«Մի օր ընկերներիցս մեկն առաջարկեց գնալ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն: Ներկայացման ընթացքում անընդհատ փորձում էի ինձ դերասանների փոխարեն պատկերացնել ու, ամենակարեւորը, այդ պահին ցանկացա գլխավոր դերակատար հանդիսանալ: Հոգուս մեջ ամեն ինչ խառնվել էր, փորձում էի իմ ներսում նոր աշխարհ բացահայտել, որը կապված էր լինելու միմիայն թատրոնի հետ: Ուզում էի հասկանալ, թե ինչպես կխաղայի այս կամ այն դերը: Այդ օրվանից սկսեցի թատրոնը սիրել»,- պատմում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի ֆակուլտետի ուսանող, սկսնակ դերասան Նորայր Սահակյանը:
«Թատրոնին սկսեցի ավելի լուրջ վերաբերվել: Ամեն օր այցելում էի գրադարան՝ երկար ժամանակ տրամադրելով դերասանությանը վերաբերող գրքերի ընթերցանությանը: Ուզում էի հասկանալ, թե դերասանությունը առհասարակ ինչ երեւույթ է եւ ինչ է այն մեզանից պահանջում: Հետո հասկացա, որ այն իմ կյանքում առանձնահատուկ տեղ է գրավում»,- ասում է Նորայրը:
Փոքր ժամանակ Նորայրի մեջ «Zoro»-ի կերպարում հայտնվելու ցանկությունը այնքան մեծ է լինում, որ սկսում է սպորտով զբաղվել: Սակայն տասը տարի սպորտով զբաղվելուց հետո, երիտասարդը միանգամից շրջվում է արվեստի կողմը:
«10-րդ դասարանում ես հաստատ չգիտեի, թե ինչ մասնագիտություն եմ ընտրելու: Սկզբում որոշեցի ընդունվել Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ, այնուհետեւ որոշեցի դառնալ իրավաբան, բայց ի վերջո գտա այն, ինչին սիրահարվեցի՝ թատրոնը, բեմը, հանդիսատեսը»,- անկեղծացավ նա, շարունակելով պատմել այն ճանապարհը, ինչի միջով անցել է մինչեւ ընդունվելը:
«Որոշեցի ընդունվել իրավաբանական ֆակուլտետ, սակայն վերջին օրը մտափոխվեցի եւ գործերս հանձնեցի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Պատրաստվելու համար շատ քիչ ժամանակ ունեի: Պետք է հին հայկական ֆիլմերից դիտեի տասը ֆիլմ, ընթերցեի գրքեր, բարեբախտաբար դրանց մի մասին արդեն ծանոթ էի, ինչպես նաեւ պետք է ցուցադրեի իմ պարային ընդունակությունները,- մտաբերում է Նորայրը, շարունակելով:- Ճիշտ է, սկզբում իմ բալերը չհերիքեցին ինստիտուտ ընդունվելու համար, բայց հետո համառությանս շնորհիվ (քանի որ ես ընդամենը մեկ օրում էի պատրաստվել՝ բացառություն արեցին) ինձ ընդունեցին:
Նպատակասլաց ուսանողի խոսքերով, ինքը շատ էր ուզում մտնել «թատրոնի աշխարհ». չնայած նա դեռ 18 տարեկան է, բայց կարողացել է իրեն դրսեւորել՝ ֆիլմերում խաղալով («Կյանքի գինը», «Որոգայթ», «Սիրային խառնաշփոթ», «Ռոք օպերա»):
Իսկ թատրոնի մասին Նորայրը այսպես է արտահայտվում. «Շատ եմ սիրում թատրոնը: Ուրախ կլինեի, որ այն մարդկանց կյանքում բարձր հորիզոնական զբաղեցներ: Ցավալի է, որ հանդիսատեսի դեմքը ներկայացումից հետո տեսնելիս, հասկանում ես, որ նա դատարկ է դուրս գալիս դահլիճից»: