Երեկվանից ՀՀ բնակիչները գրեթե 40%-ով ավելի են վճարելու իրենց ծախսած յուրաքանչյուր խորանարդ մետր գազի համար: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից, ռուսական «Գազպրոմի» եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված համաձայնագրերի արդյունքում, մեր երկիր մտնող ռուսական բնական գազի մատակարարման գինը բարձրացել է 16,8%-ով՝ մինչեւ 1000 խմ-ի պարագայում դառնալով $180՝ նախկին $154-ի փոխարեն: Արդյունքում՝ «ՀայՌուսգազարդը» դիմեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որի որոշմամբ ՀՀ բնակիչների, այսինքն՝ մինչեւ 1000 խմ սպառողների համար գազի սակագինը ապրիլի 1-ից բարձրացել է 37,5% -ով, դառնալով 132 հազար դրամ՝ նախկին 96 հազար դրամի փոխարեն: Ապրիլի 1-ից թանկացել են նաեւ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունները, բնական գազի բաշխման եւ տեղափոխման սակագները: Մեր կառավարության տվյալներով, եթե 4 հոգանոց ընտանիքն առաջ սպառում էր 4-5 հազար դրամի գազ, ապա այժմ գազի համար մուծելու է 2-2,5 հազար դրամ ավելի գումար: Իսկ «ՀայՌուսգազարդի» նախագահ Կարեն Կարապետյանը փետրվարի 20-ին ասել էր. «Մեր հաշվարկներով, առաջարկվող գազի գնի բարձրացումը շարքային սպառողի համար կունենա ամսական մոտ 2 հազար դրամի ազդեցություն»։ Նկատենք, սակայն, որ այդ թվերը քիչ թե շատ ընդունելի են, երբ խոսքը գնում է ամռան մասին: Այսօր, չնայած արդեն ապրիլ ամիսն է, սակայն ՀՀ շատ մարզերում մարդիկ դեռ շարունակում են ջեռուցել իրենց տները, քանի որ գարնանային ջերմություն առայժմ միայն Երեւանում է եւ Արարատյան դաշտավայրի որոշ հատվածներում, իսկ դա նշանակում է, որ լեռնային շրջանների, Շիրակի դաշտավայրի մեր բնակիչները տարվա առնվազն 6-7 ամիսը ոչ թե 2, այլ 5 եւ ավելի հազար դրամ ավելի են ծախսելու ամսական: Իսկ երեկ արդեն կառավարության նիստում վարչապետը խոստովանել է. «Տարվա համար մեր կանխատեսած մոտավորապես 7% գնաճի մեջ 1%-ը գազի գների ուղղակի եւ անուղղակի ազդեցության հետեւանքով է, եւ դա իրականում գնաճի ճնշման տեսակետից բավական բարձր ցուցանիշ է»: