Ասում է ՀՀ նախագահի աշխատակազմի՝ Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի փոխտնօրեն Մերի Հարությունյանը:
– Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ կառավարությունից տեղափոխվել եք ՀՀ նախագահի աշխատակազմ: Ինչո՞վ եք զբաղված Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնում:
– Կենտրոնը, իր կանոնադրական գործառույթների շրջանակներում, ուսումնասիրություններ է կատարում պետական քաղաքականության տեղեկատվական ապահովման, պետական մարմինների գործունեության թափանցիկության, տեղեկատվության տարածման, մատչելիության հետ կապված խնդիրների վերաբերյալ եւ առաջարկություններ ներկայացնում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ՝ նկատի առնելով նաեւ միջազգային փորձը: Կենտրոնի իմ գործընկերների հետ ես առավելապես զբաղված եմ այդ խնդիրներով: Մենք աշխատանքներ ենք իրականացնում պետկառավարման մարմինների տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների միջեւ համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ եւս: Կենտրոնի այլ գործառույթների մասով իրականացվող աշխատանքի վերաբերյալ իմ գործընկեր Արա Սաղաթելյանը բազմիցս առիթներ ունեցել է խոսելու, ուստի հարկ չկա դրանք կրկնելու: Այն աշխատանքը, որ ես եմ իրականացնում՝ ինձ համար առանձնապես նորություն չէ, որովհետեւ տարիներ շարունակ աշխատելով այդ դաշտում՝ ինձ համար տեսանելի են պետական մարմիններում աշխատանքի հաճախ չերեւացող կողմերը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված դժվարությունները, որ ունենում են հանրային կապի պատասխանատուներն ու նրանց հետ աշխատող ԶԼՄ-ները եւ հասարակության ներկայացուցիչները: Այնուամենայնիվ, ժամանակի հետ խնդիրները փոխվում են, աշխատանքի որակից կախված՝ ավելանում կամ պակասում: Ուստի, կենտրոնն ամիսներ առաջ նախաձեռնեց հանրային կապերի պատասխանատուների կողմից իրենց գործառույթների լիարժեք իրականացման վերաբերյալ ուսումնասիրություն, որն իրականացվել է ինչպես տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի ծառայությունների ղեկավարների, մամուլի քարտուղարների, այնպես էլ նրանց տեղեկատվական ծառայություններից օգտվող հանրապետական տպագիր եւ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների շրջանում:
– Իսկ ի՞նչ եզրակացության եկաք այդ ուսումնասիրությունների արդյունքում:
– Ստացված ծավալուն տեղեկատվությունը մենք հանգամանորեն վերլուծեցինք՝ միմյանցից առանձնացնելով առաջարկությունները, խնդիրներն ու սոսկ տեղեկատվությունը: Առաջին երկուսը խմբավորեցինք՝ հասկանալու համար, թե որքանո՞վ ընդհանուր կամ միանման են ներկայացվող խնդիրները եւ ի՞նչ լուծումներ կարող են լինել ցանկացածի պարագայում: Խնդիրների մեջ անդրադարձ կար նաեւ համագործակցության մեխանիզմների բացակայությանը: Այս ընթացքում մենք ստեղծեցինք միասնական տեղեկատվական մի հարթակ, որտեղ պետական մարմինների հանրային կապի պատասխանատուներն ամենօրյա շփման մեջ են միմյանց հետ, համագործակցում են, առաջարկություններ ներկայացնում, տեղադրում օրվա իրենց մասնագիտական աշխատանքի արդյունքները: Հարթակում կենտրոնացվում են պետական մարմինների տեղեկատվական ընթացիկ բոլոր հոսքերը՝ թողարկվող մամուլի հաղորդագրությունները, նախատեսվող միջոցառումների անոնսները, ԶԼՄ ամենօրյա մոնիտորինգի արդյունքում տվյալ մարմնում իրականացված քայլերը, տարեկան եւ ընթացիկ ծրագրերը, մասնագիտական գրականություն: Տեղեկատվական ամենօրյա հոսքերը կենտրոնացնելով մեկ հարթակում, բացի կարճ ժամանակում միմյանց գործունեության վերաբերյալ փոխադարձ իրազեկվածության ապահովումը՝ հնարավոր է դառնում նաեւ հետեւել տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների, մամուլի քարտուղարների ընթացիկ աշխատանքին, գործառույթների պատշաճ որակով իրականացմանը՝ ժամանակ առ ժամանակ առարկայական քննարկումներ ունենալ նրանց հետ՝ փաստացի ներկայացնելով թերացումներն ու խրախուսելով լավ աշխատանքը: Վերջերս ՀՀ տարածքային կառավարման նախարարության աջակցությամբ այս նախագծին միացրինք նաեւ մարզպետարանների հանրային կապի պատասխանատուներին, ինչը թափանցիկ է դարձնում մարզերում կատարվող մասնագիտական ամենօրյա աշխատանքը եւս: Հարթակի զարգացման մի որոշակի փուլում առանձին բաժիններ նախատեսում ենք բացել նաեւ ԶԼՄ-ների համար: Կարծում եմ, նրանց համար եւս օգտակար կլինի:
– Իսկ ինչպե՞ս են ընկալում պետական մարմինների ղեկավարները ձեր կողմից իրականացվող քայլերը:
– Ըմբռնումով ու համագործակցության պատրաստակամությամբ. ի վերջո, մենք աջակցում ենք նրանց՝ ունենալու հասարակայնության հետ կապի եւ տեղեկատվության ոլորտի ավելի լավ մասնագետներ, որոնց կարիքն այսօր շատ կա: Աշխատանքի առաջին ամիսներին մենք առավելապես աշխատել ենք մեր գործընկերների հետ: Մինչ նրանց ղեկավարների հետ խոսելը՝ փորձել ենք հնարավորինս օգնել մեր գործընկերներին՝ բարձրացնելու իրենց ամենօրյա աշխատանքի որակն ու հիմա էլ շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել: Եթե տվյալ կադրը անհուսալի է եւ չի կարող իր գործառույթների լիարժեք իրականացման համար անել ավելին, քան անում է, այդ դեպքում խնդիրը բարձրացնում ենք ղեկավարի առջեւ: Լինում են դեպքեր, երբ պետական մարմնի ղեկավարին մեր գործընկերների հետ համատեղ ենք մասնագիտորեն հիմնավորված առաջարկներ ներկայացնում, որն օգնում է հանրային կապի պատասխանատու մեր գործընկերներին իրենց հետագա աշխատանքում: Գիտեք, խնդիրը միայն գործընկերները չեն: Ցավոք, կան ղեկավարներ, ովքեր միշտ չէ, որ պահանջկոտ են ու հետեւողական՝ իրենց աշխատողների ամենօրյա աշխատանքի նկատմամբ կամ ուղղակի բավարար պատկերացում չունեն այդ ոլորտում աշխատանքի մասին: Նրանց համար հրապարակային աշխատանքը, իրենց մամուլի քարտուղարների կամ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքը երկրորդական է եւ ոչ այնքան հրատապ ու կարեւոր: Սա էլ անդրադարձի մեկ այլ թեմա է: Այս վերաբերմունքը փոխելու ուղղությամբ եւս աշխատում ենք, որտեղ նման խնդիրներ ենք նկատում: Հաճախ ՀՀ նախագահի աշխատակազմի միջամտությունն է լինում՝ հրապարակված այս կամ այն խնդրին արձագանքելու, լուծում տալու եւ այդ մասին հասարակությանն իրազեկելու: Դա նշանակում է, որ հանրային կապի պատասխանատուները տեղերում լավ չեն աշխատում, աչալուրջ չեն հետեւում՝ ինչ է գրվում, ինչ է ասվում, բայց որ ամենակարեւորն է՝ չեն պատկերացնում՝ ինչպես պետք է անել հաջորդ քայլը: Ակնհայտորեն, մասնագիտական կարողությունների պակաս կա, այնպես՝ ինչպես եւ լրագրության ոլորտում: Այս խնդրի լուծման համար համագործակցում ենք նաեւ միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների հետ՝ ոլորտի լավագույն մասնագետներ հրավիրելու եւ մեր գործընկերների հետ կրթական, վերապատրաստման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, խրախուսում ենք գործընկերների համագործակցությունը, փորձի փոխանակումը, մասնագիտական աջակցությունը միմյանց, որը պակաս կարեւոր չէ: Այն, ինչ սկսել ենք, գոհացուցիչ արդյունք ունենալու համար երկարատեւ աշխատանք է պահանջում՝ մի շարք պետական մարմիններում աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության, հանրային կապի պատասխանատուների կարգավիճակի բարձրացման ու կադրային, տեխնիկական հարցերից մինչեւ այդ ոլորտի աշխատանքների հնարավորին համակարգման, համագործակցության խթանման ու պետական տեղեկատվական քաղաքականության իրականացման համար գործուն մեխանիզմների ստեղծման ու զարգացման աշխատանքների իրականացում: