«21-ի հեռանկարների» հերթական անակնկալը
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «21-ի հեռանկարներ» դասական երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում, Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենան շվեյցարական ճանաչված Aguatuor եւ Pre- art անսամբլները: Հիշյալ փառատոնի՝ Երեւանում ժամանակին կայացած համերգներից մեր ունկնդրին ծանոթ կլինեն որոշ երաժիշտներ, այդ թվում՝ հոբոյահար, Շվեյցարիայի երաժիշտների ասոցիացիայի նախագահ Մատիաս Արտերը:
«Առավոտը» զրույցի հրավիրեց հայաստանցի դաշնակահար Արթուր Ավանեսովին (նկարում), որը Aguatuor-ի կազմում բազմիցս հանդես է եկել անսամբլի եվրոպական համերգաշարերում: Մեր զրուցակիցը նախ ներկայացրեց իր հանրահայտ գործընկերներին՝ սոպրանո Սիլվիա Նոպերին, հոբոյահար Մատիաս Արտերին, թավջութակահար Տոբիաս Մոստերին եւ կոնտրաբասահար Ալեքսանդր Գաբրիսինին: Pre- art-ի կազմում են ֆլեյտահար Բորիս Պրեվիշիչը, հոբոյահար Մատիաս Արտերը, սաքսոֆոնահար Ռաֆայել Կամենիշը, ակորդեոնահար Վլադիմիր Բլագոեւիչը եւ դաշնակահար Շտեֆան Վիրթը:
«Այս նախագծի հեղինակը Մատիաս Արտերն է: Երկար ժամանակ է, ինչ անսամբլները կատարում են կովկասյան եւ բալկանյան երկրների կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երեւանյան համերգից հետո կմեկնենք Վրաստան, որտեղ Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու Aguatuor-ը: Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Այս նախագիծն ունի նաեւ ենթանախագիծ. Aguatuor-ը Թբիլիսիում հանդես կգա նաեւ հայ, վրացի եւ ադրբեջանցի ուսանող կոմպոզիտորների երկերի կատարումով: Երեւանի կոնսերվատորիայից ընդգրկված են 2, Վրաստանից՝ 1 եւ Ադրբեջանից՝ 1 ուսանողի ստեղծագործություններ»,- հայտնեց Արթուրը: Իսկ թե ինչու միայն Վրաստանում, Ա. Ավանեսովը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ գուցե դրա պատճառը Մ. Արտերի տիկնոջ՝ Անիի վրացուհի լինելն է: Հավելեց նաեւ, որ երեւանյան համերգի ծրագիրը, որը Թբիլիսիում էլ կկատարվի, կազմված է Pre-art-ի տարիներ շարունակ տարածաշրջանում անցկացված մրցույթների արդյունքում:
Հետաքրքրությանը, թե Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախումբը ինչո՞ւ պետք է ղեկավարի հատկապես հայաստանցի դիրիժորը, դաշնակահարը հայտնեց հետեւյալը. «Վաղօրոք կայացած բանակցությունների արդյունքում վրացի եւ ոչ մի դիրիժոր պարզապես չհամարձակվեց հնչեցնելու միանգամից չորս ստեղծագործությունների պրեմիերա, ինչին հաճույքով համաձայնեց դիրիժոր Ասատրյանը»: Հարցրինք նաեւ՝ գուցե ի՞նքն է շվեյցարացիներին ներկայացրել հայ դիրիժորին: Ա. Ավանեսովն ասաց. «Հայ դիրիժորի թեկնածությունը ներկայացրել է Ժնեւում բնակվող կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը, որի ստեղծագործությունը եւս պետք է հնչի կայանալիք համերգում»: Խնդրեցինք բարձրաձայնել նաեւ վրացի եւ ադրբեջանցի կոմպոզիտորների անունները, դրանք են՝ Ռեզո Կիկնաձեն եւ Էլմիր Միրզոեւը: Տեղեկացանք նաեւ, որ այդ երեկոյին կներկայացվի նաեւ Շ. Վիրթի երկը: Հարցին՝ հնարավո՞ր է հետագայում վրաստանյան համերգը «տեղափոխել» նաեւ Երեւան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Պարզ է, որ վրաստանյան համերգը վաղօրոք պայմանավորվածության արդյունք է, իսկ ինչ վերաբերում է «տեղափոխելուն», իրավասու չեմ պատասխանել այդ հարցին»: