Պարզելու, թե արդյոք հակասահմանադրակա՞ն է ՀՅԴ առաջարկը՝ ԱԺ-ին միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում անելու լիազորություն տալու վերաբերյալ:
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն տվեց ՀՅԴ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի, Արտյուշ Շահբազյանի եւ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությանը «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին: Դրական եզրակացություն տալուն կողմ էին հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, որպես այս հանձնաժողովի անդամ՝ առաջին անգամ նիստին մասնակցող Վահան Հովհաննիսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը: Դեմ էին ՀՀԿ-ականներ Վազգեն Կարախանյանը, Համլետ Հովհաննիսյանը, Շիրակ Թորոսյանը եւ ԲՀԿ-ական Էռնեստ Սողոմոնյանը: Անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը քվեարկեց ձեռնպահ: Նման քվեարկությունը կանխորոշված էր, քանի որ մարտի 19-ին ուղարկված եզրակացությամբ կառավարությունն աննպատակահարմար էր համարել այս նախաձեռնության ընդունումը: Մասնավորապես անդրադառնալով ՀՅԴ առաջարկին՝ ԱԺ-ին լիազորություն ընձեռել միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում անելու, եւ մինչեւ ուժի մեջ մտնելը՝ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը դադարեցնելու վերաբերյալ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրած փաստաթղթում նշված էր, թե ՀՀ Սահմանադրության 62 հոդվածի համաձայն՝ ԱԺ լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ: Իսկ Սահմանադրության 81 հոդվածի համաձայն՝ ԱԺ-ի միջազգային պայմանագրերին վերաբերող լիազորությունները սահմանափակվում են՝ դրանք ՀՀ նախագահի առաջարկությամբ վավերացնելով, կասեցնելով կամ չեղյալ հայտարարելով. «Հետեւաբար, օրենքով ՀՀ Ազգային ժողովին չեն կարող վերապահվել այնպիսի լիազորություններ, որոնք նախատեսված չեն ՀՀ Սահմանադրությամբ»:
Հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ դաշնակցականները կառավարության այս փաստարկներին հակադրում էին, թե ԱԺ-ն ունի հայտարարություններ անելու սահմանադրական իրավունք, իսկ վերապահումը հենց հայտարարություն է՝ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 46 հոդվածի համաձայն: Այսուհանդերձ՝ Վահան Հովհաննիսյանը նկատեց, թե սա այն հարցն է, որի վերաբերյալ կարող են ՍԴ-ից մեկնաբանություն խնդրել, եթե կոալիցիան միանա եւ ունենան անհրաժեշտ 27 ստորագրությունը՝ ՍԴ դիմելու համար. «Եվ ՍԴ որոշումը կընդունենք բոլորս: Եթե համաձայնեք՝ մեծ սիրով, գնանք ՍԴ»: Առաջարկին կողմ էր նաեւ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Ի դեպ, ՀՅԴ նախագծով առաջարկվում է նաեւ նախատեսել ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը կասեցնելու եւ դադարեցնելու հիմքերը: «Ստորագրելը հեշտ է՝ կամերաների առաջ, հետ վերցնելն է դժվար,- այս կապակցությամբ նկատեց Վահան Հովհաննիսյանը:- Հիմա որ Հիլարի Քլինթոնը հարցնի՝ էդ ինչի՞ եք հետ վերցնում, ի՞նչ եք ասելու»: Էռնեստ Սողոմոնյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ Դուք Քլինթոնի մասին շատ վատ կարծիքի եք: Ինքն ամեն ինչ էլ հասկանում է»: Ստյոպա Սաֆարյանը կեսկատակ առաջարկեց. «Չէ, այնուամենայնիվ՝ ասա, ո՞նց եք բացատրելու: Ասա՝ «Because» ու շարունակիր»: Փոխարենը Էռնեստ Սողոմոնյանը հետո Ստյոպա Սաֆարյանին սկսեց կշտամբել, թե քաղաքագիտությունից պրիմիտիվ բաներ չգիտի. «Գնա՝ քաղաքագիտական գրքեր կարդա, ոչ թե ՍԴ դիմի: Քանի կամ՝ սովորի, էլի, էսօր կամ՝ վաղը չկամ»: «Մի՛ փորձեք իմ ֆոնին երեւալ»,- առաջարկեց նրան «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Վերջինիս դասեր փորձեց տալ նաեւ Համլետ Հարությունյանը՝ «Ամենապրիմիտիվ քաղաքագետը պիտի որ հասկանար…», ընդ որում՝ ասաց, թե այդ որակումը սովորել է Վահան Հովհաննիսյանից, առաջին անգամ նա է իրեն այդպես անվանել: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հակադարձեց. «Ես ոչ մեկին այստեղ պրիմիտիվ քաղաքագետ չեմ համարում, քանի որ շատերը պարզապես քաղաքագետ չեն»:
Չնայած օրակարգում ընդգրկելու վերաբերյալ հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ ՀՅԴ-ն մտադիր է օգտվել ընդդիմությանը վերապահված իրավունքից եւ իր նախաձեռնությունը ճանաչելով հրատապ՝ այն, այնուամենայնիվ, քննարկել ԱԺ նիստում: