Թուրքական մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը որոշել է մեկնել ԱՄՆ, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին, news.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը (նկարում)՝ այդ երկրի նախարարների խորհրդի՝ յոթ ժամ տեւած նիստից հետո:
Ըստ թուրքական «Haberler»-ի, Ջեմիլ Չիչեքը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ կմեկնի՞ Էրդողանը ԱՄՆ, թե՞ ոչ: «Այս հարցով քննարկումները շարունակվում են: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Թուրքիայի դեմ մեղադրանք է ներկայացվել: Թուրքիան դա չի ընդունում: Մենք աշխատեցինք ներկայացնել, որ քաղաքական գործիչների կողմից պատմությունը գնահատելը վնասներ է բերում: Այդ պատճառով քննարկումները դեռ շարունակվում են»,- նշել է Չիչեքը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին թուրքական Sky Turk-ը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Թուրքիայի վարչապետը փոխել է որոշումը եւ կմասնակցի Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կազմակերպվելիք միջուկային անվտանգության համաժողովին: Ըստ թուրքական հեռուստաընկերության, Էրդողանը Վաշինգտոն է մեկնելու համաժողովից մեկ օր առաջ եւ իր հետ տանելու է նաեւ Վաշինգտոնից ետ կանչված դեսպան Նամըք Թանին: