Կամ ավագ դպրոցները՝ նախարարության ենթակայությամբ
«Այլեւս ամեն պատահած մանկավարժ դպրոցի տնօրենի թեկնածություն չի կարող ներկայացնել»,- հայտարարում է ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում նա խոսեց կրթության ոլորտի բարեփոխումների մասին: Ինչպես փոխնախարարը նշեց՝ «Հանրակրթության մասին» օրենքում տեղի են ունեցել փոփոխություններ՝ հանրակրթական քաղաքականության վերաբերյալ. «Առանձնացված ավագ դպրոցները նոր տերմին եւ հասկացություն են օրենքում: Դրանք դպրոցներ են, որոնք կարող են ունենալ միայն 10, 11 եւ 12-րդ դասարաններ»:
Մ. Մկրտչյանի խոսքով, ավագ դպրոցների վերաբերյալ կարեւոր օրենսդրական կետ կա, ըստ որի՝ այդ դպրոցներն անցնում են անմիջապես նախարարության ենթակայության տակ: Մյուս փոփոխությունը, ըստ Մ. Մկրտչյանի, վերաբերում է կադրային քաղաքականությանը, որը նույնպես օրենքով արդեն ամրագրվել է. «Ինչպես հայտնի է՝ դպրոցներն ունեն խորհուրդներ, որոնք կազմակերպում են տնօրենի ընտրություններ: Գոյություն ունի նաեւ համապատասխան ընթացակարգ: Ինչ-որ իմաստով նախարարությունը ժամանակին առանձնակի մասնակցություն չուներ կադրային քաղաքականության հարցերում. տնօրենների ընտրությունների ժամանակ ընդամենը ուղարկում էր իր ներկայացուցչին, որպեսզի ընտրությունների ընթացքը վերահսկվեր: Նոր օրենքի համաձայն, դպրոցների բոլոր խորհուրդներում նախարարությունը պարտադիր կունենա իր ներկայացուցիչը»:
Ինչ վերաբերում է տնօրենների ընտրությանը, բանախոսն ընդգծեց, որ տնօրենի հայտ ներկայացնելու համար յուրաքանչյուր մանկավարժ պետք է ունենա համապատասխան գիտելիքներ եւ արդեն իսկ նախարարության կողմից տրված հավաստագիր. «Որպեսզի մանկավարժն իրավունք ունենա մասնակցելու տնօրենի ընտրություններին, նա պետք է պարտադիր ունենա տնօրեն լինելու հավաստագիր: Այն տրվում է 5 տարի ժամկետով եւ համապատասխան վերապատրաստման կուրսերի, բավականին խիստ քննությունների արդյունքում: Հավաստագիրը նախարարի ստորագրությամբ է, որի առկայության դեպքում՝ հայտատուն կարող է մասնակցել ընտրություններին»:
Բացի այդ, Մ. Մկրտչյանը նշեց, որ սկսվելու է ուսուցիչների ատեստավորման գործընթաց. «Ուսուցիչները բոլորը պետք է անցնեն ատեստավորում, որոնք արդեն անցկացվում են տարակարգերով՝ առաջին, երկրորդ: Ի դեպ, ատեստավորման կարգը տրված է կառավարության հաստատմանը»:
Անդրադարձ եղավ նաեւ գնահատման թեստավորման համակարգին: Փոխնախարարը փաստեց, որ Գնահատման թեստավորման կենտրոնը (ԳԹԿ), որ իրագործում էր արտաքին գնահատման գործընթացները, կառավարության որոշմամբ անցել է կառավարության աշխատակազմի ենթակայության տակ, ու այլեւս նախարարության ստորաբաժանում չէ:
Նոր գնահատման՝ 10 բալանոց համակարգի մասին էլ ասաց. «Մշակված է բոլորովին նոր գնահատման համակարգ: Այս առումով, 10 բալանոց համակարգը մեծ դժգոհությունների տեղիք է տվել: Այդ թեմայով քննարկումներ են կայացել, արդյունքում նախարարը դեկտեմբերին հրաման է տվել, ըստ որի՝ որոշակի իմաստով փոփոխությունների է ենթարկվել գնահատման համակարգը. առաջարկվել է ավելի պարզեցված տարբերակ: Բայց դա ժամանակավոր է. մայիսին հանձնարարված է նախարարի կողմից՝ վերանայել փոփոխություններն այս առումով: Առաջիկայում պարզ կդառնա, թե ինչ հայեցակարգով կիրականացնենք գնահատման համակարգը»: