«Առավոտի» մարտի 30-ի համարում «Վիճակը վերահսկելի է…առայժմ» հրապարակմամբ անդրադարձել էինք Լոռու մարզում հոգեկան հիվանդների խնդիրներին, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերին, զրուցել դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանի հետ: Հրապարակումից հետո դիսպանսերի տնօրենը կապվեց մեզ հետ եւ ասաց, որ կան որոշ անճշտություններ: Ըստ Գայանե Քալանթարյանի. «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում 01.01.2010 դրությամբ հաշվառված է 4422 հիվանդ, այլ ոչ թե 11671: 11671-ը 2009-ի ընթացքում դիսպանսեր հաճախումների քանակն է: Տպագրվել էր, որ ամեն օր սուր բուժօգնության կարիք է ունենում 28 հիվանդ, այնինչ 28-ը՝ հարցազրույցի օրը հիվանդանոցային բաժանմունքում բուժվող հիվանդների թիվն էր:
2009թ. մահճակալ-օրերի թիվը կազմել է ոչ թե 694, այլ 8670: 694-ը 2009թ. հունվար ամսվա մահճակալ-օրերի թիվն է:
Դիսպանսերը գործում է պետպատվերի եւ վճարովի ծառայությունների հաշվին, տեղավորվում է տրամադրած ֆինանսական միջոցների շրջանակներում եւ որեւէ էական օգնություն միջազգային կազմակերպություններից չի ստանում: 2010թ. ընթացքում հիվանդների թվի աճի վերաբերյալ որեւէ կանխատեսում չի արվել: Ընդունված հիվանդը չի բուժվում «մեկ ուրիշի հաշվին», ստանում է իրեն հասանելիք բուժումը պետպատվերի շրջանակներում»: