Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՏԵՂԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Ապրիլ 02,2010 00:00

Սա իսկական սենսացիա է եւ՛ ասպիրանտական կրթություն ստանալ ցանկացողների, եւ՛ դասալքության «որջ» փնտրողների համար:

Առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերն այս տարի կրկնակի կրճատվել են. նախորդ տարիների 224-234 տեղի փոխարեն, այս տարի կհատկացվի 112-ը: ՀՀ կառավարության մարտի 18-ի համապատասխան որոշման ընդունումից դեռ շուրջ մեկ ամիս առաջ բուհական շրջանակներում այս փաստը տագնապ էր առաջացրել: «Առավոտը» ասպիրանտական «կրքոտ խաղերի» մասին պարզաբանումներ ստացավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցում: Նա, հաստատելով մեր տեղեկությունները, նշեց, որ սուր դիրքորոշումներ հայտնելուց առաջ պետք է հաշվի առնել այն գործողությունները, որոնք նախորդել են որոշման կայացմանը. «Ասպիրանտուրան կրթական երրորդ աստիճանն է, գիտամանկավարժական կադրերով համապատասխան բուհերի ամբիոններն ապահովելու գործիք: Վերջին տարիներին ասպիրանտուրայի տեղերը իներցիոն մեխանիզմներով պտտվում էին լուռ համաձայնեցված թվի շուրջ՝ 224-234 տեղ: Օրինակ՝ անցյալ տարի 224-ը ընդունվեց նախնական բաշխման ժամանակ, եւս 10 տեղ հետո ավելացվեց: Դեռ նախորդ տարվանից ԿԳՆ-ն ավելի է խստացրել ասպիրանտուրա ընդունելության մոտեցումները, քանի որ, ցավոք, ասպիրանտուրան դարձել էր որոշ պարտականություններից, մասնավորապես՝ պարտադիր զինծառայությունից խուսափելու գործիք: Զավեշտալի է, որ միջինացված տվյալներով բոլոր պետական ուսումնական հաստատություններում գերազանցիկների 85%-ը աղջիկներ են, իսկ առկա ուսուցմամբ տարկետման իրավունքով ասպիրանտուրա ընդունվողների 85%ը՝ տղաներ»: Եվս մեկ ցավոտ փոփոխություն վերաբերում է միջգերատեսչական համաձայնագրերով ասպիրանտուրա ընդունելությանը: Ա. Աշոտյանը մանրամասնեց. «Ասպիրանտական տեղերի բաշխման մեջ ունեցել ենք մի տող, որը վերաբերում էր միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով ասպիրանտուրա ընդունվողներին, այն դեպքում, երբ «Զինապարտության մասին» օրենքը միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով ասպիրանտուրա ընդունվողներին տրամադրում է այդ տարկետման իրավունքը: Այսինքն՝ հավելյալ ինչ-որ 20 տեղ այստեղ ամրագրելու կարիք չկա, կամ դա պիտի անենք նաեւ բակալավրիատում, մագիստրատուրայում, որտեղ էլ այս դրույթը չկա: Այս ամենից բխում է, որ ասպիրանտուրայի ներպետական տեղերը առկա ուսուցմամբ անցյալ տարի եղել են շուրջ 170: Իսկ այս տարի կառավարության որոշմամբ նախատեսվել է 112 տեղ՝ ըստ բուհերի, մասնագիտությունների եւ ԳԱԱ-ի ճյուղային ինստիտուտների: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ունենք 10 պահուստային տեղ, որոնք տնօրինելու է կառավարությունը»:

Ըստ նախարարի՝ 224 տեղի համար պետբյուջեից հատկացվող այս տարի տնտեսված գումարը կուղղվի հեռակա ուսուցմամբ առանց տարկետման իրավունքի պետական պատվերի ձեւավորմանը: Նախարարը նշեց. «Հեռակա ուսուցմամբ ուսման վճարի փոխհատուցմամբ անցյալ տարվա 145 տեղի փոխարեն այս տարի պլանավորում ենք շուրջ 240-ը: Ուստի այն մարդիկ, որոնք իրականում կուզենան զբաղվել գիտությամբ եւ ասպիրանտուրա ընդունվելը չեն կապում բանակից զորացրվելու հետ, կարող են դիմել հեռակա համակարգ: Այս մոտեցումը տրամաբանված է, հօգուտ կրթության եւ եթե հօգուտ բանակի է, ապա շատ ավելի լավ»: Ասպիրանտական առկա համակարգով տեղերի կրկնակի նվազման արդյունքում ասպիրանտուրայի ընդունելության «շուկայում» «գներն» են բարձրացել: Այժմ հարցը $4000-5000-ով չի լուծվի, արդեն պտտվում է $6000-8000 սակագինը: Ակադեմիական շրջանակներում կա նաեւ դիրքորոշում, թե նշված բարեփոխումը վնասում է այն դիմորդներին, որոնք մեկենասներ չունեն, միեւնույն է, գումարով ընդունվողը կընդունվի: Ա. Աշոտյանն այս մասին էլ ասաց. «Անցյալ տարի 30 թափուր մնացած տեղերը ցույց են տալիս, որ համակարգին առաջարկվել է ավելի շատ տեղ, քան այն ունակ է կլանելու, կամ դա նշանակում է, որ դիմորդների կրթական ցենզը չի բավարարել հաղթահարելու ասպիրանտուրա ընդունելության պահանջները, մասնավորապես՝ օտար լեզվի եւ մասնագիտական քննությունները: Բայց, իհարկե, ես չեմ կարող այս պարագայում բացառել կոռուպցիոն ռիսկերը, ինչպես չեմ կարող դա անել որեւէ ոլորտում կամ հաստատությունում: Ակնհայտ է, որ ասպիրանտուրա ընդունելության գործընթացները պիտի լինեն հասարակական ուշադրության կենտրոնում»:

Նախարարը, խոսելով բարեփոխումներից «տուժած» մասնագիտությունների մասին, նկատեց. «Ավելի շատ տեղեր կորցրել է իրավատնտեսագիտական բլոկը: Օրինակ՝ պետական կառավարման ակադեմիան անցյալ տարի ուներ 12 ասպիրանտական տեղ, այս տարի՝ ընդամենը 3-ը: Ընդհանուր պակասեցման մեջ փորձել ենք պահպանել հայագիտական, բնագիտական, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բլոկներում տեղերի քանակը»:

Օրինակ՝ այս տարի ընդամենը 1-ական տեղ կհատկացվի համաշխարհային պատմություն, ռադիոֆիզիկա, դատական իրավունք, քրեական իրավունք, մասնավոր իրավունք, նորագույն շրջանի հայ գրականություն, հայ դասական գրականություն, տնտեսագիտություն մասնագիտությունների գծով, միջազգային հարաբերություններ մասնագիտությանը կտրվի 2 տեղ, տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ եւ մոդելավորմանը՝ 3 տեղ եւ այլն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել