Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՐԳ ԿԱՌՆԵՄ՝ ՎԱՂՈՒՑ ՉԵՄ ԿԵՐԵԼ»

Ապրիլ 02,2010 00:00

Հաշմանդամները չգիտեին՝ բարեգործների նվիրած 21 700 դրամով իրենց անհրաժեշտ սնո՞ւնդ, դե՞ղ, թե՞ հագուստ գնեն:

\"\"
Խցանման մի մութ սենյակում բնակվող միայնակ հաշմանդամ Արտաշես Յավրումյանը փողոցներից թուղթ, ծառի ճյուղ ու կոշիկ է փնտրում, որ վառի ու տաքանա:

\"\"
Ներքին գործերի նախկին աշխատակից Ալբերտ Մանուկյանը հաշմանդամ է դարձել աշխատանքի ժամանակ: Նա անկողնային հիվանդ է, չի տեսնում, լավ չի լսում եւ տառապում է շաքարախտով. «Երբ շտապօգնություն եմ կանչում՝ տանում են ուղիղ հիվանդանոց, բայց երբ տեսնում են, որ վճարունակ չեմ, ես էլ, կինս էլ հաշմանդամ ենք՝ ցրում են, ասում են՝ դու մեր հիվանդը չես ու անտեր-անտիրական թողնում հիվանդանոցի բակում»:

\"\"
Պատերազմի մասնակից, բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացած Հովսեփ Կույումջյանն արդեն 86 տարեկան է: 18 տարեկանի ավյունով լեցուն հաշմանդամը ցույց էր տալիս իր ձեռքի գործերն ու խնդրում, որ իրեն գոնե այս տարվա Մայիսի 9-ին հիշեն:

\"\"
Գավրոշ Նիկողոսյանն ուրախացել էր, որ Սուրբ Զատկի տոնին ձու կառնեն, կներկեն ու բոլորի նման կնշեն:

 

«Իբր կենտրոնում եմ ապրում, բայց նույնիսկ գազ չունեմ, փեջի մեջ հինումին կոշիկ, պագրիշկա, թուղթ, ծառի ճյուղ, ինչ գտնում եմ՝ վառում եմ, որ տաքանամ: Միայնակ համանդամ եմ, որ դուռը թակում եմ՝ փակ է իմ առաջ: Գազի խողովակը տանս մոտով անցնում է ու շրջանցում է մեր տունը»,- երեկ «Խորին հարգանքի տուրք» բարեգործական ծրագրի շրջանակներում կազմակերպված հաշմանդամների տուն շրջայցի ժամանակ «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Արտաշես Յավրումյանը: Նա երիտասարդ տարիքում ավտովթարի է ենթարկվել ու տեղաշարժվելու խնդիրներ ունենալու պատճառով դարձել անաշխատունակ: Արտաշեսն ապրում է իր 30 հազար դրամ թոշակի հույսին: Այդ գումարով նույնիսկ կոմունալ վճարումները չի կարողանում տալ՝ պարտքերի պատճառով մե՛կ հոսանքն են անջատում, մե՛կ աշխարհի հետ կապող իր միակ միջոցը՝ հեռախոսը:

«Խորին հարգանքի տուրք» ծրագիրն իրականացրեց «Ֆիլիպ Մորիս» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը: Ընկերությունը հանրապետության տարբեր մարզերից ու համայնքներից 360 առավել անապահով հաշմանդամների տվեց ստացական, որով նրանք կկարողանան մի շարք խանութներից ու սուպերմարկետներից 21 700 դրամի չափով գնումներ կատարել՝ իրենց ցանկությամբ: Երբ Արտաշեսին հարցրինք, թե ի՞նչ է պատրաստվում գնել այդ գումարով, սիրտը ի՞նչ է ուզում, նա սկսեց լացել. «Աչքս ինչ տեսավ՝ կառնեմ, կան ուտելիքներ, որ վաղուց նույնիսկ չեմ տեսել, ուր մնաց թե՝ կերել: Միրգ կառնեմ, միրգ շուտվանից չեմ կերել»:

73-ամյա Սրապիոն Մկրտչյանը ստացականով պատրաստվում է դեղ գնել: Նա գլխի ծանր վիրահատություն է տարել ու դարձել առաջին կարգի հաշմանդամ: Կնոջ պատմելով՝ «Սրապիոնը երիտասարդ տարիքից անաշխատունակ է: Տան միակ աշխատողը ես եմ: ԺԵԿ-ում հավաքարար եմ, ամիսը 10 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում ու թոշակի հետ մի կերպ յոլա ենք գնում»:

Գավրոշ Նիկողոսյանը, որն իր հաշմանդամ կնոջ՝ Ռիմայի հետ ապրում էր Նորքի հանրակացարանում, ոգեւորված պլանավորում էին, որ ստացած օգնության միջոցով վերջապես ձու կգնեն ու Զատիկը կնշեն. «Խոտն աճեցրել էինք՝ ձուն չէինք առել»:

Հաշմանդամներից շատերը ստացականը ստանալիս հուզվում էին ոչ թե գումարային օգնությունից, այլ՝ ուշադրությունից ու նրբանկատ վերաբերմունքից: Նրանցից մեկը՝ 87-ամյա Հովսեփ Կույումջյանը մինչեւ սրտի խորքը վիրավորված էր, որ ժամանակին ճանաչված ճարտարապետ, նկարիչ, կահույքագործ, պատերազմի մասնակից լինելով՝ իրեն նույնիսկ տարին մեկ չեն հիշում: Նրա կնոջ պատմելով՝ «Առաջ գոնե Մայիսի 9-ին հիշում էին, կանչում էին համերգների, իսկ անցյալ տարի Մայիսի 9-ին նա վաղ առավոտից պատրաստվել էր, հագնվել էր ու հեռախոսի մոտ հերթապահում էր՝ սպասելով զանգի: Այդպես էլ նրան չհիշեցին: Նա պատրաստ էր երեխայի պես լաց լինել՝ վիրավորանքից»:

Ներկայումս Հայաստանում ապրում է 162 հազար հաշմանդամ, որից 52 հազարը՝ միայն Երեւանում: Նրանցից շատերը ծեր, միայնակ մարդիկ են, որոնք հաշմանդամ են դարձել՝ պատերազմին մասնակցելու եւ մեր խաղաղությունը պահպանելու համար: Երեկ եւս մեկ անգամ հասկացանք, որ օր օրի ավելի է նվազում մեր հնարավորությունները՝ նրանց ինչպես հարկն է գնահատելու եւ շնորհակալություն հայտնելու համար, որովհետեւ, երբ «Ֆիլիպ Մորիսի» աշխատակիցները տարբեր մարզերում ու համայնքներում բաժանում էին ստացականները՝ պարզել էին, որ հաշմանդամ տարեցներից 3-ն արդեն մահացել էին: Նրանցից մեկը կյանքին հրաժեշտ էր տվել երեկ՝ այդպես էլ չստանալով այն փոքրիկ ուշադրությունը, որը կօգներ թեթեւացնել հաշմանդամ մարդու հոգսերից գոնե մեկը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել