Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՍԵՎ ԲԻԾ

Ապրիլ 02,2010 00:00

Չնայած մեր տնտեսության վիճակը, ըստ վարչապետի երեկվա տվյալների՝ համարյա «հետճգնաժամային» է եղել, բայց, այդուհանդերձ, այս «մեղրի տակառում» մի գդալ «ձյութ» եղել է: Բայց ի՜նչ գդալ… «Մենք մտել ենք գնաճային բարձր մակարդակի փուլ, որը պայմանավորված է նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնողական քաղաքականությամբ՝ ընդլայնողական քաղաքականությունը մի կողմից խթանում է տնտեսական աճը, մյուս կողմից բերում է գնաճային ճնշումներ: Ե՛վ կառավարության, ե՛ւ ԿԲ-ի գերագույն խնդիրն այս ոլորտում լինելու է գնաճի ճնշումը զսպելու միջոցառումներ իրականացնել: Մարտին փետրվարի նկատմամբ մենք արձանագրել ենք 0.8% գնաճ, իսկ տարվա գնաճի ցուցանիշն ավելի բարձր է՝ 8.8%: Այսօրվա գնահատականով եւ ԿԲ-ի կանխատեսումով՝ մինչեւ տարեվերջ մեզ կհաջողվի փոքր-ինչ զսպել գնաճը եւ բնականաբար այս ցուցանիշները կնվազեն»: Նա խոսել է նաեւ բյուջեի կատարողականից. «Առաջին եռամսյակի բյուջետային կատարողականը հետեւյալն է. ծրագրված 180 մլրդ ծախսի դիմաց այս պահին կատարել ենք 167 միլիարդի ծախս, տնտեսել ենք շուրջ 13 մլրդ դրամ, ինչը դրական ազդեցություն է թողնում գնաճի զսպման վրա: Մեր ծրագրած դեֆիցիտը առաջին եռամսյակում պետք է կազմեր 32.8 մլրդ դրամ, փաստացի կազմել է 8.2 մլրդ, որը նույնպես իր զսպողական ազդեցությունը կթողնի գնաճի վրա: Բավական մեծ ճնշում կար մեր նկատմամբ, որ պետությունը վարչական ձեւերով միջամտի եւ գների բարձրացում թույլ չտա: Դա նշանակում է՝ ուղղակի սուբսիդավորել այն ճեղքվածքը, որը բացահայտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Սա աղքատության կրճատման ռազմավարության տեսակետից վատագույն տարբերակն է:

Լավագույնն այն է, որ պետությունն առաջին հերթին սուբսիդավորի անապահով խավերը: Աշխատանքային խումբը ներկայացրեց իր առաջարկությունը՝ սոցիալական նպաստները եւ թոշակները բարձրացնել 10-ական տոկոսով: Նախագահը հանձնարարեց՝ նպաստները ոչ թե 10%-ով բարձրացնել, այլ 15%-ով, ինչը չեզոքացնում է առկա գնաճի ուժեղ ճնշումը: 110 հազար ընտանիքի նպաստի 15% բարձրացումը էապես չեզոքացնում է գների բարձրացման բացասական հետեւանքները: Եթե սրան ավելացնենք թոշակների 11% աճը, որը տեղի կունենա նոյեմբեր ամսից, ապա կկարողանանք փոխհատուցել գնաճի բացասական ազդեցությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել