Հայաստանում հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով այդ տարածքների վերանայման եւ քարտեզագրման աշխատանքներ են ընթանում: Երեկվա ասուլիսում այս մասին ասաց բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը: Նա չբացառեց, որ կան արգելավայրեր, որոնց պահպանությունը միայն «թղթի վրա է», ապա խորհուրդ տվեց չմոռանալ, որ ապրում ենք սահմանափակ տարածքում. «Որտեղ, ի դեպ, կան նաեւ բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, միայն արգելանքի մեթոդներով հնարավոր չէ բնությունը պահպանել, պետք է գնահատվի, թե արդյո՞ք այդ արգելավայրերը իրականացնում են իրենց գործառույթները, կա՞, արդյոք, այն առանձնահատուկ կենսաբազմազանությունը, հազվագյուտ, անհետացող տեսակները, որի համար արժե սահմանափակել այդ տարածքները»:
Պարոն Աղասյանը նաեւ ասաց, որ դեռեւս նախորդ տարի պահպանվող տարածքները համալրվել են եւս 3-ով՝ «Արփի լիճ» եւ «Արեւիկ» ազգային պարկերը, Զանգեզուր պետական արգելավայրը, այս տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 75 000 հեկտար: Պարոն Աղասյանը նաեւ նկատեց, որ վերջին շրջանում պահպանվող տարածքներում արձանագրված խախտումները հիմնականում ծառահատումներ են, նաեւ որսագողության հատուկենտ դեպքեր են եղել: Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն էլ ասաց, որ արձանագրված խախտումները հիմնականում պահպանվող տարածքներից դուրս են: Հանրապետությունում կա 4 ազգային պարկ, 3 պետական արգելոց, 27 պետական արգելավայր եւ 230 բնության հուշարձան: Պահպանվող 2 նոր տարածքներում՝ «Արեւիկ» եւ «Զանգեզուր» ազգային պարկերում առաջիկայում ներդրումներ են նախատեսել: Նախատեսվում է էկոտուրիստական այց դեպի Արայի եւ Խուստուփ լեռներ: