2010թ. առաջին եռամսյակի տվյալները համադրելով, երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մի ինքնագոհ հաղորդագրություն էր ուղարկել լրատվամիջոցներին, որում, մասնավորապես, ասված էր. «ՊԵԿ-ի կողմից իրականացված հետեւողական եւ նպատակային վարչարարության շնորհիվ 2010թ.-ը սկսվել եւ շարունակում է ընթանալ գերակատարումներով: Հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126,7 մլրդ դրամ՝ պլանային առաջադրանքի 116,9 մլրդ դրամի փոխարեն: Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատությամբ, նույնպես աճ է արձանագրվել, որն ընդհանուր առմամբ այս տարվա առաջին եռամսյակին կազմել է ավելի քան 19%: Հատկանշականն այն է, որ սոցիալական վճարների գծով նույնպես պահպանվել է աճի տենդենցը, եւ 2010թ. առաջին եռամսյակում հավաքագրվել է շուրջ 26.2 մլրդ դրամ՝ պլանային առաջադրանքի 22.0 մլրդ դրամի փոխարեն: 2009թ. առաջին եռամսյակի համեմատությամբ սոցիալական վճարների հավաքագրման աճը կազմել է ավելի քան 21%»: Նկատենք, որ սոցվճարների հավաքագրման աճը կարող է նշանակել երկու բան՝ կամ գործազրկությունն է պակասել, ինչը, սակայն, կհակասեր վիճակագրությանը՝ պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը նախորդ տարվա համեմատությամբ գրեթե չի փոխվել, կամ՝ ստվերից դուրս է եկել «չոռնի» գումարով աշխատող, չգրանցված աշխատողների մի զգալի զանգված: