Մարտի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց եւ ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Դատարանը պատգամավորի բողոքը մերժեց եւ, ըստ էության, պաշտպանեց ոստիկանապետի անգործությունը: Պատգամավորի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ասաց, որ ոստիկանապետը 4 ամիս դրսեւորել է անգործություն՝ չկայացնելով օրենքով նախատեսված որոշումներ: Խոսքը 2009թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին եւ նոյեմբերի 12-ին Երեւանում անցկացված՝ «Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների եւ ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի» բողոքի խաղաղ գործողությունների ընթացքում մասնակիցների հանդեպ ոստիկանների ապօրինությունների ու ոտնձգությունների մասին էր, ինչը հիմնավորվեց դատարան ներկայացրած տեսանյութերով եւ մասնակիցների վկայություններով: