Ինչո՞ւ «հին գվարդիան» նահանջեց
«Խմենք ապագայի կենացը». այս առաջարկը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանինն է: Այն հնչել է 2008 թվականի փետրվարի 6-ին, «Անի» հյուրանոցում («Առավոտ», 07.02.2008՝ «Խմենք ապագայի կենացը»): Այդ օրը ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող ուժերի համաժողովում հայտարարվեց, որ «հին գվարդիան»՝ ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ (Հրանտ Խաչատրյանի ղեկավարած), «Ազգային պետություն» եւ «Ազգային միասնության ուխտ» կուսակցություններն առաջիկա մեկ տարվա ընթացքում, անկախ փետրվարի 19-ի ընտրության արդյունքներից, կմիավորվեն եւ կկազմեն ազգային-ժողովրդավարական գաղափարախոսություն դավանող նոր միավորում: Այդ օրվա իր ելույթում Վազգեն Մանուկյանն առաջարկում էր պատվով եւ հպարտությամբ փակել մեր պատմության ղարաբաղյան պատերազմով բացված 20-ամյա էջը, նշելով, որ ձեռքբերումները մեծ են՝ անկախ պետություն, հաղթանակ պատերազմում, Արցախի փաստացի ազատագրում եւ անկախություն, Հայաստանում ժողովրդավարության սաղմերի ձեւավորում: Հիշում էր նաեւ դառնությունների եւ կորուստների մասին. «Մարդկանց մի խումբ, ձեռքը վերցնելով ամբողջ քաղաքական իշխանությունը եւ վերահսկողությունը տնտեսության վրա, մրցակցությունից դուրս որոշում է մեր երկրի ապագան, մեր ապագան, մեր հաջորդ սերունդների ապագան»: Նաեւ հավելում էր. «Մենք տեսնում ենք ապագան եւ միտված ենք ապագային»: Թե ո՞ր ապագան էր տեսնում, ո՞ր ապագային էր միտված եւ ո՞ր ապագայի կենացն էր խմում պարոն Մանուկյանը՝ այսօր մնում է միայն ենթադրել, քանզի երեկ նա հրաժարվեց պատասխանել 2008-ի իր վերոնշյալ նախաձեռնությանը վերաբերվող հարցերին. «Ինձ հետաքրքիր չէ ոչ այդ հարցը, ոչ այդ հարցի պատասխանը»:
«Վազգենը շատ խելոք բան ասեց: Մեծ գաղափարական ներդրում էր, բայց այսօրվա հոգեւոր վիճակում դա շուտ էր: Հնարավոր է՝ այդ պահին դա Վազգենի համար քաղաքական տրյուկ էր, բայց ես գիտեմ նաեւ, որ ինքն էլ նվիրված է եղել այդ գաղափարներին»,- «Առավոտի» հետ վերհիշելով այդ շրջանի իրադարձությունները՝ ասաց «Ազգային պետություն» կուսակցության ղեկավար Սամվել Շահինյանը ու ցավով արձանագրեց, որ այդ «խելոք բանը» հետո անմիջապես դադարեցվեց, ինչը մեր զրուցակիցը յուրօրինակ կերպով է բացատրում. «Բոլորս էլ ծերանալու հակումներ ունենք, այդ թվում նաեւ ես, դա պիտի երիտասարդ սերունդն անի, բայց իրենց մոտ շինծու է: Չեմ հավատում այսօրվա հայրենասիրական-ազգային շարժումներին: Այն, ինչը որ Վազգենն էր ասում, դա հին երազանք է եւ ավելի ինտելեկտուալ տարբերակով իրականանալի: Ոչ թե լոզունգային, այլ՝ կազմակերպող լիներ… Մեր ժողովրդին հիմա վաղվա օրվա համար շատ ավելի կարեւոր է միտքը, գաղափարը, քան փողն ու զարգացումը: Խոսքը իրական գաղափարների մասին է, ոչ թե այնպես, ինչպես հրեաներն արեցին, չէ, դա թույլ ազգերի համար է: Մենք ոգեղեն ենք, շատ ենք կորցրել, մենք Աստծուն հավատացող ենք: Մարդասիրական հողի վրա մենք կարող ենք աշխարհը նվաճել: Այն սերը, որ կա հայ ժողովրդի մեջ՝ Թումանյանի, Նարեկացու, Մեծարենցի եւ մյուսների մեջ, պետք է կազմակերպող լինենք ու նվաճենք աշխարհն այդ սիրով: Ընդամենը: Ես վստահեցնում եմ, որ դա ավելի հուժկու զենք կլինի, քան համաշխարհային տարբեր սինդիկատները: Աշխարհն այսօր սիրո կարոտ է»: Ամեն դեպքում, պարոն Շահինյանը հայտարարում է, որ այդ օրը հնչած որոշ գաղափարներ այսօր վարչապետն ու նախագահը մասամբ կիրառում են. «Թեկուզ այն, որ նախագահն անընդհատ քայլում է տարբեր երկրներում եւ հայի նման է քայլում. ուշադրություն դարձրեք նրա վերջին այցերին ու պահվածքին: Այն, ինչը որ մենք էինք ուզում, որ հայկական, ազգային խնդիրները միջազգային ասպարեզում լուծված լինեն՝ ինքը դա ռեալ իրականացնում է: Չեղած Հայաստանն այսօր Թուրքիային գլխի վրա շուռ է տվել: Գիտեք, չէ՞, որ Սերժ Սարգսյանն աչքիս լույսը չի, բայց ճիշտ ու զիլ քաղաքականություն է վարում: Ես պատրաստ եմ ստորագրելու արտաքին հարաբերություններում իր բոլոր արածների տակ: Ներքին հարաբերություններում ընդհանրապես շանս չունի, դա օլիգարխների ձեռքին է»: Սամվել Շահինյանը նաեւ նկատում է, որ Սերժ Սարգսյանն այս քայլերն իրականացնում է «երկու կրակի» արանքում. «Լեւոնը մի կողմից է խեղդում, Ռոբերտը՝ մյուս: Այդ վիճակում, ինչ որ Սերժ Սարգսյանն անում է՝ հալալ է իրեն: Մարդն ազնվորեն իր բեռը քարշ է տալիս: Եթե յուրաքանչյուրս կարողանանք այդքան մեր խոսքին տեր լինել՝ շատ լավ արդյունքներ կստացվեն»: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում մեր զրուցակցի համար անվիճելի է, որ նա կարող է հասարակության շարժիչ ուժը՝ 30 տոկոսն ուղղորդել ընդդեմ Սերժ Սարգսյանի, ապա Ռոբերտ Քոչարյանին համարում է էներգետիկայի ոլորտի ամենահզոր հայ օլիգարխը: Իսկ Հրանտ Խաչատրյանն այսպես արձագանքեց մեր հարցին. «Ընտրություններից հետո ինքս քաղաքականությունից դուրս եկա: Մյուսներն էլ… միգուցե հարմար պայմաններ չեղան»: ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանին անգամ չդիմեցինք. նման մանր-մունր խնդիրներով նրան այսօր հարմար չէ ծանրաբեռնել: