Կառավարության նիստում երեկ վարչապետը ավետիս է տվել. «2009թ. մեր իրականացրած հակաճգնաժամային միջոցառումներն արդեն իսկ ցույց են տալիս իրենց դրական ազդեցությունը տնտեսության վրա: Առաջին երկու ամիսների համախառն ներքին արդյունքի պաշտոնական ցուցանիշը 2.5 անգամ գերազանցում է ծրագրայինը: Դա տեղի է ունեցել հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնողական քաղաքականության ազդեցությամբ: Միեւնույն ժամանակ, պետական բյուջեի հարկային կատարողականը վկայում է, որ եռամսյակում նույնպես ունենալու ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշ, որովհետեւ գերակատարել ենք ե՛ւ հարկային, ե՛ւ սոցիալական վճարների եռամսյակի ցուցանիշները: Չափազանց կարեւոր է, որ առաջին եռամսյակում արձանագրվել է աշխատավարձի շուրջ 5,8% աճ, ինչը նույնպես վկայում է դրական դինամիկան, որովհետեւ աշխատավարձը բարձրացել է ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր հատվածում: 16% ներմուծման դիմաց շուրջ 53% աճել է արտահանումը: Այն պայմանավորված է արդյունաբերության աճի տեմպերով. լեռնահումքային արդյունաբերությունը աճել է 45%-ով, մշակող արդյունաբերությունը՝ 9%-ով, շինանյութի արտադրությունը կրկնապատկվել է: Ադամանդագործությունը եւ ոսկերչությունը աճի բարձր տեմպեր են դրսեւորել, ադամանդագործությունը 39%, ոսկերչությունը՝ 25%, դեղագործությունը՝ 16%: Թվարկված բոլոր ճյուղերը հիմնականում արտահանման ցուցանիշը բարելավող ճյուղերն են»: Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ ԱՄՀ-ն հաստատել է համագործակցության ՀՀ կառավարության հաշվետվությունը, որը նշանակում է, որ Հայաստանը կստանա ծրագրված ֆինանսական օժանդակությունը: «Այս տարի շուրջ 50 մլն դոլարի մասին է խոսքը, որ միայն ԱՄՀ-ից ենք ստանալու: Միեւնույն ժամանակ, ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, թե կառավարությունը ինչ պաշար ունի կուտակած ԿԲ-ում (այս թեմայով մամուլում քննադատություն է հնչել): Այս պահին մենք 150 մլրդ դրամից ավելի պաշար ունենք ԿԲ գանձապետական հաշիվներում: Ունենք նաեւ Կայունացման հիմնադրամ, որը նույնպես, եթե լինեն ճգնաժամից բխող բացասական անկանխատեսելի հետեւանքներ, կարող ենք ուղղել տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմանը: Այսինքն՝ 2009-ի ընթացքում մեր ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունությունը չի խաթարվել: Ավելին, մենք ԿԲ-ի մեր պաշարն ավելացրել ենք, եւ դա հույս է ներշնչում, որ 2010-ի ծրագրերը մեզ կհաջողվի գերակատարել»: