Մեկ տարվա համար՝ 0,23%
ՀՀ կառավարության 1995թ. նոյեմբերի 24-ի թիվ 83 որոշման հիման վրա «Ժպիտ» ստոմատոլոգիական պոլիկլինիկա» վարձակալական ձեռնարկության արտադրական կոոպերատիվը սեփականաշնորհվեց կոլեկտիվի կողմից եւ գրանցվեց իբրեւ արտադրական կոոպերատիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչությունը 1995թ. դեկտեմբերի 28-ին թիվ 2220 գրությամբ «Ժպիտ» պոլիկլինիկայի կոլեկտիվին արեց առաջարկություն՝ 23 մլն 922 հազար 381 դրամով օբյեկտը գնելու մասին, նշելով, որ առաջարկն ընդունելու դեպքում կոլեկտիվը պարտավոր է 15-օրյա ժամկետում ներկայացնել աշխատողների ընդհանուր ժողովի որոշումը՝ տվյալ օբյեկտն առաջարկված արժեքով գնելու, ՍՊԸ ստեղծելու մասին: 5% կանխավճարը՝ 1 196 119 դրամի չափով պետք է մուծվեր ՀՀ կենտրոնական բանկ եւ ներկայացվեր անդորրագիրը:
Թե ինչ կարգով կատարվեց տարածքի բաժանումը աշխատողների միջեւ՝ հայտնի չէ: Կոոպերատիվի նախագահ Վադիկ Կույումջյանը, սկսած 1995թ. դեկտեմբերի կեսերից, յուրաքանչյուր օր կրկնում էր՝ «արագացրեք, վաուչերները մուծեք, եթե չմուծեք՝ կզրկվենք տարածքը գնելուց»: Միայն իմ վստահորդից՝ Լիդա Քոսյանից (այսուհետ՝ ինձնից-Հ.Հ.) Վ. Կույումջյանը եւ բաժնի վարիչ Արմեն Թումանյանը պահանջում էին 53 վաուչեր, որից 44-ը մի անգամ հանձնել եմ Վ. Կույումջյանի հանձնարարությամբ գործավար Սվետային, այն գրանցվել է տետրի մեջ, իսկ 9 վաուչեր անձամբ հանձնել եմ Ա. Թումանյանին: Ոչ միայն ես, այլեւ մնացած բոլոր աշխատողները վաուչերները հանձնել են գործավարին:
Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 29ա հասցեում գտնվող տարածքը մասնավորեցնելիս Կույումջյանը եւ Թումանյանը մասնակիցների բաժինը հաշվարկել են հետեւյալ կերպ՝ գումարել են աշխատողների աշխատանքային ստաժը եւ տարածքը բաժանել ստացված թվի վրա: Աշխատած մեկ տարվա հասանելիքի մակերեսը ստացվել է 1,4 քմ, այնուհետեւ այդ թիվը վերածել են տոկոսների եւ ստացել են, որ մեկ աշխատանքային տարվա համար հասնում է 0,23% փայաբաժին: Տարածքը բաժանելուց հետո ես տեսել եմ, որ իմ ստաժը ճիշտ չի հաշվարկված, այն է՝ 24 տարի 2 ամիս 16 օր հաշվելու փոխարեն, հաշվարկված է 17 տարի, այսինքն՝ 7 տարի 2 ամիս 16 օր պակաս է հաշվարկված: Ա. Թումանյանն ինձ հանգստացրեց, ասելով, թե միասին աշխատում ենք, տարբերություն չկա, եթե գա ժամանակը՝ ամեն մեկն իր բաժնեմասը վերցնի եւ առանձնանա, այն ժամանակ էլ վերահաշվարկը կկատարվի: Շարունակեցի աշխատել:
2007թ. հունիսի 29-ին դիմել եմ կոոպերատիվի նախագահին՝ կոոպերատիվի գույքից իմ մասնաբաժինը բնեղենով (անշարժ գույքի ձեւով) առանձնացնելու խնդրանքով: Ընդհանուր ժողովը բավարարեց դիմումս, տրամադրելով 25 քմ տարածք, 10 քմ-ով պակաս: 2008թ. մայիսի 7-ին ստիպված դիմում ներկայացրի դատարան՝ ընդդեմ «Ժպիտ» ստոմատոլոգիական պոլիկլինիկա» կոոպերատիվի անշարժ գույքից՝ 35 քմ մակերեսով ինձ հասանելիք բաժնեմասն առանձնացնելու պահանջով: Վ. Կույումջյանից պահանջեցի նաեւ պատճառված վնասը՝ 161 158 դրամ գումարը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Վ. Կույումջյանից բռնագանձել նշված գումարը, որը հետագայում նա հրաժարվեց տալ եւ չտվեց: Ի դեպ, հարուցվեց նաեւ քրեական գործ Վ. Կույումջյանի նկատմամբ եւ վերջնական պատիժ նշանակվեց տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:
Ի՞նչ ստացվեց. Կույումջյանը հափշտակել էր 2 800 100 դրամ, որից 500 000-ը մուծել է որպես տուգանք, իսկ 2 300 000-ը՝ վայելել: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը 2009թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ ուղարկվեցին ոստիկանության կենտրոնի քննչական բաժին՝ ըստ ենթակայության ընթացք տալու համար: Առանց որեւէ քննչական գործողություն կատարելու, 2009թ. նոյեմբերի 25-ին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում են կայացնում՝ մերժման հիմքում նշելով, որ դեռեւս 2003թ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննիչ աշխատելու ժամանակ այս գործով քննիչ Ռ. Նազարյանն իր վարույթում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում «Ժպիտի» նախկին նախագահ Վ. Կույումջյանի կողմից հիմնարկի սեփականաշնորհման ժամանակ կոոպերատիվի մյուս անդամներին խաբելու, նրանց փայաբաժինները միտումնավոր նվազեցնելու վերաբերյալ 2003թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ քրեական գործի մասը կարճել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Ըստ իմ հայտարարության, իրոք, 10-12 հոգի դիմում են գրել եւ դիմումը վերաբերել է ոչ ճիշտ սեփականաշնորհում կատարելու խնդրին: Քննիչի մոտ ցուցմունք տալու ժամանակ, քննիչի թելադրանքով, սակայն, գրվել է նաեւ Վ. Կույումջյանի կողմից էլեկտրաէներգիայի, լիցենզիայի եւ սանէպիդկայանի հափշտակությունների մասին, իսկ սեփականաշնորհման մասով քննիչն ասաց, որ այդ երեքը բավարար է Կույումջյանին դատելու համար: Առկա են քրեական գործը եւ ցուցմունքները: Քննիչը սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ բացարձակապես ոչ մի քննչական գործողություն չի կատարել եւ քրգործի մասը կարճելու մասին նրա որոշումը առնչություն չունի սեփականաշնորհման գործընթացի հետ: Քննիչը օգտագործելով դատավարական պատրվակը, կայացրել է ապօրինի որոշում: Իմ դիմումի մեջ առաջ քաշված հարցերը, այն է՝ «Ժպիտի» 611 քմ մակերեսով տարածքի սեփականաշնորհման ժամանակ Վ. Կույումջյանի եւ Ա. Թումանյանի կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու նպատակով, կեղծ փաստաթուղթ պատրաստելու վերաբերյալ նախապես համաձայնության գալու, շուրջ 104 քմ տարածքին տիրանալու գործընթացը ոչ մի կապ չունի 1997թ. հունվարից մինչեւ 2002թ. հունիս-հուլիսն ընկած ժամանակաշրջանում Վ. Կույումջյանի կողմից պոլիկլինիկայի 15 բժիշկներին պատկանող 1 470 000 դրամ գումարը խարդախությամբ հափշտակելու, պաշտոնեական դիրքը օգտագործելով կոոպերատիվին պատկանող 1 մլն դրամ գումարը հափշտակելու, խաբեությամբ 15 բժշկից լիցենզիա ստանալու պատրվակով 358 225 դրամ գումար հափշտակելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեղադրանքների հետ:
Շարունակելի