Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը օտարերկրյա դիտորդներին մեղադրել է անցյալ տարվա օգոստոսին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ խարդախություններ անելու մեջ: Քարզայի ասելով, ընտրությունների արդյունքների հաշվարկը կեղծված է եղել, եւ դա արվել է ոչ թե աֆղանցիների, այլ՝ օտարերկրացիների կողմից: Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ քվեարկության կեղծարարության կենտրոնը համակարգել է Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի տեղակալ Պիտեր Գելբրայթը, որն իր պաշտոնից հեռացվել է 2009թ. սեպտեմբերին:
Ամերիկացի դիվանագետը, որը ՄԱԿ-ի աֆղանական առաքելության ամենաբարձրաստիճան աշխատակիցներից մեկն էր, հայտարարել է, թե իրեն զբաղեցրած պաշտոնից հեռացրել են տեղի ունեցած ընտրությունների եւ դրանց արդյունքների հաշվարկի ժամանակ արձանագրված խախտումների մասին տեղեկություններին արձագանքելու շուրջ ծագած կոնֆլիկտի համար: ՄԱԿ-ն առայժմ որեւէ կերպ չի արձագանքել Քարզայի հայտարարությանը: