Հնագույն ու միշտ նոր զբաղմունքն էլ է խեղաթյուրվում
Լուսանկարում պատկերված է որսած վայրի բադեր ու փարփարներ վաճառող էջմիածինցի Վանիկը (ինքն այդպես ներկայացավ): Նրան երբեմն կարելի է տեսնել Երեւան-Էջմիածին-Արմավիր մայրուղու տարբեր հատվածներում՝ որսած «կռնչան» կոչվող վայրի բադերի շարանը ձեռքին: Նա եռանդուն, ի տես մայրուղով երթեւեկողների, թափահարում է անշունչ բադերը, մոտենում իր «բիզնեսով» հետաքրքրվող գնորդներին, սակարկություն անում:
Բադերի շարանը ձեռքին, մոտեցավ իմ ավտոմեքենային:
– Ինչքա՞ն արժե մեկ բադը,- հարցրի նրան:
– Չորս հազար դրամ:
– Այդքան բադը մենա՞կ ես որսացել:
– Չէ, մի քանի որսորդ ընկերներով:
Ապա, հավանաբար, ինձ որստեսուչի տեղ ընդունելով՝ սկսեց իր արարքն արդարացնող պատճառաբանություններ բերել: Նշեց, որ ինքն ու ընկերները մշտական աշխատանք չունեն եւ ստիպված են նման բաներով զբաղվել, որպեսզի ինչ- որ չափով կարողանան հոգալ ընտանիքի կարիքները: Ես հեռացա որսորդ (թե՞ որսագող) Վանիկից՝ ցավի, ափսոսանքի զգացումներով ու խոհերով: Իհարկե, մարդկայնորեն կարեկցում եմ Վանիկին ու նմաններին, որոնք, լավ կյանքից չէ եւ սոցիալ-տնտեսական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար է, որ որսամթերքի առեւտուր են անում: Երեւույթ, որը գոնե մեր իրականության մեջ նախկինում չկար, կամ էլ խիստ հազվադեպ էր:
Որսորդությունը՝ դարերի խորքից եկող մարդուն հաճելի զբաղմունքներից մեկը, այսօր արդեն այսպես խաթարվում է: Մինչդեռ որսորդական դարավոր անխախտ ավանդույթ կա՝ որսածը կամ հավասարապես բաժանում են որսի մասնակիցների միջեւ, կամ միասին վայելում, կամ էլ՝ նվիրում: Ցավալի իրողություն է. որսի կենդանիների եւ թռչունների քանակով արդեն իսկ չափազանց աղքատացած մեր հանրապետությունում թեպետեւ կան որսի ժամկետների, քանակի վերաբերյալ օրենքներ ու կանոններ, սակայն դրանց պահանջները գործնականում անբավարար են իրականացվում: Ժամանակակից ամենագնաց «Ջիփ»-երով, «ՈՒԱԶ»-ներով ու «Նիվա»-ներով, անգամ՝ ուղղաթիռով, որսում-ոչնչացնում են ցերեկով թե գիշերով, անխնա ու անողորմ, գայլային օրենքներով՝ որքան հաջողվի: Որսում են նաեւ Կարմիր գրքի մեջ մտած, այսինքն՝ պետականորեն պահպանության տակ վերցված վայրի շնչավորների: Մնում է խորին ափսոսանքով արձանագրել, որ 20-րդ դարի կեսերին մեր երկրի երեսից իսպառ վերացան ազնիվ եղջերուն, քարայծյամը, ներմուծված բծավոր եղջերուն:
Բայց միայն նախնադարյան համայնքներում է որսորդությունը ապրուստի միակ միջոցն եղել: Հայաստանում, սկսած վաղ միջնադարից, վայրի կենդանական աշխարհի պահպանման, թույլատրելի որսի միջոցների եւ ժամկետների մասին օրենսդրություն է եղել: Որսագողության պատժելիության մասին ամբողջական նորմեր կան եւ Մխիթար Գոշի, եւ Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքում», Հովհան Օձնեցու «Կանոնագիրք Հայոցում»: Հին հայերը մեղք են համարել թռչնի կամ կենդանու որսը զուգավորման եւ ձագաբերման շրջանում: Արգելված կենդանի սպանելու կամ թակարդով բռնելու համար տուգանք էր վճարվում պետական գանձարան: Եվ, ի դեպ, ռամիկից երեք անգամ ավելի շատ էր գանձվում, քան իշխանազունից: Կենդանական աշխարհի պահպանության ու զարգացման գործով մտահոգվել են մեր գրեթե բոլոր որսասեր թագավորներն ու իշխանները: Պատմահայր Մովսես Խորենացին հիշատակում է, որ Երվանդ արքան (2-րդ դար մ.թ.ա.) Բագարան անունով քաղաք է հիմնում Ախուրյան գետի ափին, «տնկում է նաեւ մեծ անտառ գետի հյուսիսային կողմում, պարիսպներով ամրացնում է եւ ներսում արգելում (փակ տարածքում բաց թողնում- Ս. Մ.) արագ այծյամների, եղնիկների ու եղջերուների ցեղեր, վարազներ, որոնք աճելով ու բազմանալով՝ անտառը լցրին, եւ դրանցով թագավորն ուրախանում էր որսի օրերին: Անտառը նա կոչում է Ծննդոց անտառ»: Հռոմեացի պատմագիր Ապպիանոսի վկայությամբ՝ «…Մեծն Տիգրանը իր մայրաքաղաք Տիգրանակերտի մերձակայքում որսորդության նպատակով հատուկ անտառներ է հիմնել, տեսակ-տեսակ կենդանիներ լցրել այնտեղ… Արգելոցի վայրի կենդանիների ծարավը հագեցնելու համար ավազաններ կառուցել»:
Որսորդության շնորհիվ երկիրը շատ թվով մարդկանց կոփում էր հայրենի հողի պաշտպանության կռիվների համար, քանի որ որսորդությունը, զվարճանքից բացի, նաեւ ռազմական ունակությունների ձեռքբերման ու դաստիարակության յուրահատուկ միջոց է եղել, որով ազնվական տների զավակները հմտացել են ժամանակի զենքերի գործածության մեջ, կոփել մարմինը, ամրացրել կամքը եւ, անհրաժեշտության դեպքում, ձեռք բերած փորձը կիրառել մարտական գործողությունների ժամանակ: Մինչեւ 17-րդ դարավերջը Հայաստանի զգալի մասը (Վայոց ձոր, Ուրծի լեռնաշղթա, Կոտայք, Արագածի հյուսիսային եւ հարավային լանջեր, Նիգ-Ապարան, Սպիտակ-Փամբակ, Շիրակ) ծածկված է եղել անտառներով ու այգիներով: Վայրենի շահագործման («վայրապար կոտորածքը ծառոց»-Ղեւոնդ Ալիշան) հետեւանքով, ցավոք, վերացան մեր երկրի մերկությունը ծածկող այդ կանաչ զգեստները, դրանց հետ փոխվեց նաեւ միկրոկլիման, վերացան անհամար վայրի կենդանիներ: Իսկ թե մեր օրերում ինչեր կատարվեցին մեր անտառների եւ, ընդհանրապես, մեր արդեն կիսաանապատային երկրի կանաչ ծածկույթի հետ՝ ականատեսն ու մասնակիցն ենք մենք բոլորս…
2010թ. փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որով խստացվում է որսագողության դեմ պայքարը: Մնում է, որ օրենքը կենսագործվի:
ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լրագրող, «Հայորսմիության» պատվավոր անդամ,
Բնության եւ հասարակության
մասին միջազգային
գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր