Կանխատեսվում է, որ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում ՀՀ նախագահն ու Թուրքիայի վարչապետը կխոսեն ԼՂ-ի մասին
Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուամենայնիվ, մեկնելու է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կազմակերպվելիք միջուկային անվտանգության համաժողովին: Այն, որ երկար սեթեւեթանքներից հետո Էրդողանը կմեկնի ԱՄՆ, երեկ հաստատել է ինքը՝ Թուրքիայի վարչապետը: Էրդողանը լրագրողներին փոխանցել է նաեւ, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը, որը խորհրդակցությունների համար Վաշինգտոնից Անկարա ետ էր կանչվել մարտի 4-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո, իր այցից ավելի շուտ՝ արդեն հաջորդ շաբաթ կվերադառնա ԱՄՆ: Հիշեցնենք, որ մինչ այս պաշտոնական Անկարան հայտարարում էր, որ իր դեսպանը Վաշինգտոն կմեկնի բացառապես այն դեպքում, երբ այնտեղից հստակ երաշխիքներ ստանա, որ թիվ 252 բանաձեւը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում չի հայտնվի: Ու թեեւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին շրջանցել է հարցադրումը, թե՝ արդյոք Վաշինգտոնը Թուրքիային որեւէ երաշխի՞ք է տվել բանաձեւի հետագա ճակատագրի վերաբերյալ, բայց հստակ է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած այդ կնճիռը այս անգամ էլ այլեւս հարթված է: Իսկ այն, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը ետ կվերադառնա, եւ Էրդողանն էլ կմեկնի Վաշինգտոն, թերեւս, ամրապնդում է շրջանառվող այն կարծիքները, որ նույն միջոցառմանը մասնակցելու Օբամայի հրավերն ընդունած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում կհանդիպի ոչ միայն Օբամայի եւ Պետքարտուղար Քլինթոնի, այլ նաեւ՝ Էրդողանի հետ: Եվ այսպես՝ ո՞րը կարող է լինել այդ հանդիպումների քննարկման նյութը՝ հայ-թուրքական հարաբերություննե՞րը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությո՞ւնը, թե՞ երկուսն էլ: Ինչպես «Առավոտի» հետ մասնավոր զրույցում պնդեց ընդդիմադիր գործիչներից մեկը՝ քննարկման հիմնական թեման կլինի ԼՂ հակամարտության կարգավորումը: Նրա ասելով, շատերն էին սպասում, որ թիվ 252 բանաձեւի հետ կապված պատմությունից հետո Թուրքիան պետք է որ ընկճված լիներ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու արձանագրությունների վավերացման հարցում զիջումների գնար: Համենայնդեպս, նման կանխատեսումներ անում էին հայաստանյան «հանրապետականները»: Իրականում, սակայն, եղավ հակառակը: Թուրքիան շատ մեծ աղմուկով ետ կանչեց ԱՄՆ-ում իր դեսպանին եւ նրա վերադարձի համար պայման դրեց նաեւ Վաշինգտոնի առաջ. որպես ճնշում՝ Էրդողանը մերժեց Օբամայի՝ Վաշինգտոն այցելելու հրավերը՝ հայտարարելով, որ նման այց չի լինի, քանի դեռ Անկարան իր բարձրացրած հարցերին ընդունելի պատասխաններ չի ստացել: Ընդ որում, այդօրինակ ճնշումները Թուրքիան գործադրեց միանգամայն հրապարակայնորեն, իսկ ոչ հրապարակայնորեն՝ Թուրքիան ԱՄՆ-ի առաջ դրեց նաեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: «Դա որոշ չափով հրապարակային դարձավ այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ տեղի ունեցավ Դավութօղլու-Քլինթոն 45 րոպե տեւած հեռախոսազրույցը: Դրա հաջորդ օրը միայն մամուլի ասուլիսում Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Քրոուլին հայտարարեց, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ղարաբաղի հարցը: Այսինքն՝ կարելի է հետեւություն անել, որ մինչեւ երեկ Էրդողանի՝ ԱՄՆ մեկնելու պայմանը այլեւս ԼՂ հարցն է»,- նկատեց մեր զրուցակիցը: Այսպիսի ենթադրություն անելու հիմքն այն է, որ Էրդողանը մինչեւ երեկ էլ Վաշինգտոնից թիվ 252 բանաձեւի վերաբերյալ իր պայմանները բավարարող խոստումներ էր ստացել, բայց նույնիսկ այդ պայմաններում էլ չէր ուզում Վաշինգտոն գնալ: Ինչո՞ւ. որովհետեւ նրա երկրորդ պայմանը ԼՂ հարցն օրակարգ բերելն էր, եւ նա պետք է վստահ լիներ, որ ԱՄՆ-ում քննարկվելու է ոչ միայն հայ-թուրքական, այլեւ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, որ հայկական կողմի վրա ճնշումներ են գործադրվելու հարցն արագ կարգավորելու ուղղությամբ: Որոշ փորձագետների կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ թուրքական կողմի փաստարկները միջազգային հանրության համար կարող են ընկալելի լինել, որովհետեւ թուրքական կողմը վկայակոչում է այն, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան նորացված առաջարկներին ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել, իսկ հայկական կողմը՝ ոչ. կան առարկություններ միանգամից 4 կետերի առնչությամբ: Այս ֆոնի վրա թուրքական կողմի տրամաբանությունն էլ այս է՝ Սերժ Սարգսյանը դեռ սահմանը չբացած՝ իր դիրքորոշումն արդեն խստացրել է, պատկերացրեք՝ սահմանը բացվեց, նա Ալիեւի հետ այլեւս չի էլ բանակցի: Բոլոր դեպքերում, հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի առանձին ներկայացուցիչների, նկատի ունենալով Էրդողանի՝ Վաշինգտոն մեկնելու փաստը՝ առաջիկայում շատ հետաքրքիր զարգացումներ է ակնկալում: Նրանց կարծիքով՝ եթե Էրդողանը որոշել է Վաշինգտոն մեկնել, ուրեմն՝ Ղարաբաղի հարցում լուրջ ճնշումներ են լինելու Սերժ Սարգսյանի վրա: Այլապես Էրդողանը Վաշինգտոն չէր գնա, իսկ գնում է, որովհետեւ նրա բոլոր պայմանները բավարարված են: Եթե նա մինչեւ երեկ այդպիսի որոշում չէր կայացրել, ուրեմն պայմանը ԼՂ-ն էր, որովհետեւ նրա մյուս պայմաններն այլեւս բավարարված էին: Ի դեպ, այդպիսի պնդումները հաստատող փաստարկ կարող է լինել նաեւ Էրդողանի՝ երեկ արած այն հայտարարությունը, թե՝ դեսպան Նամիք Թանը ավելի վաղ է մեկնելու Վաշինգտոն՝ «ԱՄՆ-ում կարեւոր քննարկումներ կան»:
Ուրեմն՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել Վաշինգտոնում: Ամենահնարավոր տարբերակն այն է, որ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցը կարող է շատ նման լինել Փարիզ կատարած այցին, որտեղ քննարկման հիմնական թեման ԼՂ հակամարտության կարգավորումն է եղել: Հիմա հերթը ԱՄՆ-ինն է, եւ Սպիտակ տանը ՀՀ նախագահին, թերեւս, կհասկացնեն, որ նա, ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են ձեւակերպել՝ «2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը՝ համանախագահների կողմից Հիմնարար սկզբունքների նոր ձեւակերպմամբ» առաջարկները չընդունելու օպցիա չունի:
Որ Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի հետ, հակառակ ՀՀԿ-ից հնչող կարծիքների, քննարկվելու է գլխավորապես նաեւ ԼՂ հարցը՝ չի կասկածում նաեւ ՀԱԿ-ին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: «Կարծում եմ՝ տարածաշրջանային բոլոր հարցերը կոմպլեքս քննարկվելու են եւ առաջին հերթին՝ հայ-թուրքական արձանագրությունները եւ ԼՂ խնդիրները, որովհետեւ Միացյալ Նահանգները՝ անկախ պաշտոնական հայտարարություններից, դրանք համարում է փոխկապակցված, առավել եւս, որ տարածաշրջանային համագործակցության կայացման տեսանկյունից կարեւորվում է կնճռոտ խնդիրների լուծումը Հարավային Կովկասում»,- նկատեց Ս. Սուրենյանցը՝ հավելելով, թե՝ ակնկալել, որ մի հարցը մյուսից անջատ է քննարկվելու, կնշանակի իրական քաղաքականությունից կտրված լինել: