Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄՐ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 02,2010 00:00

Կամ՝ ինչպես մաքրել մարդկանց հոգիները

Հայկական կատակերգությունը նոր դեմք է ստանում. համենայնդեպս՝ այս մտքին են «Պարադիզ» ընկերությունն ու «Ժպիտ» ակումբը՝ նկատի ունենալով իրենց համատեղ նախաձեռնությունը՝ «Մանեկեն կամ միմ-շոու» կատակերգությունը:

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի պրեմիերան:

Թեեւ տոմսի վրա գրված էր, որ այն անաղարտ հայերենով ֆիլմ է լինելու, իրականում միմ-շոու էր՝ «համր»:

Նկարը պատմում է գործազուրկ դերասանի մասին, որն իր ապրուստը վաստակում է տարբեր վայրերում ու հաստատություններում մանեկեն աշխատելով ու պարբերաբար ընկնում ծիծաղելի իրավիճակների մեջ: Նա շատ նման է չապլինյան հերոսին, ով պայքարում է չարի, անարդարության դեմ: Կյանքում լինելով ձախողակ ու վախկոտ՝ անարդարությունների հանդիպելիս նա իսկական հերոս է դառնում՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները:

Ֆիլմում կիրառվել են բոլորի կողմից եւ բոլոր ժամանակներում ընդունված բարու եւ չարի դիմակները: Բարին մարմնավորում է Սերգեյ Դանիելյանը, իսկ չարը՝ Պոնչոն (դերասան՝ Վահագն Սիմոնյանը): Ֆիլմում կա նաեւ Գեղեցկուհի, որը մարմնավորում է տղամարդու երազանքը: Նա չարագործի ընկերուհին է՝ սառը, հաշվենկատ մի անձնավորություն, ում սիրահարվում է Մանեկենը եւ ով ֆիլմի վերջում պիտի վերափոխվի այդ սիրո ջերմությունից: Նրա դերում հանդես է եկել ֆոտոմոդել եւ դերասանուհի Մարիաննա Անտոնյանը:

Ինչպես նշեցինք, ֆիլմն առաջին հայացքից հիշեցնում է չապլինյան ոճը, ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը, սակայն, այլ կարծիքի է. «Մտադիր չեմ եղել հայկական Չապլին ստեղծելու. գուցե պերսոնաժս՝ Մանեկենն իր կեցվածքով ու շարժուձեւով նման է նրան, բայց Չապլինը չէ»:

Նպատակի մասին ասաց. «Այն թեթեւ, բարի, առանց սարկազմի, ցինիզմի՝ ուրախ ֆիլմ է: Նպատակն է՝ ոչ թե հանրությանը ստիպել անդադար ծիծաղել, այլ հոգեպես մաքրվել ֆիլմը դիտելուց հետո: Հույս ունենք, որ հանդիսատեսն այս ֆիլմը դիտելուց հետո փոխված եւ բարիացած դուրս գա կինոդահլիճից»:

Ռեժիսորի փոխանցմամբ, նկարը բարություն է քարոզում. «Այն բավականին աշխատատար էր, քանի որ նման տեսակի գործ ստեղծելը ե՛ւ ռիսկային է հայ հանդիսատեսի պարագայում, ե՛ւ, նաեւ, ծանր, քանի որ հումորն այստեղ այնպիսին չէ, ինչպիսին հրամցվում է հանդիսատեսին: Ֆիլմը կոմեդիայի մեջ է, բայց այնքան էլ կոմեդիա չէ»:

Մտահղացման եւ սցենարի հեղինակ Արմեն Վաթյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Երբ ծնվեց միտքը, առաջինը, ինչ ձգտել եմ՝ ունենալ ֆիլմ, որ կտարբերվի հայ իրականության մեջ նկարահանված ֆիլմերից՝ ռեժիսորական ու սցենարական լուծումներով, բովանդակությամբ»:

Նա կարեւորեց նմանատիպ ֆիլմերի առկայությունը, քանի որ, Արմենի խոսքով, Հայաստանում հումորի քանակը բոլոր նորմալ չափանիշներից ավելի է. «Մարդիկ արդեն սկսել են հոգնել այդ հումորից: Մենք էլ մտադիր չենք մարդկանց ծիծաղեցնել: Գոնե այնքանով օգուտ կտա այս ֆիլմը, որ մարդկանց մտածելու տեղիք կտա…»:

Թե ինչպես մեր օրերում կընդունվի «համր» ֆիլմը, սցենարիստը նշեց. «Մեր օրերում առանց երկխոսությունների ֆիլմ նկարելու մասին երեւի թե ոչ ոք չի էլ մտածում: Ֆիլմի նման «ձեւաչափը» հնարավորություն կտա այն ներկայացնել ոչ միայն հայաստանյան կինոշուկայում, այլեւ դրսի հանդիսատեսին, քանի որ խոսքի բացակայությամբ լուծվում է նաեւ լեզվական պատնեշի հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել