Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

FIDH-ը եւ լեգիտիմությունը

Ապրիլ 03,2010 00:00

  Քաղբանտարկյալների կանայք, ինչպես նաեւ մի շարք հասարակական եւ քաղաքական գործիչներ հինգշաբթի օրը դիմել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային (FIDH)՝ բողոքելով Երեւանում կայանալիք Մարդու իրավունքների համաժողովին Սերժ Սարգսյանի եւ Գեւորգ Դանիելյանի մասնակցության դեմ: Շարադրելով 2008 թվականի ընտրություններին հետեւած հայտնի իրադարձությունները եւ տալով դրանց, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ գնահատական (ընտրությունները կեղծվել են, դրանց հետեւել են իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կազմակերպված բռնությունը, սպանդը, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ պետական բռնաճնշումները)՝ նամակագիրները հայտնում են հետեւյալ մտահոգությունը. «Հիմա տպավորություն է ստեղծվում, որ FIDH-ի կոնֆերանսը նպատակ է դրել այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակները քննարկելու ֆոնին լեգիտիմացնել Հայաստանի այն ղեկավարներին, որոնք մարդու իրավունքների ոտնահարման մրցավազքում չեն զիջում Բիրմայի, Եմենի, Աֆղանստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Ռուանդայի, Կոլումբիայի, Կամբոջայի, Քենիայի, Չեչնիայի իրենց գործընկերներին»։
Բնական է, որ ընդդիմադիր շրջանակները փորձում են օգտագործել ցանկացած առիթ՝ իրենց արդար պահանջները բարձրաձայնելու համար: Ճիշտ է նաեւ այն արձանագրումը, որ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում ողբալի է: Սակայն ինձ թվում է, որ այդ արդար նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որ փաստարկները լինեն անխոցելի: Տվյալ դեպքում Ուզբեկստանի կամ Ռուանդայի հետ համեմատությունն այնքան էլ տեղին չէ: Այդ երկրներում, որքան գիտեմ, ընդդիմությունը հանրահավաքներ չի անում, ասուլիսներ չի անցկացնում եւ իր տպագիր լրատվամիջոցները չունի: Դրա պատճառը, բնականաբար, այն չէ, որ Հայաստանի իշխանություններն ավելի ժողովրդավար են, քան, ասենք, Բիրմայինը: Պարզապես թվարկած երկրները ավելի քիչ կախում ունեն միջազգային հանրությունից, եվրոպական կառույցներից, նրանց գնահատականներից եւ զեկույցներից: Հայաստանում այդ զեկույցներն ամբողջությամբ արհամարհել հնարավոր չէ, կարելի է դրանք չկարդալ, ձեւ անել՝ իբր արձագանքում ես, մշակել ձեւական ժամանակացույցեր, «բարեփոխել օրենսդրությունը» եւ այլն: Բայց հայտարարել, որ այդ կառույցների գնահատականները իրենց բացարձակապես չեն հետաքրքրում, մեր իշխանությունները չեն կարող: Դա է ժողովրդավարության առումով Հայաստանի եւ Ռուանդայի գլխավոր տարբերությունը, որը չնկատել հնարավոր չէ:
Չնայած քաղաքականության մեջ շանտաժը պայքարի ընդունված ձեւ է, անձամբ ինձ այդ գործելաոճը բացարձակապես դուր չի գալիս: Հավանաբար, աշխարհի բոլոր կազմակերպությունների կամ անհատների յուրաքանչյուր քայլ կարիք չկա կապել ՀՀ իշխանությունների լեգիտիմության խնդրի հետ: Թե չէ՝ ցանկացած մարդու ամեն մի փռշտոցից հետո անհրաժեշտություն կառաջանա հարցնել՝ «ձեր փռշտոցը լեգիտիմացնո՞ւմ է իշխանությանը, թե՞ հակառակը՝ պայքարում է ռեժիմի դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել