Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է «ԼՐՋՈՐԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ»

Ապրիլ 02,2010 00:00

\"\"Չինաստանը համաձայնել է «լրջորեն քննարկել» Իրանի դեմ պատժամիջոցների հարցը: APA-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը (նկարում): «Չինաստանը համաձայնել է նստել սեղանի շուրջ եւ լուրջ բանակցություններ վարել այստեղ՝ Նյու Յորքում: Դա առաջընթաց է, ու թեեւ բանակցությունները դեռ չեն մեկնարկել, բայց դրանք պետք է սկսվեն մոտ ժամանակներս»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռայսը:

Մինչեւ հիմա իրանական միջուկային ծրագրի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած բոլոր բանակցությունները տեղի են ունեցել ոչ թե Նյու Յորքում՝ Անվտանգության խորհրդում, այլ՝ մայրաքաղաքների միջեւ: Ընդ որում, Պեկինը հրաժարվել էր քննարկել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ կողմից նոր պատժամիջոցների կիրառման հարցը: Բայց չորեքշաբթի օրը «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչների հեռախոսային բանակցությունների արդյունքում, ըստ արեւմտյան աղբյուրների, հայտարարվել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագծի մշակման մեկնարկի մասին:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ նախատեսող բանաձեւի հնարավոր քննարկման ժամանակ ներկայացնելու համար կոնկրետ առաջարկներ է պատրաստել:

Հիշեցնենք, որ մինչ այս Պեկինն ու Մոսկվան կասկածի տակ էին առել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, բայց Մոսկվան նաեւ խոստովանել էր, որ ինչ-որ մի պահի դրանք կարող են անխուսափելի լինել: Ի դեպ, մինչ օրս էլ Ռուսաստանը ԱՄՆ-ի կողմից արված առաջարկները պաշտպանելու մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել: Արեւմտյան դիվանագետները ենթադրում են, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագծի շուրջ բանակցությունները կարող են ձգվել մինչեւ հունիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել