Լրահոս
Օրվա լրահոսը

Ումարովը խոստովանեց, իսկ Դաղստանում նոր պայթյուն գրանցվեց

Ապրիլ 02,2010 00:00

Հյուսիսային Կովկասում իսլամական անկախ պետության ձեւավորման ջատագով Դոկու Ումարովը ստանձնել է Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը եւ սպառնացել է նոր ահաբեկչական ակտերով: Գրոհայինների առաջնորդ Ումարովի ուղերձի տեսագրությունը տեղադրվել է YouTube կայքում, որտեղ նա անտառում, թռչունների ծլվլոցների ֆոնի վրա պատմում է, որ անձամբ ինքն է հրամայել պայթեցումներ իրականացնել Մոսկվայի մետրոյում՝ փետրվարի սկզբին, Չեչնիայի եւ Ինգուշեթիայի սահմանին ղանձիլ հավաքող քաղաքացիների սպանությանը ի պատասխան:

Այդ մասին փոխանցել է «Reuters»-ը՝ հիշեցնելով, որ իրավապաշտպանների եւ Ինգուշեթիայի իշխանությունների տվյալներով, այդ շրջանում ուժային կառույցների կողմից իրականացված օպերացիայի ժամանակ սպանվել էր մի քանի խաղաղ բնակիչ: Իր տեսաուղերձում Ումարովը անձամբ Պուտինին եւ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը մեղադրել է «աղքատ ընտանիքներից ղանձիլ հավաքող քաղաքացիների» սպանության մեջ՝ հայտարարելով, որ դրան ի պատասխան՝ հրամայել է «սպանել մի քանի ոչ այնքան աղքատ մոսկվացիների»: Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մոսկվայի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել էր 39 մարդ:

Երեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորոտնիկովը հայտարարել է, որ այդ ահաբեկչական ակտերի կազմակերպիչները անուն առ անուն հայտնի են, այդ գործով արդեն ձերբակալվածներ կան եւ օպերատիվ-որոնողական աշխատանքներ են տարվում ահաբեկչությանն առնչություն ունեցողներին ի հայտ բերելու համար: Հավելենք, որ այդ ահաբեկչությունից 48 ժամ անց երկու պայթյուն էր գրանցվել նաեւ Դաղստանում, որի արդյունքում զոհվել էր 12 մարդ, այդ թվում՝ 9 իրավապահ: Երեկ գիշերն էլ Դաղստանի Խասավյուրտի շրջանում, մեքենայում տեղադրված ականի եւս մեկ պայթյուն է գրանցվել: Արդյունքում զոհվել է երկու մարդ, եւս մեկ հոգի վիրավորվել է:

Ի դեպ, երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որը ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւի հետ անակնկալ այցելել է Դաղստան, հայտարարել է, թե «ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների ցանկը պետք է ընդլայնվի, դրանք պետք է լինեն ավելի արդյունավետ, բայցեւ՝ խիստ, դաժան եւ կանխարգելիչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել