Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազում են արհկոմին անդամակցել»

Ապրիլ 02,2010 00:00

Ասում է «Դատական ծառայողների միություն» արհեստակցական միության  նախագահ, ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կազմավորման ավագ մասնագետ Արթուր Աղամալյանը:

– Երբվանի՞ց եք գործում:

– Անցյալ տարվա հունիսի 26-ին տեղի ունեցավ Դատական ծառայողների միության հիմնադիր ժողովը: 25 արհկոմի անդամներն ինձ ընտրեցին նախագահ:

– Որքա՞ն անդամ ունեք:

– 650 անդամ՝ 20 դատարաններից:

– Ինչո՞վ է զբաղվում դատական ծառայողների արհմիությունը:

– Մենք գործում ենք կանոնադրությամբ: Յուրաքանչյուր անդամ մուծում է անդամավճար: Մեր ժողովն իրավասու է քվորումի 50%-ի դեպքում: Քանի որ տարածքային կազմակերպությունները հանրապետության բոլոր դատարաններում կան, առաջարկվում է քվորում ապահովել մասնակիցների 30%-ի դեպքում: Մենք գումարներ ենք տրամադրում դատական ծառայողների սոցիալական, մշակութային, սպորտային միջոցառումների, Ամանորի տոնակատարության կազմակերպման նպատակով: Միայն այս Ամանորին նվերներ ենք պատրաստել դատարանների աշխատողների 275 երեխաների համար: Դատական կարգադրիչներն ու դատավորները երբեմն նախանձով են վերաբերվում մեր միջոցառումներին: Մեր կանոնադրությամբ՝ կարգադրիչներն իրավունք ունեն արհկոմի անդամ դառնալու: Բացի այդ, օժանդակում ենք ծնունդների, մահվան դեպքում: Անցյալ տարի մեր աշխատողներից 2-ը վթարի ենթարկվեցին, մենք նրանց տրամադրեցինք 50 000-ական դրամ: Մահվան դեպքում ընտանիքներին տալիս ենք 100 000 դրամ: Ունենք ավանդույթ. ամուսնության դեպքում դատական ծառայողին տրամադրում ենք 30 000 դրամ, իսկ երեխայի ծննդյան դեպքում՝ 50 000 դրամ…

– ԱԺ է ներկայացվել Աշխատանքային օրենսգրքի նախագիծը, որտեղ արհմիությունների հետ կապված փոփոխություններ են եղել: Ծանո՞թ եք դրանց:

– Տեղյակ եմ, քանի որ հանդիպել եմ Հանրապետության արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահին: Ըստ այդ նախագծի, աշխատավորի շահերը, իրավունքները, արհկոմներից բացի, կարող է պաշտպանել մեկ այլ կազմակերպություն: Խանդոտ վերաբերմունք այս հարցում չունեմ:

– Պարոն Աղամալյան, դատական ծառայողին եթե ազատեն աշխատանքից, դուք մասնակցո՞ւմ եք դատական նիստերին, թե՞ կախված եք «գործատու-դատարանից»: Ունեցե՞լ եք նման դեպքեր: Մասնավորապես՝ բողոքներ, մարդկանց հավելյալ աշխատեցնելու ու չվճարելու…

– Մինչ օրս որեւէ մեկը չի դիմել մեզ: Մենք անհամբեր սպասում ենք, որպեսզի նրանց պաշտպանենք: Եթե, իհարկե, դատական դեպարտամենտի կողմից լուծում չտրվի այդ հարցին: Անցյալ տարվանից մինչ օրս որեւէ աշխատող չի մատնանշել իր իրավունքների խախտման մասին: Ի դեպ, աշխատանքի պայմանները մեզ մոտ բավարար են, կան պաշտպանված շենքեր, տեղի եւ գործիքի խնդիր աշխատողը չունի: Դատական ծառայողի աշխատավարձն է ցածր՝ մոտ 65 000 դրամ, դա էլ երկրի տնտեսական վիճակից է կախված: Պատկերացրեք, որ մեր խեղճ արհմիությունը դատական ծառայողի այդ աշխատավարձից տրվող 1% անդամավճարով է սնվում: Ամիսը ունենք 4-5 դիմում՝ նյութական օժանդակություն տրամադրելու խնդրանքով:

– Ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացնում:

– Ունենք խրախուսական ամենամյա ծրագիր՝ «Լավագույն դատական ծառայող» կոչում ենք շնորհում նրան, ով պատշաճ իրականացնում է իր պարտականությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել