Խորեն Հարությունյանի համախոհների շարքերը ստվարանում են:
«Առավոտի» 2009 թվականի նոյեմբերի 12-ի՝ «Հանքերի շահագործմանը դեմ են», նոյեմբերի 14-ի՝ «Բողոքը շարունակվում է», 2010թ. փետրվարի 3-ի՝ «Բողոքը ավելի հնչեղ կլինի» հրապարակումներով անդրադարձել էինք ՀՀ Սյունիքի մարզում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ Կապան համայնքի ավագանու անդամ, «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանի նախաձեռնած բողոքի ակցիային: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանն էլ է հայտարարել, որ դեմ է ուրանի հանքերի շահագործմանը: Ուրանի հանքերի շահագործման դեմ պայքարին միացել է Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն եւ «բաց նամակով» դիմել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Նամակում ասվում է. «Մեր կազմակերպությունը անհանգստացած է տարածաշրջանում տիրող էկոլոգիական ծանր վիճակով: Մենք ուշադիր հետեւում ենք հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրականացվող բնության եւ բնական պաշարների բարբարոսաբար ոչնչացմանը: Մեր կողմից իրականացվում եւ կիրականացվեն համապատասխան գործողություններ՝ կանխելու բնությանը եւ մարդկությանը վնաս հասցնողների գործողությունները:
04.08.2009թ. Կապանի «Օրհուս» կենտրոնում տեղի ունեցավ «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի եւ ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման» նախագծի հասարակական լսում: Մենք ջանք չենք խնայի, որպեսզի չիրականանա Լեռնաձոր համայնքի տարածքում ուրանի հանքավայրի բացման ծրագիրը: Մենք ուսումնասիրելով հասարակական լսումների արդյունքում կազմված արձանագրությունը՝ եկանք այն եզրակացության, որ նորից ինչ-որ մի աղետալի բան փաթաթվում է Սյունիքի բազմաչարչար ժողովրդի վզին: Արձանագրության մեջ նշված է Լեռնաձորի համայնքապետի դրական խոսքերը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Մենք դա կարող ենք հաստատել՝ համայնքապետի իրական կարծիքը առ այսօր նախագծի վերաբերյալ կոշտ բացասական է: Ելնելով ՀՀ Սահմանադրությունից, առաջարկում ենք վերոհիշյալ պատասխանների լուծումը ստանալ հանրաքվեի միջոցով, ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում»: