Երեկ Գյումրու ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտից փախուստի է դիմել 25-ամյա գյումրեցի կալանավոր Հովհաննես Մանուկյանը: Նա անասնագողության կասկածանքով գտնվում էր Արթիկի քրեակատարողական հիմնարկում եւ դատարան էր բերվել դատավճիռ կայացնելու նպատակով: Սակայն դատարանի շենք դեռ չմտած՝ կալանավորը հաջողացրել է «ծլկել» ոստիկանների քթի տակից:
Տեղեկացնենք, որ «հնարամիտ» երիտասարդը նախկինում եւս դատապարտված է եղել նույն մեղադրանքով, սակայն համաներվել է ու ազատ արձակվել: Փախուստը կազմակերպված էր, թե ոչ՝ իրավապահները ոչինչ չեն ասում, միայն փաստում են, որ հատուկ քննչական ծառայությունից երեկ Գյումրի են ժամանել՝ կալանավորին ուղեկցող ոստիկանների մեղքը պարզելու:
Ի դեպ, նախորդ օրը Գյումրիում տեղի ունեցած կրիմիալ մեկ այլ դեպքի կենտրոնում դարձյալ 25 տարեկան երիտասարդ էր՝ դարձյալ Մանուկյան ազգանունով: Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում փորձել էին վզատել Գրիգոր Գագիկի Մանուկյանին: Ոստիկանությունը հերքում է գյումրեցիների այն ենթադրությունները, թե տուժողը Գյումրու կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի որդին է: Չնայած դեպքից երկու օր է անցել, սակայն այս մասին պաշտոնապես գրեթե ոչինչ չեն հաղորդում, միայն տեղեկացնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, չպարզված անձը սուր կտրող գործիքով կտրել է Գրիգոր Մանուկյանի պարանոցը: Հարուցված է քրեական գործ Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասով, այն է՝ առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելով՝ կյանքին վտանգ սպառնալը: Նաեւ հայտնի է, որ վիրահատությունից հետո երեկ Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից երիտասարդին տեղափոխել են մայրաքաղաքի «Էրեբունի» հիվանդանոց: Թե ո՞րն է եղել նման դաժանության պատճառը, Գյումրիում տարբեր վարկածներ են պտտվում. կան խոսակցություններ, որ երթուղու հաշիվ է եղել, մեկ այլ վարկածով՝ սա ուղեւոր ու վարորդ վեճի արդյունք է: Քանի որ տուժածին հիվանդանոց են տեղափոխել 28 համարի երթուղով, կան տեղեկություններ, որ հենց երթուղու մեջ է կատարվել մահափորձը, հետեւաբար եւ նախորդ օրը ոստիկանություն էին տարել վերոհիշյալ երթուղու բոլոր վարորդներին: Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներն էլ հաղորդում են, որ երիտասարդին փորձել են վզատել երեք հոգով, քանի որ նրա հետ անձնական հաշիվներ են ունեցել: