Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԺՎԱՐ Է ԱՌԱՋԱԴԵՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ

Ապրիլ 02,2010 00:00

\"\"Առավել եւս պահպանելը

Մեկ անգամ հրապարակավ ընդգծել եմ, որ այսօրվա Հայաստանը կարծեք թե Երեւան կենտրոնով շերեփուկ-պետություն լինի: Քանզի երկրի բնակչության մեծաքանակ կուտակումից բացի, երկրի գրեթե բոլոր գիտամշակութային, քաղաքական ու հասարակական օջախները կենտրոնացվել են Երեւանում: Վերջին քսան տարիներին հանրապետության մարզերի գյուղերը զրկվել են հոգեւոր սննդից՝ թերթ ու ամսագիր, գիրք ու գրականություն ստանալուց, որը պայմանավորված է բնակչության չքավորության հանգամանքով: Չեն գործում նաեւ համայնքների երբեմնի մշակույթի տները, ռադիոցանցը, գրադարանները չեն համալրվում նոր լույս տեսած գիր ու գրականությամբ: Իմիջիայլոց, հիշենք, որ հանրապետության 900-ից ավելի բնակավայրերի գյուղապետերից ու քաղաքապետերից մատների վրա կարելի է հաշվել այն համայնքապետերին, որոնք վերջին 15-20 տարիներին միջոցներ են հատկացնում համայնքային գրադարանները նոր գրականությամբ համալրելու, ֆոնդերի առկա քայքայված գրքերը նորոգելու-պահպանելու համար: Ճիշտ եւ ճիշտ հույն փիլիսոփա Դիոգենես Սինոպացու նման՝ օրը ցերեկով վառվող լապտերներով Հայաստանով մեկ պետք է շրջենք, որպեսզի համագյուղացիների ու նրանց դպրոցական երեխաների համար գիր ու գրականություն հայթայթող ազնիվ ու շիտակ գյուղապետեր փնտրենք: Բնակչության պատմահայրենասիրական, քաղաքական դաստիարակության դրվածքը երկրում այնքան բարձիթողի է, որ նույնիսկ գրականության 300-500 տպաքանակները տարիներով չեն իրացվում: Այնպես որ, մարզային բնակչության միակ տեղեկատվության աղբյուրը դարձել է դեռեւս անբավարար մակարդակ ունեցող հեռուստատեսությունը, մեկ էլ ընտրություններից ընտրություն ժամանակահատվածների որոշ աշխատանքների աշխուժացումը: Հանրապետությունում իսպառ կազմալուծվել է նաեւ գրավաճառ ցանցը, փակվել են բազմաթիվ գրախանութներ ու կինոթատրոններ: Այստեղ էլ մեկ օրինակ բերեմ՝ Երեւանում մինչեւ 1989թ. գործած շուրջ 60-65 գրախանութից մնացել է միայն 10-12-ը, որոնք էլ չունեն տարրական պայմաններ ու գրականության ցուցադրման տարածքներ: Նկատենք որ հանրապետությունում գործող բազմաթիվ հրատարակչությունների հրատարակած թե՛ մասնագիտական եւ թե գեղարվեստական գրականությունն էլ գրեթե անհասանելի է մնում ինչպես բնակչության լայն խավերին, այնպես էլ մասնագիտական շրջանակներին: Քանզի դրանք մնում են աննկատ, առանց գրախոսելու ու գնահատանքի, կամ էլ ներկայացվում են ծանոթ-բարեկամների հաղորդումներով: Այստեղ ավելորդ է փաստել նաեւ այն, որ հրատարակված գրականությունն էլ, Երեւանից բացի, չի տարածվում Սփյուռքում: Այնպես որ, այս բնագավառում վարվում է ջայլամային քաղաքականություն: Հիշենք նաեւ այն փաստը, որ այսօր Հայաստանում քանակական առումով 2-3 անգամ ավելի շատ գրականություն է հրատարակվում (դպրոցական գրականությունից բացի, մնացածը ցածր՝ 200-1000 տպաքանակներով), քան խորհրդային տարիներում: Ընդգծենք նաեւ այն, որ այսօր հրատարակվող գրականության մի մասը կամ ցածրորակ է, կամ էլ պարզապես խոտան: Խոսքի, արտահայտվելու ազատությունը այսօր, ցավոք, իրագործվում է ամենաթշվառ ու գավառական մակարդակներով: Շուրջ 500 տարվա գրահրատարակչական փորձ ունեցող Հայաստանում այսօր գիր ու գրականությունը ընթերցողին է հրամցվում առանց դույզն-ինչ մասնագիտական ու հրատարակչական խմբագրումների, բազմաթիվ սրբագրական վրիպումներով եւ այլեւայլ թերություններով:

Գրահրատարակչական ոլորտում գրեթե վերացել կամ էլ խորհրդանշական նշանակություն ունի ստեղծագործող հեղինակներին (գրողներին, բանաստեղծներին, գիտնականներին) հեղինակային հոնորարներ վճարելը: Էլ չեմ խոսում հանրապետությունում հեղինակային իրավունքի անպաշտպանվածության մասին: Առավել անտրամաբանական է հեղինակային հրատարակություն իրականացնող հեղինակների ֆինանսական դրությունը: Այսպես, հեղինակային հրատարակությամբ լույս տեսնող ստեղծագործության համար հեղինակը պետությանը վճարում է ծախսերի հավելյալ արժեքի 20%-ը, ապա գրավաճառ ցանցին եւս 20% եւ 10% էլ՝ եկամտահարկ: Ստացվում է, որ իր միջոցներով տպագրված գրքի արժեքի 50%-ը հեղինակից գանձումներ են կատարվում: Ավելի անտրամաբանականը նաեւ այն է, որ հեղինակի ներդրած դրամական միջոցներով արտադրված ապրանքի վաճառքի գումարը պետությունը հաշվում է շահույթ, եկամուտ եւ հեղինակից դրա համար 10%-ի եկամտահարկ է գանձում: Եվ դա այն դեպքում, որ առաջադեմ երկրներում պետական գրադարաններում գտնվող եւ ամեն տարի ընթերցողների կողմից հեղինակի ստեղծագործություններից օգտվելու համար հեղինակներին նույնիսկ տրվում է լրացուցիչ վարձատրություն:

Այս ամենը վկա են այն բանի, որ երկրի բնակչությունը, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով, դեռեւս զրկված է երկրի առջեւ ծառացած ազգամշակութային խնդիրներին հավուր պատշաճի իր մասնակցությունը բերելու թե քաղաքականապես եւ թե գործնական առումով: Ասել է թե՝ նման իրավիճակը, ժողովրդի բազմաշերտ տարանջատվածությունը մեր ժողովրդին տանում են ոչ թե միաբանության, այլ ճիշտ հակառակը: Այստեղ եթե հիշենք Եղիշե Չարեցի պատմականությամբ իմաստավորված մեր ժողովրդի փրկությունը հավաքականության, միավորվածության մեջ տեսնելու գաղափարը, ապա տեղին կլինի հավելել, որ մեր ժողովուրդը իրապես հակված է միավորվելուն ու բռունցքվելուն: Սակայն գերխնդիրն այն է, որ մեր համազգային միաբանությանը խոչընդոտ են հանդիսանում հենց մեր առաջնորդների, մտավորականության, հասարակական, քաղաքական կուսակցությունների, գիտակից տարրի ներկայացուցիչների, ստեղծագործական միությունների անմիաբան ու աննպատակ, շահադիտական, նյութապաշտ ու անծրագիր, ապազգային ու խմբակային գործունեությունները: Վկան՝ մեր կուսակցությունների, գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, թատերական գործիչների եւ այլ միությունների ու ստեղծագործող կոլեկտիվների, մամուլի իրար ոտնատակ տալու գործելաոճերը: Միով բանիվ եւ մեծանուն Հ. Պարոնյանի բանաձեւմամբ՝ «Յառաջ կպոռանք, ետ-ետ կերթանք…»: Արդյունքում մեր ժողովրդի մշակութաքաղաքական, ազգային-համազգային պահանջներն ու ծրագրերը մնում են անբավարարված կամ էլ հագենում են (երիտասարդության պարագայում՝ համացանցային) պատահական եւ օտարոտի, պառակտչական գաղափարախոսություններով:

Մեկ այլ խնդիր: Բոլորին, այդ թվում նաեւ մեր պետության առաջին դեմքերին հայտնի է, որ պետական այրերը, պատգամավորները, ընդունված օրենքի պահանջներով, չպետք է զբաղվեն գործարարությամբ: Սակայն ակնհայտ փաստ է, որ վերոհիշյալ պաշտոնյաների գրեթե 80-90%-ը զբաղվում է գործարարությամբ (իր կամ ընտանիքի անդամների անուններով ձեւակերպված): Մի խոսքով, ընդունված օրենքների չգործելու հանգամանքը մարդկանց ուղղակիորեն թե անուղղակիորեն թելադրում է՝ պետական միջոցները վատնիր, կբռնվես՝ կվերադարձնես, չես բռնվի՝ հալալ լինի: Այսպիսի իրավիճակը, բնակչության մեջ մեռցնում է հավատը առ պետական կառույցներն ու պետական գործիչները, սեփական պատմությունն ու մշակույթը: Քանզի չշտկված ու չդատապարտված ամեն մի սխալն ու գործողությունը իրար ետեւից բնականաբար ծնում են չշտկվող ու արգահատելի նորանոր սխալներ: Եվ ստացվում է այնպես, որ մեր իրականության մեջ քաղաքականությամբ եւ գործարարությամբ զբաղվելը երկվորյակների նման իրար փարված, իրենց բազմադեմ ուրվականներով, քնած թե արթմնի հասարակությունը իրար մեջ են բաժանել:

Նման պարագաներում երկրի ղեկի մոտ ով էլ կանգնած լինի (իշխանությամբ մեծահարուստներ, թե մեծահարստությամբ իշխանություն դարձածներ), հավատացեք, որ շատ դժվար է ժողովրդավարական ու ազգային գաղափարախոսությամբ դարբնված քիչ թե շատ առաջադեմ պետության ստեղծելը, առավել եւս պահպանելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել