Լրահոս
Օրվա լրահոսը

Ծմակուտից դեպի համաշխարհային գրականություն

Ապրիլ 02,2010 00:00

«Մշակույթի ձայնը առհասարակ խլացվել է եւ այս իրավիճակում երիտասարդ սերունդը գրեթե առիթ չի ունենում հայ գրականության հետ առնչվելու, ու այսօր հայ դասականներին ճանաչելու խնդիր կա»,- «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց Հրանտ Մաթեւոսյանի այրին՝ Վերժինե Մովսիսյանը: Անվանի գրողի ծննդյան 75-ամյակին նվիրված ցերեկույթը երեկ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան էր բերել գրական միջավայրի ներկայացուցիչներին եւ բուհի ուսանողությանը: Ցերեկույթին տիկին Վերժինեն նաեւ նկատեց, որ նախորդ սերնդի համար մշակույթը հոգու հաց էր, մինչդեռ վերջին շրջանում Մաթեւոսյան քիչ են կարդում, եւ ընդհանրապես ազգային խնդիր է հայ գրականությունից առհասարակ հեռանալը: Նրա խոսքով, Մաթեւոսյանի ստեղծագործության առանցքում երկրի փլուզումն էր, պետության որդեգրած սխալ քաղաքականությունը, այսօր էլ նույն իրավիճակը շարունակվում է:

Հրանտ Մաթեւոսյանի գրեթե ողջ արձակը թարգմանած Անահիտ Բայանդուրի հիշողություններում էլ արձակագիրը ինտելիգենցիայի մարմնավորումն էր. «Ժողովրդից դուրս եկած ինտելիգենցիայի շունչն ուներ, նա մի մարդ էր, ով հասկացել էր իր դերն ու առաքելությունը այս կյանքում…»: Ավելի ուշ տիկին Բայանդուրը նաեւ մտաբերեց Մաթեւոսյանի խոսքերը, որոնցից ինքը հաճախ էր վիրավորվում. «Իր գործերի թարգմանությունները նրան երբեք դուր չէին գալիս, միշտ կրկնում էր՝ սրանք մարդու տված աղջիկներ են, իմը չեն»:

Հրանտ Մաթեւոսյանի որդին էլ՝ Դավիթ Մաթեւոսյանը կարծում է, որ հայրը ստեղծագործական երկու ուղիով էր գնում՝ համաշխարհային մեծերի հետքերով ու հայկական իրական միջավայրը ստեղծելու իր ուղիով. «Մերն ավելի իրական է՝ նպատակաուղղված ամբոխը ժողովուրդ դարձնելու, չգոյից գոյություն ստեղծելու…»: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էլ նկատեց, որ թեեւ շատերը արձակագրին մեղադրում էին, թե ժողովրդին Ծմակուտ է տանում, բայց ճիշտ հակառակը տեսանք, Ծմակուտից ժողովրդին հանեց ու տարավ համաշխարհային մեծ մայրուղի: Նրա խոսքով, համաշխարհային գրականությունում եւս Մաթեւոսյանի կերտած հերոսները սիրված են. «Նա ներդաշնակ էր իր գրականությամբ ու կերտած հերոսներով: Դրանով նա ստեղծեց իր ավետարանը՝ ավետարան ըստ Հրանտի, այսօր մենք պարտավոր ենք լինել բարոյականության, մարդկայնության, բարության մաթեւոսյանական դրույթների քարոզիչը»: Ցերեկույթը սկսվեց Մաթեւոսյանի «Աշնան արեւ» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման հատվածների ու «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել