիան, միջնորդների ընկալումները մեզ համար շահավետ չեն, պետք է ոչ թե սպասել իրավիճակի զարգացմանը, այլ կտրուկ քայլերի գնալ: Անհրաժեշտ է շեշտադրումների ու նույնիսկ դիրքորոշումների փոփոխություն, որը, սակայն, պետք է լավ հիմնավորված լինի: Նման փոփոխություն եղավ 1998-ին` իշխանափոխության արդյունքում: Իշխանափոխության դեպքում նախորդ իշխանության դիրքորոշման հետ չհամաձայնելը եւ փոխարենը այլ բան առաջարկելն ավելի ընկալելի է»: Իսկ Կիրո Մանոյանը երեկ պնդեց, թե Հայաստանում հնարավոր չէ 1998 թվականի իշխանափոխության տարբերակի կրկնություն. «Կարծում եմ, նախադրյալները չկան: Չկան երկու իմաստով՝ ո՛չ նախագահի շուրջ կա այն շրջանակը, որ կարող է նախագահին մղի, որ հրաժարական տա, եւ ո՛չ էլ նախագահը կգնա նման քայլի, որ, եթե ոչ իր անմիջական շրջանակը, առնվազն ուրիշներն այդ նպատակով ինչ-որ քայլեր ձեռնարկեն: Այսինքն՝ հակառակ, որ «Ալ Վաթանին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ նորություն չկար՝ իր կեցվածքի իմաստով, սակայն պարզ է, որ ինքն ինչ-որ ակնկալիք ունի: Եվ եթե այդ ակնկալիքը չստանա՝ որեւէ ձեւով դրական տեսակետ չի հայտնի Ղարաբաղի հարցի կարգավորման այդ սկզբունքներին, որոնք ներկայացված են»: Իսկ Հրայր Կարապետյանն էլ հիշատակեց. «1998-ի իշխանափոխությունը տեղի ունեցավ, երբ կար կորուստների իրական վտանգ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել