Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶՆ ՈՒ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Ապրիլ 03,2010 00:00

Հայաստանի Հանրապետական կուսակցության 20-ամյակի առիթով երեկ «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսը նշանավորվեց  Գալուստ Սահակյանի մտքերի հերթական փայլատակումներով: Խոսելով կուսակցության անցած ուղու մասին՝ նա նախ նշեց, որ կուսակցությունը մեծ պատվով տանում է երկիր զարգացնելու գործը, եւ Աշոտ Նավասարդյանից, Վազգեն Սարգսյանից, Անդրանիկ Մարգարյանից հետո կուսակցության գիծը հստակ իրականացնում է Սերժ Սարգսյանը: Կարկառուն ՀՀԿ-ականի կարծիքով՝ իրենց ընդդիմախոսները փորձում են սոցիալական իրավիճակներ շահարկել եւ մոռանում են հայրենասիրության մասին: Ի հեճուկս այդ ամենի՝  նա խոստացավ, որ իրենց թողած ժառանգությունը լինելու է ամուր եւ կշռադատված պետությունը: Իսկ ՀՀԿ-ի գործունեության առավելությունը նա համարում է այն, որ իրենք կան ու դեռ երկար են լինելու: Նա վստահաբար հայտարարեց, որ 2013 թվականին միանշանակ իր թեկնածությունը դնելու է նախագահական ընտրություններին: Լրագրողների հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանն էլ դնի իր թեկնածությունը, ո՞ւմ կսատարի ինքը, ասաց, որ չի կարծում, որ նրանք մրցակցեն, քանի որ Քոչարյանի ու Սարգսյանի քաղաքականությունը շարունակական ծրագրեր են, եւ մեկը շարունակում է մյուսին: Թե ո՞ւմ կսատարի ՀՀԿ-ն՝ կախված է քաղաքական իրավիճակից, իսկ իրավիճակը «գնալով կայունանում է»,- վստահ է բոլոր իշխանությունների օրոք «նախանձելիության» աստիճանի իշխանամետ Գալուստ Սահակյանը: Արտահերթ ընտրությունները, Գալուստ Սահակյանի կարծիքով, «ընդդիմության սին երազներն են, արտահերթ ընտրություններն անհեթեթություն են: Դրա համար պետք է քաղաքական վերլուծություններ լինեն, որոնք բացակայում են»: Իսկ 2-3 հազար դրամ թոշակների ու նպաստների բարձրացումը իշխանական կերակրատաշտից կայուն եւ բազմակողմանի սնվող Գալուստ Սահակյանի կարծիքով՝ ամբողջովին փոխհատուցում է գների բարձրացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել