Լրահոս
Օրվա լրահոսը

28. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Ապրիլ 02,2010 00:00

\"\"
Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:

\"\"
Շուշիի շուկան:

– Գիտեմ, որ ճամփորդում ես Երեւանի միջօրեով,- բարեհամբույր ժպիտով ասաց քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը,- Չարենցի ու Նար-Դոսի փողոցներում տիրող անհանդուրժելի իրավիճակը, իրոք, անհանգստացնում է մեզ: Խանութների սեփականատերերը անիրավացիորեն զավթել են մայթերի հատվածները, ինչն անթույլատրելի է: Միջոցներ կձեռնարկվեն այս փողոցները նորմալ տեսքի բերելու համար: Այս խնդրում քաղաքապետարանը վճռական է տրամադրված:

Գլխավոր ճարտարապետի՝ ինձ հետ զրուցելու պատրաստակամությունը զարմացրեց ինձ, քանի որ արդեն ընդունված է, որ նման պաշտոնի այրերը, որպես բյուրոկրատական համակարգի ներկայացուցիչ, նախ պետք է մի քանի շաբաթ չեմուչում անեն, ապա մի պատճառ հորինելով՝ խուսափեն հանդիպումից:

– Ես քաղաքաշինական առումով Սարի թաղի մասին էի ուզում զրուցել ձեզ հետ,- օգտվելով առիթից, ճարտարապետին դիմեցի ես:

– Քանի որ հեռու չենք Սարի թաղից, կառաջարկեի քայլենք լանջն ի վեր, որպեսզի մեր զրույցը ավելի առարկայական լինի,- պատասխանեց ճարտարապետը,- ինքս ընթերցում եմ «Առավոտի» ձեր շարքը: Կուզենայի օգտակար լինել ձեր այս կարեւոր գործում: Սարի թաղը քաղաքաշինորեն կարեւոր հատված է Երեւանի համար, քաղաքի կենտրոնը շրջապատող ամֆիթատրոնի կարեւոր հատվածներից է: Այն ոչ միայն քաղաքի կենտրոնից ու այլ կետերից որպես ամբողջականի անբաժանելի մաս է ընկալվում, այլ նաեւ հենց Սարի թաղից է քաղաքը հետաքրքրությամբ ընկալվում: Այն կառուցապատումը, որը հիմա կա այս թաղամասում, Երեւանի այսօրվա քաղաքաշինական պահանջներին չի համապատասխանում: Պետք է այստեղ կառուցապատման լուրջ աշխատանքներ իրականացվեն: Հիմա քննենք այստեղ տիրող իրավիճակը: Փողոցային ու հաղորդակցական ցանցերը վատ վիճակում են: Կան այնպիսի փողոցներ, որոնք իրենց թեքությամբ չեն համապատասխանում նորմատիվային պահանջներին, ու դրան զուգահեռ՝ անմխիթար վիճակում են կոմունիկացիոն, ջրամատակարարման, ջրահեռացման գծերը:

– Իսկ համապատասխան նախագիծ մշակվե՞լ է:

– Քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքում իրականացրել ենք նաեւ Սարի թաղի գոտիավորման նախագիծը: Դա հաջորդող ծրագրային փաստաթուղթն է: Հարց էր առաջացել՝ ռազմավարական տեսանկյունից Սարի թաղը ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանա: Ըստ գոտիավորման նախագծի, այն վայրերը, որոնք համապատասխանում են նորմատիվային պահանջներին, պահպանվում են, որոշ փողոցներ են ավելացվելու: Մի զգալի հատվածում կպահպանվի առանձնատնային կառուցապատումը, որոշ հատվածներում էլ կիրականացվեն բազմահարկային շինություններ: Պահպանվում է գործառույթների կենտրոնը: Թաղամասը կլինի ինքնամփոփ ու լիարժեք՝ իր բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար:

– Ես հանդիպել եմ մարդկանց, որոնք կցանկանային իրենց բնակարանները վերակառուցելու հնարավորություն ունենան,- ասացի ես:

– Մենք անպայման նրանց այդ հնարավորությունը կտանք: Ցավոք, կարմիր գծի կառուցապատման գաղափարները հիմնականում խախտված են: Փողոցները տարբեր լայնություն ունեն: Անհատական վերակառուցումները պետք է իրականացվեն հատակագծին համապատասխան, ըստ որի էլ կթելադրենք՝ որ հատվածում, փողոցից ինչ հեռավորությամբ, քանի հարկ ունենա շինությունը, նպատակ ունենալով առանձնատնային հատվածները բերել քաղաքաշինական նորմատիվային տեսքի, իհարկե, հիմքում ներդաշնակությունն է: Իսկ բազմաբնակարանային կառուցապատման հատվածները կապված կլինեն ինվեստիցիոն լուրջ ներդրումների հետ: Բոլոր դեպքերում փողոցների, մայթերի պահպանման խնդիրը առաջնային է լինելու:

– Բայց Սարի թաղում խնդիրը համալիր լուծում է պահանջում: Բարեկարգ քաղաք կառուցեցինք, իսկ նրանում ապրող երիտասարդների 90%-ն աշխատանք չունի:

– Ինքնաբավ կառուցվածքը նախատեսում է հասարակական սպասարկման համալիր, որը ահագին աշխատատեղեր կստեղծի:

– Մի քանի շաբաթ ես ճամփորդում էի Սարի թաղում, ուզում էի ճաշել ու շարունակել ճամփորդությունս, սակայն նման օբյեկտ չկա: Ողջ թաղամասում հասարակական զուգարան չկա:

– Գոտիավորման նախագծում հաշվի է առնվել այդ ամենը: Գիտեմ, որ ճամփորդությանդ ընթացքում եղել ես Էրեբունու թանգարանում, ավտոշուկայում…

– Կիրակի օրը երեք ժամ պահանջվեց, որ անցնեմ Նուբարաշեն տանող ճանապարհի այդ հատվածով,- ասացի ես:

– Իրոք, շաբաթ եւ կիրակի օրերին ողջ Էրեբունի ու Նուբարաշեն թաղամասերը պարալիզացվում են: Թանգարանը պետք է դառնա Երեւանի այցեքարտը: Պարտավոր ենք թանգարանը ապահովել զբոսաշրջիկների անդադար հոսքով: Քաղաքապետարանում հանձնաժողով է ստեղծվել, որը մանրամասնորեն զբաղվում է այս խնդրով:

Այդ պահին էլ հնչեց բջջայինի հեռախոսազանգը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Շուշիի «Կաճառ» կազմակերպության ղեկավար Մհեր Հարությունյանը հայտնեց, որ երեք օրից Ստեփանակերտում եւ Շուշիում կսկսվի Շուշիին նվիրված գիտաժողովը, որին զեկույց ունենալու համար հրավիրված եմ նաեւ ես: Ընդհատել երեւանյան ճամփորդությունը՝ չեմ կարող: Դիմեցի «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանին՝

– Մեկ շաբաթով կարո՞ղ եմ ընդհատել ճամփորդությունս, քանի որ Շուշի եւ Ստեփանակերտ պետք է մեկնեմ:

– Լավ,- հնչեց խմբագրի պատասխանը,- երեւանյանն ընդհատիր ճամփորդության արցախյան հատվածով:

Գոհ մնալով նման լուծումից՝ տեղեկացա, որ վաղը ժամը 12-ին ավտոմեքենան մեկնում է ԼՂՀ ներկայացուցչությունից: Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ պայմանավորվելով վերադառնալուց հետո կրկին հանդիպել ու շարունակել զրույցը, շտապեցի «Շուշի» բարեգործական հիմնադրամի գրասենյակ՝ պատրաստելու զեկուցման նյութերը:

Հայաստանի ազգագրության եւ հնագիտության, Պատմության, Արեւելագիտության ինստիտուտների, Եղեռնի թանգարան-ինստիտուտի, Երեւանի պետական, Երեւանի մենեջմենթի ու «Գլաձոր» համալսարանների մասնագետներից բացի, Ստեփանակերտ մեկնողների մեջ էին բեռլինցի հայագետ Ժիրայր Քոչարյանը, որը բերել էր նաեւ անվանի գիտնական Թեսա Հոֆմանի զեկուցումը, ինչպես նաեւ Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչության բաժնի վարիչ Արսեն Մելիք-Շահնազարովը: Կազմակերպիչները շատ ուշ էին հայտնել գիտաժողովի անցկացման ժամկետը, ու շատ գիտնականներ, որոնք իրոք ասելիք ունեն Շուշիի ու Արցախի խնդիրների մասին, պատրաստ չէին մեկնելու:

Կոռնիձոր գյուղն անցնելուց հետո ճանապարհի աջ կողմում ցուցանակի՝ «Արցախը ողջունում է ձեզ» գրությունը ընթերցելով, բռունցքս վեր պարզեցի ու գոչեցի.

– Կեցցե՛ Արցախը, մենք հատեցինք երկու հանրապետությունները բաժանող պետական սահմանը: Ես ինձ շատ ուժեղ եմ զգում, քանի որ հայրենի եզերքում եմ: Իմ հողն ինձ ուժ է տալիս:

– Իսկ ես ոչինչ չզգացի,- ասաց Ազգագրության ինստիտուտի երիտասարդ աշխատակից Ամալյա Դիլանյանը: Հիշում եմ՝ հայ-վրացական սահմանն անցնելիս հուզվել էի:

– Մենք էլ որեւէ տարբերություն չզգացինք,- ասաց 1915թ. Հայոց եղեռնի թանգարան-ինստիտուտի աշխատակից Տաթեւիկ Ղալթախչյանը:

– Ինչո՞ւ պիտի տարբերություն զգամ, որ,- հարցրեց «գլաձորցի» Արմենը,- Հայաստանն ու Արցախը մի մարմին են:

– Մի մարմին, բայց երկու գլուխ,- բացատրեցի ես,- այդ պատճառով էլ ավելի խելքով ենք:

Արեւելագիտության ինստիտուտի աշխատակից Ալեքսան Հակոբյանը առաջարկեց Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցի մտնել, լսել Քաշաթաղի վանահայր Աթանաս վարդապետ Մովսիսյանի աղոթքն ու քարոզը: Ալեքսան Հակոբյանը 1992 թվականից տասներկու տարի ղեկավարել է ազատագրված Քաշաթաղի շրջանի վարչակազմը, շատ բան արել երկրամասի վերաբնակեցման, դպրոցների հիմնադրման ուղղությամբ: Հիշում եմ, նա մի անգամ ոգեւորությամբ հայտնեց, որ միջնադարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի երկում գտել է շրջանի գյուղերի հին անվանումները, ու շատ բան արեց՝ հայոց հինավուրց բնակավայրերին վերադարձնելու իրենց պատմական անունները: Հայոց հինավուրց երկրամասի այս հատվածում, 1920-ականներից սկսած, ադրբեջանական իշխանությունները, մեթոդաբար դուրս մղելով օրինական հայ բնակիչներին, բնակավայրերի անունները եւս օտարել են, գյուղերին պարտադրել հորինովի անուններ, դրանք մտցրել քարտեզների մեջ: Տարածքի ազատագրումից հետո սխալ էր մնացել միայն գետերի՝ Հակառուի ու Աղավնոյի անվանումները: Հակառուի անվանման մեջ թելադրվում է հազարամյա Հակ գյուղով անցնող գետառուի անունը, եւ ուշ միջնադարում Հագարիի վերածվելը խոսակցականի լեզվական պարտադրանք է եղել, որը միշտ էլ կարելի է ուղղել: Սակայն կատարվել է մեկ այլ սխալ եւս՝ Հակ գյուղով հոսող գետի անունը խորհրդային տարիներին պարտադրվել է Աղավնո գետի վրա, նպատակ ունենալով Պարսից Աղվանից մարզպանության ադրբեջանապատկան սահմանը ավելի «ընդարձակել»: Հիշում եմ, Ալեքսանը քիչ ջանքեր չթափեց Բերձորի հյուսիսային մասում 32 գյուղերի կենտրոնում Վարդուտ անունով ավան հիմնելու խնդրում, որը պետք է ընդուներ այդ գյուղերի արտադրած գյուղատնտեսական մթերքն ու վերամշակեր: Այդտեղ հիմնվել էր 20 տեղով հիվանդանոց, դպրոց, սկսվել էր բնակելի տների շինարարությունը: Սակայն Ալեքսանից հետո վարչակազմի մի քանի ղեկավարներ են փոփոխվել, որոնք էլ տապալել են ոչ միայն այս, այլեւ ազատագրված երկրամասը ծաղկուն ու հարուստ շրջանի վերածելու, լիարժեքորեն բնակեցնելու ծրագրերը: Իսկ գյուղերը խոշորացնելու կառավարական անհեռատես հրահանգը քայքայել էր մի շարք ամրացած գյուղեր, ինչպիսիք են Անին ու Դրախտաձորը, բնակիչները ստիպված հեռացել են շրջանից: Ես գրում եմ այս մասին, որովհետեւ տարիներ շարունակ շրջել եմ ազատագրված տարածքներում, ուսումնասիրել վերաբնակեցման գործընթացը, արդյունքում հրատարակել «Երկխոսություն Քարվաճառի ճանապարհին» գիրքը: Այժմ ակամա համեմատում եմ Իսրայելում ու Արցախում տարածքների բնակեցման գործընթացները, եթե հրեաները բանակի օգնությամբ էլ չեն կարողանում հեռացնել վերաբնակիչներին, ապա մեր ազատագրված տարածքներից վերջին մի քանի տարիներին ինքնակամ հեռացել են շուրջ հինգ հազար հոգի: Հիմա շարունակե՞նք խոսել կեղծ հայրենասիրության մասին: Իսկ ԵԱՀԽ ամերիկացի համանախագահ Մարեսկան, մի անգամ այցելելով այս տարածքը, ասել էր, որ նոր բռնագաղթ այս տարածքներից չի իրականացվելու, եթե, իհարկե, մարդիկ ապրեն, հաստատվեն այստեղ: Չգիտեմ, իշխանությունները չե՞ն ուզում, թե չեն կարողանում լիարժեքորեն բնակեցնել այս տարածքները: Սակայն արդյունքը, ինչպես տեսնում ենք, նույնն է: ԼՂՀ Ազգային ժողովը վերաբնակեցման մասին օրենք էր ընդունել: Ինչո՞ւ ոչ ոք չի հետաքրքրվում, թե ինչու այն չի իրականացվում, ինչո՞ւ այս պատասխանատու եւ կարեւոր ծրագրի իրականացումը վիժեցնող այրերը չեն պատժվում: Հիշեցնեմ, որ պատմությունը չի ներելու այսօրվա ղեկավարներին, ուստի եւ ժամանակն է սթափվելու եւ կտրուկ քայլեր ձեռնարկելու համար:

Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցում մեզ դիմավորեց հայր Աթանասն ու առաջնորդեց եկեղեցի: Միշտ էլ հետաքրքիր է եղել լսել վարդապետի քարոզները: Այս անգամ այն նվիրված էր միաբանության գաղափարին: Նա օրինակ բերեց Աստվածաշնչից, պատմելով դատավորին դիմող կնոջ հմտությունն ու համառությունը, որը, ի վերջո, հասնում է ճշմարտության հաղթանակին:

Անցանք Բերձորի հրապարակով: Այն դատարկ էր ու անկենդան: Իսկ սովորաբար այն առանձնանում էր մարդկանց եռուզեռով, առանձնահատուկ աշխույժով: Միայն փոստատան փակ մուտքի մոտ մի սեւ շուն հայացքով ուղեկցեց միջազգային գիտաժողովի մեկնող մեր միկրոավտոբուսին:

Գիտաժողովի երկրորդ կեսը նախատեսված էր անցկացնել Շուշի բերդաքաղաքում: Այն սկսվեց Ղազանչեցոց եկեղեցում ժամերգությունից:

Անշուշտ, հայոց հինավուրց ու կենդանի մնացած միակ բերդաքաղաքը որոշ վերափոխությունների էր ենթարկվել: Առաջին հերթին դեռեւս 19-րդ դարում սալարկած կենտրոնական փողոցների ու մայթերի ասֆալտապատումն էր: Եթե դպրոցին հարեւան երեք ֆիննական տիպի փայտաշեն առանձնատները սալարկած փողոցի հետ անհարիր էին ու օտար, ապա այժմ դրանք ներքին կապի մեջ են ասֆալտի հետ, իսկ 19-րդ դարի շինությունները հայտնվել են անհարմար վիճակում, ոչ մի կերպ չհանդուրժելով ասֆալտապատումը, կորցրել են կապը հարազատ միջավայրի հետ ու օտարացվել: Իհարկե, խնդիրն այն չէ, թե երկրամասի որ ղեկավարության, որ պետական այրի հրահանգով է իրականացվել համատարած ասֆալտապատումը, դրանով իսկ խափանվել 19-րդ դարին յուրահատուկ քաղաքային միջավայրի վերականգնման ծրագիրը, այլ կարեւոր է, որ վճռական որոշումներ են կայացնում մարդիկ, որոնց զարգացածության աստիճանը խիստ ետ է մնում հասարակության այսօրվա պահանջներից: Շուշին, չնայած 1905, 1920 ու 1991 թթ. ավերածություններին, պահպանել էր նախանցյալ դարին յուրահատուկ քաղաքային դեմքն ու միջավայրը, ու մնում էր վերակառուցման ընթացքում չաղճատել այն: Կհաջողվի՞ դա, թե՝ ոչ, կախված է մարդկանցից, նրանց մտավոր մակարդակից, մտածելակերպից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել