Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը 1,2 մլն է
Մարտի 29-ից Ծաղկաձորում ԱՊՀ անդամ պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) շրջանակում անցկացվեց 2012 թվականին Ռադիոկապի համաշխարհային համաժողովի եւ Ռադիոկապի ասամբլեայի նախապատրաստական աշխատանքների հարցերով աշխատանքային խմբի 5-րդ հանդիպումը: Համաշխարհային այս համաժողովը կանցկացվի Ժնեւում՝ 2012-ի հունվար-փետրվար ամիսներին: Ծաղկաձորյան հանդիպման կազմակերպիչը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: Համաշխարհային համաժողովին եւ Ռադիոկապի ասամբլեային մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր պետությունները: Սովորաբար առանձին պետությունը չի կարող ներկայացնել իր առաջարկությունները եւ համաձայնեցնել դրանք մնացած երկրների հետ: Այդ պատճառով էլ պետությունները միավորվել են, եւ ըստ իրենց տարածաշրջանների՝ հիմնել համապատասխան միություններ: Կապի տարածաշրջանային համագործակցությունը հանդիսանում է ԱՊՀ անդամ պետությունների միությունը, որի կազմում է նաեւ Հայաստանը: Երեկ լրագրողների ներկայությամբ նախատեսված էր եռօրյա հանդիպումների առաջարկների ամփոփում: Սակայն պետությունների ներկայացուցիչների կողմից հնչածը, կարելի է ասել, ոչ թե ամփոփում էր, այլ գովեստ՝ կազմակերպիչներին:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի խորհրդական, կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Ալբերտ Նալբանդյանը լրագրողներին հայտնեց, որ ԿՏՀ անդամ երկրների կազմում ներկայումս 12 երկրներ են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը եւ այլն: Տարբեր պատճառներով Ծաղկաձորում անցկացվող հանդիպմանը չէին ներկայացել Ադրբեջանը, Վրաստանը եւ Տաջիկստանը: Ա. Նալբանդյանն ասաց, որ կոնֆերանսի արդյունքում ներկայացվելու է ԿՏՀ ընդհանուր առաջարկների նախնական նախագիծ, մշակվել է 2 փաստաթուղթ:
Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վալտեր Մարությանի խոսքով՝ «Աշխարհում լուրջ խնդիրներ կան ռադիոհաճախականությունների օպտիմալ օգտագործման հարցում», եւ ըստ նրա՝ հանդիպումը նշված խնդիրները լուծելուն է միտված: «Սահմանային գոտում պետք է դնել ավելի թույլ հաճախականություն: Այդ խնդիրն այսօր էլ կա, մի փոքր մոտենում ես Թուրքիայի սահմանին, թուրքական կապն է բռնում: Կապի միջազգային խորհրդի առջեւ նաեւ այդ հարցն ենք դրել»,- «Առավոտին» ասաց փոխնախարարը: Նա նաեւ հայտնեց, որ մոտ օրերս Երեւանում կլինի համաշխարհային էլեկտրակապի գլխավոր քարտուղարը, ով կներկայացնի Հայաստանի՝ իր կողմից ամփոփված վերջին տարիների գործունեությունը: Փոխնախարարը վստահ է, որ վերջին 2 տարիների գործունեությամբ՝ Հայաստանը տարածաշրջանում եթե ոչ առաջին, ապա առաջնային տեղում է լինելու: Վ. Մարությանն ասաց, որ այժմ մեր երկրում աշխատանքներ են տարվում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան ինտերնետի ներթափանցելիությանը, նա գտնում է, որ չնայած մեր երկիրը 2008 թվականին տարածաշրջանում վերջին տեղերում էր, այժմ այդ «մասով» Հայաստանի դերը տարածաշրջանում կտրուկ բարձրացել է: Չնայած Հայաստանում ինտերնետի որակի եւ գնի հետ կապված բազմաթիվ դժգոհություններին, փոխնախարարը վստահեցնում է, որ ինտերնետի թափանցելիության եւ արագության առումով Հայաստանը խնդիր չունի, քանի որ 2008-09 թթ. մատուցվող ծառայությունների գինն իջել է մոտ 60 անգամ. «Եթե 2007-ին մենք Հայաստան ներմուծում էինք 200 մեգաբիթ արագություն եւ ունեինք մի ուղղություն, ապա այժմ ներմուծում ենք 6000 մեգաբիթ, այսինքն՝ 2 տարվա ընթացքում 30 անգամ շատ»: Նրա փոխանցմամբ՝ 2008թ. տվյալով Հայաստանում եղել է ինտերնետից օգտվող 150-200 հազար բաժանորդ, այժմ այդ թիվը 1 մլն 200 հազար է: Պարոն Մարությանը չհամաձայնեց մեր կարծիքին, թե Հայաստանում ինտերնետը թանկ է ու անորակ: Նա ասաց. «Այսօր Հայաստանում 1 մեգաբիթի վաճառքի գինը հասել է $200-ի, դա ավելի էժան է, քան Վրաստանում»: «Իրանի կողմից ունենք 2, իսկ Վրաստանից 3 մուտք, այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ ընդամենը մեկ մուտք ունեինք»,- նշում է Վ. Մարությանը եւ հավելում, որ մեր երկրում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, թե ինչպես է ինտերնետը հասնում սպառողին. «Օրինակ, եթե պետք է 1 մեգաբիթը բաժանել 5 հոգու, պրովայդերներ ունենք, որ բաժանում են 15-ի, եւ այդ մասին սպառողը տեղյակ չէ: Պետք է արագ կարգավորել այս խնդիրը, որպեսզի սպառողին հասցվի այն, ինչ պրովայդերը խոստացել է»:
ՏՏ ոլորտի որոշ մասնագետներ հաճախ են բարձրաձայնում, որ Հայաստանում անընդհատ դժվարեցվում են երկակի նշանակության, բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը, ինչն էլ խոչընդոտում է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը: Փոխնախարարը մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Իհարկե, կան նման խնդիրներ, դա փորձում ենք լուծել էկոնոմիկայի նախարարության եւ կարգավորիչի հետ: Վարչապետին կից կա խորհուրդ, որն ամիսը մեկ անգամ քննարկումներ է կատարում, նորից վերանայում կարգը»: Վ. Մարությանը նշեց, որ ծրագրերի մեծ մասը մնացել է կիսատ, որովհետեւ խանգարել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը.«Ներդրումային առումով ճգնաժամն ազդել է: Համատեղ միջգերատեսչական խորհրդի ժողովներում արդեն հարցը լուծել ենք՝ Համաշխարհային բանկից $30 միլիոնի ներմուծումով, որը պետք է ուղղվի Գյումրիի տեխնոպարկի, ցանցերի վերակառուցմանը»: